HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Շինարարությունն աճել է, բայց չի վերադարձել նախաքովիդյան վիճակին

2020 թվականին գրանցված անկումից հետո այս տարի պետական բյուջեի և բնակչության միջոցներով իրականացվող շինարարությունն ավելանում է, կազմակերպությունների շինարարությունը՝ կրճատվում։

Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) տվյալներով՝ 2021 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում ընթացիկ գներով 125.6 մլրդ դրամի շինարարություն է կատարվել։ Համադրելի գներով համեմատած 2020 թվականի առաջին կիսամյակի նկատմամբ` շինարարության ծավալները 10.8%-ով աճել են։ Իր հերթին 2020 թվականի առաջին կիսամյակում գրանցվել էր 23.4% անկում։

Փորձենք հասկանալ, թե ինչպես և ինչի հաշվին է գրանցվել շինարարության աճն այս տարի։

Այսպես, 2020 թվականին շինարարությունը տնտեսության ամենամեծ հարված կրած ոլորտներից էր։ 2019 թվականի համեմատ շինարարության ծավալները կրճատվել են 9.5%-ով։ Շինարարությունը Հայաստանի տնտեսության մեջ, այսինքն՝ ՀՆԱ-ի կառուցվածքում, 7% է զբաղեցրել։

2020-ի առաջին երկու ամիսներին, 2019-ի նույն ամիսների համեմատ, շինարարությունը աճի միտումներ է գրանցել։ Սակայն մարտից և հատկապես ապրիլ ամսից խորը անկման մեջ է հայտնվել։ Նոր թափանցած համավարակն ու տնտեսական սահմանափակումները շինարարներին ստիպեցին ժամանակավոր դադարեցնել աշխատանքները։ Եվ այդպես մինչև սեպտեմբեր ամիսը անկում է գրանցվել: Այնուհետև բացառությամբ դեկտեմբերի, թույլ աճ է արձանագրվել, որը շարունակվել է նաև այս տարվա հունվար-փետրվարին։

Արդեն այս տարվա մարտ-ապրիլ ամիսներին առաջին հայացքից «տպավորիչ» աճ է գրանցվում։ Սա, ինչպես բազմիցս առիթ ենք ունեցել նշելու, բազային էֆեկտի արդյունքն էր՝ նախորդ տարվա նույն ամիսներին գրանցված խորը անկման համեմատ այս տարի տեսանելի աճ է երևում։ Արդեն մայսին ու հունիսին այդ «տպավորիչ» աճն էլ վերացավ։ 2021թ.  հունիսին, 2020 թվականի հունիսի համեմատ, շինարարության ծավալներն աճել են ընդամենը 1.3%-ով։ 

Հաշվի առնելով, որ նախորդ տարվա այս ամիսներիին շինարարությունը դեռևս մեծ տեմպերով անկում էր ապրում, այս տարվա նույն ամիսների թույլ աճը վկայում է, որ ոլորտը դեռևս չի վերկանագնվել և հեռու է նախաքովիդյան վիճակից։

Այս տարվա հունվար-հունիսին կատարված շինարարության մեջ ամենամեծ տեսակարար կշիռն ունեն կազմակերպությունները։ Խոսքը հիմնականում կառուցապատողների մասին է, որոնք ակտիվ շինարարություն են իրականացնում հատկապես մայրաքաղաք Երևանում, սակայն այստեղ էլ բացասական միտումներ կան։

Կազմակերպությունների կողմից կատարված շինարարությունը այս տարվա հունվար-հունիսին ընթացիկ գներով կազմել է 51.3 մլրդ դրամ։ Դա կազմել է հանրապետությունում իրականացված շինարարության 40.9%-ը։ 2020 թվականի նույն ամիսների համեմատ կազմակերպությունների շինարարության ծավալները կրճատվել են 11.3%-ով։ Շեշտենք, որ 2020-ի առաջին  կիսամյակում էլ, 2019-ի նույն կիսամյակի համեմատ, կազմակերպությունների կողմից իրկանացվող շինարարությունն արդեն իսկ նվազել էր 18.3%-ով։

Այստեղ ևս մեկ կարևոր ցուցանիշ է պետք առանձնացրել։ Առաջին կիասմյակում օտարերկրյա ներդրողների միջոցներով Հայաստանում ընդամենը մոտ 7 մլրդ դրամի շինարարություն է իրականացվել (սա ներառված է կազմակերպությունների կողմից իրականացվող շինարարության մեջ)։ Հատկանշական է, որ նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ այն կրճատվել է 31.8%-ով։ Սա ուղղակիորեն խոսում է այն մասին, որ օտարերկրյա ներդրումները Հայաստանում ոչ միայն չեն ակտիվանում, այլև՝ գնալով ավելի են պակասում։ Մինչդեռ, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մի քանի առիթներով ընդգծել է, որ «ներդրումները հորդում են»։ Օտարերկրյա ներդրումների կիսամյակային ցուցանիշները դեռևս չեն հրապարակվել։

Կազմակերպությունների կողմից իրականացվող շինարարության վրա առաջիկայում կարող են էական ազդեցություն ունենալ եկամտային հարկի վերադարձի ծրագրի սպասվող փոփոխությունները։ Թեև կառավարության հաստատած նախագիծը դեռևս չի քննարկվել Ազգային ժողովում, սակայն ակնհայտ է, որ իշխանությունները մտադիր են սահմանափակել այս ծրագրի շրջանակները՝ աստիճանաբար մինչև 2025 թվականը դադարեցնելով հիպոթեքային վարկին ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագիրը։ Կառուցապատողները հայտարարում են, որ դա մեծ հարված կլինի իրենց բիզնեսի համար։ Հետևաբար այն բացասաբար կազդի նաև շինարարության ծավալների վրա։ Իսկ սահմանափակումների հեղինակները պնդում են, որ արդյունքում կաշխուժանա շինարարությունը մարզերում։

Այս անգամ աճ կա պետական բյուջեի հաշվին իրականացվող շինարարության գծով։ Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում պետական բյուջեի հաշվին իրականացվել է 36.3  մլրդ դրամի շինարարություն՝ նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատ աճելով 43.8%-ով։ 2020-ի առաջին կիսամյակում գրանցվել էր 22.3% անկում։ 

Բյուջեի միջոցներով կատարվող շինարարությունը հանրապետություն ամբողջ շինարարության 28.9% է կազմել։ Բյուջեի հաշվին շինարարությունը հիմնականում կապիտալ ծախսերի գծով է, որով բարեկարգվում են փողոցներ, կառուցվում կամ վերանորոգվում են կրթական, առողջապահական հաստատություններ և այլն։ Գրանցված աճը շատ ավելի մեծ կլիներ և տնտեսության վրա էական դրական ազդեցություն կունենար, եթե պետությունը ունակ լիներ կապիտալ ծախսերը կատարել այնքան, որքան պլանավորվել էր բյուջեի մասին օրենքն ընդունելիս։ 

Ինչպես ավելի վաղ գրել ենք, չնայած բյուջեի հարկային եկամուտները աճում են, բայց կառավարությունը թերանում է ծախսերում։

Պաշտոնական տվյալներով՝ այս տարվա առաջին վեց ամիսներին հանրապետությունում իրականացված շինարարության  27.4%-ն էլ բնակչությունն է ապահովել։ Բնակչության միջոցներով կատարված շինարարության ծավալները կազմել են 34.5 մլրդ դրամ՝ աճելով 17.9%-ով։ 

Շինարարության մնացած փոքր հատվածը՝ 2.8%-ը, ապահովվել է մարդասիրական օգնության և համայանքների միջոցներով։

Այսպիսով, այս տարվա առաջին կիսամյակում շինարարությունն աճել է 10.8%-ով՝ նախորդ տարվա նույն կիասմյակի 23.4% անկման դիմաց։ Այս դինամիկան ցույց է տալիս, որ չնայած գրանցված աճին՝ ոլորտը դեռևս չի վերադարձել համավարակից առաջ եղած վիճակին։ Այս տարի գրանցված աճն ապահովվել է պետբյուջեի ու բնակչության միջոցներով կատարվող շինարարության հաշվին, իսկ կազմակերպությունները զսպող ազդեցություն են ունեցել։ 

Շինարարության 50.4%-ը Երևանին է բաժին ընկնում

Գաղտնիք չէ, որ Հայաստանի տնտեսությունը գերկենտրոնացված է Երևանում։ Շինարարության ոլորտը ևս բացառություն չէ։ 2021 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում 125.6 մլրդ դրամի շինարարության 50.4%-ը կամ 63.4 մլրդ դրամը կատարվել է մայրաքաղաքում։ Այն 11.6%-ով նվազել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ։

Մարզերից համեմատաբար մեծ կշիռ ունեն Կոտայքը (9.1%), Արարատն (8.3%) ու Արմավիրը (8.7%)։ Կոտայքում և Արմավիրում շինարարության ծավալները առաջին կիսամյակում կիսով չափ աճել են, իսկ Արմավիրում՝ 2.6 անգամ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter