HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախկին պատգամավորի դուստրն ուզում է շահագործել Քարաբերդի ոսկու հանքավայրի արևելյան և արևմտյան թևերը

Այս տարվա հունվարի 12-ին հիմնադրված «Կարա-մայնինգ» ՍՊԸ-ն որոշել է ուսումնասիրել Լոռու մարզի Քարաբերդի ոսկու հանքավայրի կենտրոնական տեղամասի արևելյան և արևմտյան թևերը՝ պաշարները գնահատելու և հետագա շահագործման նպատակով։

Արևելյան տեղամասը, որն առավել հայտնի է Ամպակի տեղամաս անվամբ, գտնվում է Քարաբերդի ոսկու բուն հանքավայրից 1 կմ դեպի հարավ-արևելք։

Արևմտյան թևը գտնվում է բուն հանքավայրից արևմուտք՝ 100-150 մ հեռավորության վրա և ձգվում է դեպի հյուսիս-արևմուտք՝ մոտ 1800-2000 մետր։

Երկրաբանահետախուզական աշխատանքների տարածքն ընդգրկում է 203 հա տարածք։ Ըստ նախագծի՝ դրանք հիմնականում բուսազուրկ, անօգտագործելի տարածքներ և արոտավայրեր են։

Հանքաքարից մետաղների պարունակությունը պարզելու նպատակով նախատեսվում է կատարել նաև լաբորատոր տեխնոլոգիական ուսումնասիրություններ։

Նախկին պատգամավորն ու ընտանիքը հետաքրքրված են մետաղական հանքերով

«Կարա-մայնինգ» ՍՊԸ-ի սեփականատերը, համաձայն ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Ալեքսան Պողոսյանի դուստր Լիլիթ Պողոսյանն է։ Վերջինս նաև ընկերության տնօրենն է, իրական սեփականատերերի հայտարարագրում նա որպես աշխատավայր նշել է Սևանի բժշկական կենտրոնը, որտեղ որպես հաշվապահ է աշխատում, համատեղությամբ նաև «Լուսաջուր վենչրզ ինվեստ» ՍՊԸ-ն է նշել։

«Լուսաջուր վենչրզ ինվեստ» ընկերությունը, հիշեցնենք, ուզում էր նաև Լոռու մարզի Հանքաձորի պղնձի և ոսկու հանքավայրում ուսումնասիրություններ սկսել։ Սակայն ազդակիր 5 hամայնք՝ Մարգահովիտը, Վահագնաձորը, Վահագնին, Դեբեդը և Եղեգնուտը դեմ էր։

«Լուսաջուր վենչրզ ինվեստ» ընկերությունը Հայաստանում հիմնադրվել է 2018թ. ապրիլի 20-ին: Հայաստանյան ընկերության գտնվելու վայրը, համաձայն ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների, Սևան քաղաքն է` Նալբանդյան 19 հասցեն: Այս նույն հասցեում գրանցված են ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Ալեքսան Պողոսյանն իր ընտանիքի անդամների հետ: «Լուսաջուր վենչրզ ինվեստ» ընկերության տնօրենն էլ Ալեքսան Պողոսյանի որդին է՝ Մհեր Պողոսյանը։

«Լուսաջուր վենչրզ ինվեստ» ընկերության միակ բաժնետերը չեխական «Միներալ վենչրզ ինվեստ» ՍՊԸ-ն է, որը գրանցվել է հայաստանյան «Լուսաջուր վենչրզ ինվեստ» ընկերությունից ընդամենը 10 օր առաջ` 2018թ. ապրիլի 10-ին:

Համաձայն Չեխիայի ընկերությունների գրանցման ռեգիստրի` «Միներալ վենչրզ ինվեստ»-ում 50/50 բաժնեմասով չեխական երկու այլ ընկերություն է բաժնետեր` Zlato a.s. և Gabison Invest, s.r.o.: Այս ընկերություններին արդեն անդրադարձել ենք նախորդ հրապարակմամբ։

Մհեր Պողոսյանն այս տարվա մարտից դարձել է «Ասսաթ» ՍՊԸ-ի տնօրեն, որին պատկանում է Քարաբերդի ոսկու հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը։ Իսկ «Ասսաթ» ՍՊԸ-ի սեփականատեր Արամ Օսիկյանն իր բաժնեմասը 2020թ․ դեկտեմբերին փոխանցել է չեխական «ՄՎԻ Իրլանդ» ՍՊԸ-ին։ «ՄՎԻ Իրլանդ» ՍՊԸ-ի բաժնետերը նույնպես «Միներալ վենչրզ ինվեստ» ՍՊԸ-ն է։

Այսպիսով, այժմ Քարաբերդի ոսկու հանքավայրի շահագործումն իրականացվում է Մհեր Պողոսյանի ղեկավարությամբ։

Համայնքը դեմ է 

Քարաբերդի համայնքապետ Յուրիկ Շավելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց համայնքը դեմ է նոր հանքավայրերի բացմանը կամ նախորդի ընդլայնմանը։

«Ամբողջ բնությունն այդտեղ ավերվում է։ Հանրային լսումների ժամանակ ժողովրդի պահանջը եղել է այն, որ ստորգետնյա փակ հանք լինի, բայց իրենք հիմա բաց հանք են շահագործում, եթե այնտեղ գնան, նույնն էլ այնտեղ պիտի անեն, դրա համար ժողովուրդը դեմ է։ Հետո՝ մենք այդքան տարածք չունենք։ Եթե արևելյան և արևմտյան տեղամասերում գործ անեն, արոտավայր ու խոտհարքի տարածքներ չեն մնա, ջրերին էլ վնաս կբերեն»,- ասաց Յուրիկ Շավելյանը։

Լիլիթ Պողոսյանի հետ մեր հեռախոսազրույցը շատ կարճ տևեց։ Մեր դիտարկմանը, թե ինչպես են պատրաստում շահագործել Քարաբերդի հանքավայրի արևելյան և արևմտյան տեղամասը, եթե համայնքի բնակիչները դեմ են, նա ասաց. «Սեպտեմբերին նշանակված են հանրային լսումներ, էդ ժամանակ կքննարկենք, կլսենք իրենց կարծիքներն ու պահանջները, ըստ դրա կորոշենք՝ ինչ անել»։

Մեր հարցին՝ եթե, այդուհանդերձ, շահագործելու լինեն, բաց, թե փակ եղանակով են մտադիր շահագործելու հանքավայրը, Լիլիթ Պողոսյանը պատասխանեց․ «Իհարկե ունենք նախնական տեսլական, բայց քննարկումների արդյունքում դրանք կշտկվեն, ինչ-որ ձևով կարող է փոփոխվեն»: Տիկին Պողոսյանը ընդհատեց մեր զրույցը՝ նշելով, որ տեղը հարմար չէ։ Առաջարկեցինք հարմար ժամ ասել՝ զրուցելու համար, ասաց, որ ամեն ինչի մասին պատրաստ կլինեն խոսել միայն հանրային լսումներից հետո։

Սեպտեմբերի 8-ին Քարաբերդի համայնքապետարանում նախատեսված են 2-րդ հանրային լսումները:

Յուրիկ Շավելյանից հետաքրքրվեցինք, թե շուրջ մեկ տարի աշխատելու ընթացքում ինչ ծրագիր է իրականացրել հանքարդյունահանողը, գյուղապետը պատասխանեց, որ գերեզմանն են ուզում ցանկապատել։ Արդեն մետաղյա ցանցն ու խողովակները գնել են, սպասում են ցեմենտ-ավազին, որ սկսեն գործընթացը։ Այլ սոցիալական ծրագիր առայժմ չեն իրականացրել։

Լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի

Կարդացեք նաև՝ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter