HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Աննա Գրիգորյան. «Կապան-Ճակատեն ճանապարհն այս իշխանությունը մեր բոլորի թիկունքում առանձին հուշագրով ստորագրել ու հանձնել է թշնամուն»

Ազգային ժողովի այսօրվա՝ օգոստոսի 26-ի նիստի սկզբում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն անդրադարձավ ադրբեջանցիների կողմից օգոստոսի 25-ի գիշերը Կապան-Գորիս միջպետական ճանապարհը փակելուն:

«Երեկ զինված ադրբեջանցիները փակել են Գորիս-Կապան միջպետական ճանապարհը` շրջափակման մեջ թողնելով մեր հայրենակիցներին։ Իհարկե, ռուս սահմանապահների միջամտությամբ հնարավոր է եղել դուրս բերել շրջափակումից: Ուզում եմ հիշեցնել՝ այդ միջպետական ճանապարհը, ինչպես նաև Կապան-Ճակատեն ճանապարհն այս իշխանությունը մեր բոլորի թիկունքում առանձին հուշագրով ստորագրել ու հանձնել է թշնամուն` ասելով՝ այդպես են ապահովում Սյունիքի անվտանգությունը»,-ասաց պատգամավորը:

Ընդդիմադիր պատգամավորը հետաքրքրվեց, թե արդյոք այդ տարբերակով կարողացան ապահովել Սյունիքի անվտանգությունը: Նա հիշեցրեց, որ կառավարության հնգամյա ծրագրի ամբողջ քննարկմանը իշխանությունը խաղաղության դարաշրջանից էր խոսում` ընդգծելով, որ երկիրը պարտության տարած կուսակցությունը չի կարող բերել խաղաղություն, այլ` միայն ազգային նվաստացում:

Վարման կարգով պատգամավորի խոսքից հետո նիստը նախագահող Ալեն Սիմոնյանն ասաց` շնորհակալություն, ապա խոսքը փոխանցեց մյուս զեկուցողին: Նիստին ներկա է կառավարությունն ամբողջ կազմով, սակայն այս հարցով իշխանությունից որևէ մեկը չարձագանքեց:

Հիշեցնենք, որ արդեն երրորդ օրն է՝ կառավարության հնգամյա ծրագրի քննարկումն է խորհրդարանում, որն ուղեկցվել է մի քանի ծեծկռտուքներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter