HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանն անդրադարձել է գործերի քննչական ենթակայության խնդրին և անթույլատրելի ճանաչել ՔԿ-ի ձեռք բերած ապացույցները

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մարինե Մելքոնյանի, հրապարակել է մի դատավճիռ, որով ամբաստանյալին արդարացնելով՝ անդրադարձել է իրավական համակարգում բազմիցս քննարկման առարկա դարձած մի խնդրի` գործերի քննչական ենթակայությանը։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց գործով արդարացված անձի պաշպան Լիպարիտ Սիմոնյանը։

Նշենք, որ Քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածը սահմանում է, թե քրեական օրենսգրքի ինչ հոդվածով նախատեսված արարքը որ քննչական մարմնում պետք է քննվի։ Քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետն էլ սահմանում է, որ «դատախազը մինչդատական վարույթի ընթացքում լիազորված է ցանկացած քրեական գործ վերցնել հետաքննության մարմնից և հանձնել նախաքննության մարմնին, քրեական գործը սույն օրենսգրքի 190 հոդվածով սահմանված նախաքննության մի մարմնից հանձնել նախաքննության մեկ այլ մարմնին` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու նպատակով»։

Վերը նշված նորմերը փաստաբանների մի մասն ու Դատախազությունը տարբեր կերպ են մեկնաբանում։ Մասնավորապես, դատախազությունը, հղում կատարելով Քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին, պնդում է, որ դատախազը, նախաքննության մի մարմնից որևէ գործ հանձնելով նախաքննության մեկ այլ մարմնին, գործում է իր լիազորությունների շրջանակներում, ընդ որում՝ հոդվածում օգտագործված «դատախազ» եզրույթը դատախազությունը մեկնաբանում է որպես գործով հսկողություն իրականացնող դատախազ։

Փաստաբաններն էլ հղում են կատարում Քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածին՝ պնդելով, որ այդ հոդվածում սպառիչ ցանկով նշված է, թե որ հոդվածով գործը որ մարմնում պետք է քննվի, ընդ որում «դատախազ» եզրույթը մեկնաբանում են որպես գլխավոր դատախազ։

Լիպարիտ Սիմոնյանի պաշտպանյալն ամբաստանվում էր Քրեական օրենսգրքի 267.1 հոդվածով, այսինքն՝ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և (կամ) դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը։

Այս հոդվածով նախաքննությունն, ըստ Քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի, վերապահված է Ազգային անվտանգության ծառայությանը կամ մաքսային մարմնի քննիչներին, մինչդեռ նախաքննությունն իրականացրել է Քննչական կոմիտեն։

Լիպարիտ Սիմոնյանը մեզ հետ զրույցում ասաց, որ գործի նախաքննության ընթացքում ինքը չի բարձրաձայնել այս խնդրի մասին, և երբ արդեն գործն ուղարկվել է դատարան, առաջին իսկ դատական նիստի ընթացքում միջնորդել է անթույլատրելի ճանաչել գործով ձեռք բերված ապացույցները։ Այդ ժամանակ դատախազությունը պնդել է, որ գործում առկա է գրություն, համաձայն որի՝ հսկող դատախազը Արաբկիրի քննչական բաժնին է հանձնարարել գործի քննությունը։ Դատարանը միջնորդության քննությունը հետաձգել է, սակայն, փաստորեն, դատական ակտով անդրադարձել է ներկայացված միջնորդությանն ու գործով ապացույցներն անթույլատրելի ճանաչել։

Դատական ակտով դատավոր Մարինե Մելքոնյանն անդրադարձել է Քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի և 190-րդ հոդվածներին, վերլուծել դրանց բովանդակությունը, հանգել հետևության, որ այդ հոդվածների միջև առկա չէ որևէ հակասություն։ Դատարանը նաև արձանագրել է, որ հոդվածների միջև առկա չէ մրցակցություն, այսինքն՝ չկա անհրաժեշտություն որոշելու, թե այդ նորմերից որի կարգավորումներով պետք է առաջնորդվել։

Ըստ դատարանի մեկնաբանության՝ դատախազը Քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածով քրեական գործի նախաքննությունը որևէ մարմնին հանձնելու իր լիազորությունն իրականացնելիս պետք է առաջնորդվի 190-րդ հոդվածի կարգավորումներով։ Այսինքն՝ տվյալ դեպքում գործը կարող էր քննել կամ Ազգային անվտանգության ծառայությունը կամ Մաքսային մարմինների քննիչները, բայց ոչ քննչական կոմիտեն, քանի որ Քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածով՝ թմրանյութերի կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգության վերաբերյալ գործը ենթարկա չէ Քննչական կոմիտեում քննության։

Նշենք, որ գործերի քննչական ենթակայության խնդիրը մեծ քննարկման առարկա է դարձել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանի գործերով, որոնց պաշտպաները պնդում էին, թե նրանց գործերը քննվել են քննչական մարմինների կողմից, որոնք չեն ունեցել դրանք քննելու լիազորություն։

Ավելի վաղ գործերի քննչական ենթակայության խնդրի վերաբերյալ նմանատիպ մեկ այլ որոշում կայացրել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter