HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թշնամու թիրախում. ինչպես խոցվեց Մեղրու հրետանավորների «Ուրալը»

2020 թ. արցախա-ադրբեջանական պատերազմի 22-րդ օրը՝ հոկտեմբերի 18-ին, Մեղրու Ագարակի զորամասի ստորաբաժանումները Ջրականից (Ջաբրայիլ) նահանջում էին դեպի Իշխանաձոր։ Ճանապարհին հրետանավորների շարասյան չորս «Ուրալ»-ներից երկուսը Իշխանաձորից մոտ 3 կմ հեռավորության վրա խոցվեցին։ ԱԹՍ-ի առաջին արկն ընկավ «Ուրալներից» մեկի սկզբնամասին ու չպայթեց, հարվածից ոչ ոք չտուժեց։ Զինվորները մեքենաներից իջան և որոշ ժամանակ տարածքում սպասելուց հետո կրկին հրաման ստացան՝ նստել մեքենաներն ու շարժվել։ Շարժվելուց կարճ ժամանակ անց արդեն երկրորդ հարվածը մյուս մեքենայի թափքին էր։ «Ուրալ»-ում գտնվող 9 զինծառայողներից 4-ը զոհվեցին, մեկը ծանր վիրավորվեց, իսկ մյուսը համարվում է անհետ կորած։

Բոլոր զոհվածները ժամկետային զինծառայողներ էին, ծառայում էին Մեղրիում՝ Ագարակի զորամասում, որտեղից էլ հոկտեմբերի 3-ին տեղափոխվել էին Ջրական։ Նրանցից երկուսը՝ Արտակ Գրիգորյանը և Արգիշտի Շիրինյանը, երկու ամսվա ծառայողներ էին, պատերազմից մեկ ամիս առաջ էին դուրս եկել կարանտինից։ Հրաչյա Թադևոսյանը բանակ էր զորակոչվել 2019 թ․-ի ամռանը, Սերգեյ Երիցյանը՝ նախորդ տարվա հունվարին, իսկ անհետ կորած զինծառայող Խաչատուր Ավետիսյանը 2022-ի հունվարին պետք է վերադառնար տուն։ 

Արտակ Գրիգորյանը 2020-ին ավարտել էր Արմավիրի մարզի Դողս գյուղի դպրոցն ու միանգամից զորակոչվել բանակ։ Զորամասում վարորդ էր, մայրն ասում է, որ բոլորը որդուն «Ուրալի Արտակ» էին ասում։ Պատերազմի ընթացքում Արտակն ամեն օր զանգում էր տուն։ Վերջին անգամ խոսել է հոր հետ, որը նույնպես մասնակցում էր պատերազմին Մարտունու շրջանում, պատմել է, թե ինչպես է արկը քիչ առաջ ընկել իրենց մեքենայի վրա, ու որ իրենք հիմա դաշտում ցրված՝ սպասում են հրամանի։ 

«Ես իրեն ասեցի՝ Արտակ, հանկարծ նորից մեքենան չնստեք, մեքենաներին են խփում, ոտքով գնացեք, ինքն ինձ ասեց՝ լավ, պապ, կանչում են, պետք ա գնամ։ Էս մեր վերջին խոսակցությունն էր»,– պատմում է Սեյրան Գրիգորյանը։ Դրանից հետո նա որդու հետ այլևս չի կարողացել կապ հաստատել, մի քանի ժամ հետո իմացել է, որ մեքենան պայթեցրել են, հանձնել է զենք-զինամթերքը ու գնացել Մեղրի։

l-qMzZRzC9SO.jpg (257 KB)

Ստորաբաժանման հրամանատար Արսեն Հայրապետյանը, որ պայթյունի պահին մեքենայում է եղել, պատմում է, որ զորքին կրկին մեքենաներ նստեցնելու հրամանն իրեն տվել է վերադասը, ինքն էլ՝ զինվորներին։ Հրամանատարի խոսքով՝ ինքը և ևս երկու հոգի նստած են եղել «Ուրալի» առջևի մասում և լուրջ վիրավորում չեն ստացել։ Հարվածից հետո բռնկված հրդեհի պատճառով մյուս զինծառայողները տղաներին չեն կարողացել դուրս բերել մեքենայից, վերցրել են միայն վիրավոր զինծառայողին ու ոտքով շարունակել ճանապարհը։ Զոհվածների մարմինները դեպքի վայրից դուրս են բերվել միայն երկու ամիս անց՝ դեկտեմբերի 19-ին։

Արսեն Հայրապետյանը ստացած ցնցման հետևանքով ստույգ չի հիշում, թե երբ է դեպքը տեղի ունեցել, բայց նշում է մոտավորապես ժամը 13։00-14։00 ընկած հատվածը, ինչը, սակայն, քիչ հավանական է։ Արտակ Գրիգորյանի ծնողները պնդում են, որ դեպքը տեղի է ունեցել մոտավորապես ժամը հինգին, քանի որ հենց այդ ժամանակ է հայրը վերջին անգամ խոսել որդու հետ։

Դեպքից երկու օր անց՝ հոկտեմբերի 20-ին, ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը տարածեց տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է զինվորներին տեղափոխող մեքենան նախ՝ թիրախավորվում, ապա՝ խոցվում։ Հրամանատարի խոսքով՝ տեսանյութի «Ուրալը» եղել է իրենցը։ Քարտեզի վրա՝ Իշխանաձորից մոտ 3 կմ հեռավորության վրա, երևում են խոցված «Ուրալ» մակնիշի մեքենայի մնացորդները։ Պայթեցված մեքենայի տեղադիրքից երևում է, որ այն շարժվելիս է եղել դեպի արևմուտք (Իշխանաձոր), իսկ տեսանյութում երևացող երկար ստվերից կարելի է հասկանալ, որ արևը հարավ-արևմուտքում է։ 2020 թ․ հոկտեմբերի 18-ին ժամը 13։00-14։00-ի դրությամբ, ըստ SunCalc.org կայքի, 3 մետր բարձրություն ունեցող «Ուրալի» ստվերը ոչ ավելին է, քան 4 մետրը, մինչդեռ տեսանյութում երևացող ստվերն ակնհայտորեն ավելի երկար է, հետևաբար դեպքը տեղի է ունեցել ավելի ուշ։

Զոհվածների մեջ էր 18-ամյա Արգիշտի Շիրինյանը՝ Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղից։ Զորակոչվել էր բանակ 2020-ի օգոստոսի 5-ին։ Դեպքի մասին տղայի ծնողներն իմացել են հաջորդ օրը՝ հոկտեմբերի 19-ին, այդ օրը Արգիշտիի մայրիկի ծննդյան տարեդարձն էր, ամբողջ օրը սպասել է, որ տղան պետք է զանգի, շնորհավորի, հետո իմացել են, որ նախորդ օրը զոհվել է։ Դրանից հետո հայրը՝ Սուրիկ Շիրինյանը, գնացել Է Մեղրի, հանդիպել հրամանատարին, փորձել ճշտել դեպքի մանրամասները։ 

Հասկանալով, որ Մեղրիի զորամասից դժվար թե ստույգ տեղեկություններ ստանան, Արտակի, Արգիշտիի, Խաչատուրի և Հրաչյայի ծնողները գնացել են Արցախ՝ որոնելու որդիներին։ Երկար ժամանակ սպասել են, որպեսզի ադրբեջանական կողմից թույլտվություն ստանան Իշխանաձորի հատվածում որոնումները սկսելու։ 

Թույլտվությունը ստացել են դեպքից միայն երկու ամիս անց՝ դեկտեմբերի 19-ին։ Չնայած ծնողների ցանկությանը՝ որոնողական աշխատանքներին նրանց թույլ չեն տվել մասնակցել։ Նախանշված տարածք մտել են Արցախի ԱԻՆ որոնողական ջոկատը և հրամանատար, կապիտան Արսեն Հայրապետյանը, քանի որ վերջինս դեպքի ժամանակ եղել է մեքենայում և կարող էր ցույց տալ ստույգ տեղը։ Այդ օրը Իշխանաձորից դուրս են բերել 12 աճյուն, որից 4-ը՝ միևնույն մեքենայի շրջակայքից։ Նրանց ինքնությունները հաստատվել են երկու ամիս անց՝ փետրվարին։ Սերգեյի, Արգիշտիի, Արտակի և Հրաչյայի աճյուններից վերցված փորձանմուշները համընկել են ծնողների ԴՆԹ-ին։

Հրաչյայի աճյունը գտել են մեքենայից մոտ 70 մ հեռավորության վրա։ Ըստ վարկածի՝ տեսանյութում պայթյունի առաջին վայրկյանին մեքենայից դուրս շպրտվողը հենց Հրաչյա Թադևոսյանն էր։ Նրա քեռին՝ Մեսրոպ Մեսրոպյանը, որը մինչև պատերազմն ապրում էր Արցախում, պատմում է, որ երբ վերջապես դեկտեմբերի 19-ին կարողացան դուրս բերել աճյունները, իրենք, միևնույնն է, շարունակում էին որոնողական աշխատանքները, քանի որ աճյուններն անճանաչելի էին, և ինքնությունները դեռևս պարզված չէին։

«Ինչքան ԴՆԹ-ի պատասխանն ուշանում էր, էնքան ուրախանում էինք, հույս ունեինք, որ գոնե գերի ա, այնինչ մարմիններն էնքան շատ էին, որ հերթը ուշ էր հասնում»,- ասում է Մեսրոպը։

Հրաչյա Թադևոսյանն Արարատի մարզի Զանգակատուն գյուղից էր, նախքան բանակ զորակոչվելն ընդունվել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան և միանգամից մեկնել ծառայության։ Թեթևաքաշ լինելու պատճառով Մեղրիում Հրաչյային առաջարկել էին չբարձրանալ դիրքեր, մնալ զորամասում՝ որպես կապավոր, տղան մերժել էր առաջարկը ու շարունակել ծառայությունը որպես հրետանավոր՝ չմոռանալով ազատ ժամանակ զբաղվել սիրելի մաթեմատիկայով։ Հրաչյայի իրերում, որ զորամասից էին փոխանցել ընտանիքին, գրքեր էին, մաթեմատիկայի խնդիրների ժողովածու, տետր, քանոն, թուղթ ու գրիչ։ Հայաստանում երկու անգամ ԴՆԹ թեստ հանձնելուց հետո նրա աճյունը ընտանիքն իր միջոցներով ուղարկել էր Մոսկվա՝ հավելյալ փորձաքննության, որտեղ կրկին տղայի ինքնությունը հաստատվել էր։

Սերժանտ Սերգեյ Երիցյանի ընտանիքը նույպես կրկնակի փորձաքննություն է պահանջել։ Նախքան արդյունքները ստանալը ընտանիքը համոզված էր, որ որդին գերության մեջ է։ Ադրբեջանական կողմի տարածած տեսանյութերից մեկում երևացող զինվորը, ծնողների համոզմամբ, Սերգեյն էր։ Դիմել էին Կարմիր խաչի գրասենյակ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակ, որտեղից ընտանիքի հետ կապ էին հաստատել Սերգեյի հուղարկավորության օրը և ասել, որ հնարավոր է՝ տեսանյութի տղան Սերգեյն է։

«Ասեցի՝ Աստված տա իմ տղան լինի, բայց ես հեսա տասը րոպեից ինչ-որ մեկի երեխային կտանեմ, կհանձնեմ հողին ու էդպես էլ արեցի, ի՞նչ անեի»,- ասում է Սերգեյի մայրը։

l-SQF0wMfJZX.jpg (112 KB)

Դեկտեմբերի 19-ին աճյունները դուրս բերելուց հետո ծնողներն Արցախում են մնացել մինչև հունվարի 1-ը՝ սպասելով որոնման նոր թույլտվության։ Ամսի 1-ին ծնողներին ասել են, որ իմաստ չունի սպասել, ավելի լավ է տուն գնալ, նորության դեպքում իրենք կտեղեկացնեն։ Տուն վերադառնալուց երկու օր հետո՝ հունվարի 3-ին, կրկին կանչել են նրանց, քանի որ թույլատրվել է նորից մտնել տարածք, այս անգամ, սակայն, որոնումներն արդյունք չեն տվել։ Հաջորդ ամիս արդեն հաստատվեցին աճյունների ինքնությունները, բոլորինը՝ բացի Խաչատուր Ավետիսյանից. դուրս բերվածների մեջ նրա աճյունը չի եղել։

Խաչատուրի հայրը՝ Վարդան Ավետիսյանը, բացառում է, որ տղան զոհված լիներ և թեկուզ մի մասունք գտնել չկարողանային, անգամ զենքը։

«Բոլորին զանգեցին, ասեցին՝ հաստատվել է, ձեր երեխեն է՝ բացի ինձնից։ էս ընթացքում 500-600 դիակ եմ տեսել, իմ տղեն չկա ու չկա, միակ բանը, որ ես մտածում եմ, էն է, որ Խաչոն գերի է»,- ասում է Վարդանը։ 

Նախնական տվյալներով` Խաչատուրը նույնպես մեքենայի մեջ է եղել։ Կապիտան Արսեն Հայրապետյանը մեզ հետ զրույցում չի հաստատում, թե տեսել է Խաչատուրին մեքենա նստելիս: «Շատ խառը պահ էր, ես իրեն չեմ տեսել, որ նստի։ Հնարավոր է՝ չի նստել, փախել է այլ ուղղությամբ, հազար բան կարող է լինի»,-ասում է կապիտանը։ 

«Ես, որ հանդիպեցի հրամանատարին, ասեցի՝ նայի աչքերիս մեջ, ասա՝ ո՞ւր է իմ տղեն, դու հիմա ինձ ինչ որ ասես, ես էդ քո ասածով սաղ կյանքս պիտի ապրեմ։ Ինքը նայեց ինձ, ասեց՝ չգիտեմ, հոպար, ի՞նչ կարամ ասեմ»,- ասում է Վարդանը։

Դեպքի առնչությամբ Արգիշտիի և Արտակի ծնողները դիմում են ներկայացրել Երևան քաղաքի քննչական վարչություն։ Ծնողները կատարվածի մեջ մեղադրում են կապիտանին, որը մեզ հետ զրույցում ասաց, որ մեքենա նստեցնելն իր հրամանը չի եղել, ինքը ևս հրաման է կատարել, և իր համար նույնպես հիմա շատ ծանր իրավիճակ է։ 

Վարդան Ավետիսյանը մինչև այս պահը դիմել է տարբեր պատկան մարմինների, այդ թվում՝ Կարմիր խաչի և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, մինչ այժմ, սակայն, որևէ նորություն չկա որդուց։ Վարդանը շարունակում է փնտրել տղային՝ ամեն օր հաշվելով ամիսներն ու օրերը՝ սկսած հոկտեմբերի 18-ից, երբ Խաչատուրի հետ կապը կորավ։

 

Նկարները՝ Լիլի Պետրոսյան

Ինֆոգրաֆիկան՝ Արամ Խաչատրյան

«Հետք Մեդիա գործարան»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter