HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Լրագրողները պնդում են՝ ԱԺ-ում իրենց տեղաշարժի սահմանափակումները պետք է չեղարկվեն

Խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց ԱԺ-ում լրագրողների տեղաշարժի սահմանափակման հարցը: Քննարկումը նախաձեռնել էր հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը: Հանդիպմանը ներկա էին խորհրդարանում հավատարմագրված լրագրողներ, լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներ, խմբագիրներ:

Հանդիպման սկզբում Թովմասյանն ասաց՝ նպատակը լրագրողական հանրության ձայնը լսելի դարձնելն է, քանի որ լրագրողների գործոնեությանը վերաբերող փոփոխություններ են կատարվել, իսկ լրագրողներն այդ մասին տեղյակ չեն եղել, հետեւաբար հնարավորություն չեն ունեցել որևէ առաջարկ, դիտողություն անելու: Խոսելով ԱԺ խորհրդի ընդունած որոշման մասին` Թովմասյանն ընդգծեց՝ ընդունելի չէ այն, որ լրագրողը պետք է հավատարմագրվի, որպեսզի ԱԺ այգում մասնագիտական գործունեություն իրականացնի:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն ԱԺ-ում լրագրողների մասնագիտական օրինական գործունեության խոչընդոտման դեպքերի առթիվ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազություն և հետամուտ է լինելու քրեական գործի հարուցմանը: Վերջինս դիմել է նաև Վարչական դատարան՝ վիճարկելու ԱԺ անվտանգությունը պահպանող ՊՊԾ աշխատակիցներին տեսանկարահանելու՝ խորհրդարանի ղեկավարության սահմանած արգելքը:

Չնայած ի սկզբանե հայտարարվել էր, թե հանդիպմանը ներկա են լինելու նաև ԱԺ ղեկավարությունից, սակայն որևէ մեկը ներկա չէր: Հանդիպումը նախաձեռնողը Թագուհի Թովմասյանն այստեղ միտում տեսավ՝ պնդելով, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, նախապես իմանալով այս հանդիպման մասին, այսօր անհետ կորած զինծառայողների ծնողների հետ դռնփակ հանդիպում է նախաձեռնել, որպեսզի լրագրողների ձայնը կրկին լսելի չլինի:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, նախկին լրագրող Արեգնազ Մանուկյանն ասաց, որ արդեն խոսակցություններ կան, թե իշխանությունը փորձելու է ընդդիմադիր պատգամավորներին արգելել հեռախոս տանել նիստերի դահլիճ, որպեսզի միջադեպերի ժամանակ չկարողանան արձանագրել, թե ով է ում հայհոյում, ով՝ հարվածում: Պատգամավորի խոսքով՝ վերջին ծեծկռտուքի ժամանակ իշխանական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, տեսնելով իր տեսանկարահանումը, հարցրել է՝ նա լրագրող է, թե՞ պատգամավոր:

«Ես էլ ուզում եմ իրեն հարցնել՝ ձեր գործընկերներին հարցրե՞լ եք՝ պատգամավոր են, թե՞ մարդ ծեծող խուլիգան, որ հարձակվում են ընդդիմադիրների վրա ու ուզում են, որ դա չֆիքսվի: Ես առաջին միջադեպի ժամանակ չեմ նկարել, չէի մտածում, որ կարող են ուղիղ հեռարձակումն անջատել, բայց երբ հասկացա, որ ուղիղ եթերն անջատել են, լրագրողներին էլ` օթյակից հեռացրել, նկարահանեցի՝ այդ թվում լրագրողների խնդրանքով»,-ասաց պատգամավորը:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տնօրեն Շուշան Դոյդոյանն աննախադեպ որակեց ուղիղ հեռարձակման անջատումը` ասելով, որ այն իրականացվել է ԱԺ նախագահի կամայական որոշմամբ: Նա պնդեց՝ պետք է որոշ առաջարկներ ներկայացնել ԱԺ ղեկավարությանը՝ ցույց տալու համար, որ լրագրողական հանրույթը պատրաստ է բարեփոխումների:

Դոյդոյանը կարևորեց խորհրդարանում հավատարմագրվելու համար լրատվամիջոցների՝ էթիկայի վարքականոններ ունենալը, որպեսզի յուրաքանչյուր ԶԼՄ շարադրի այն հիմնական սկզբունքները, որով առաջնորդվում է իր խմբագրակազմը:

Ըստ այդ առաջարկների՝ Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողը պետք է իրավունք ունենա իր մասնագիտական գործունեությունն ազատորեն իրականացնել խորհրդարանի ամբողջ տարածքում աշխատանքային բոլոր օրերին, նաև օթյակում՝ ինչպես ԱԺ լիագումար նիստի, այնպես էլ ընդմիջման ընթացքում։ Պետք է ապահովվի ԱԺ նիստի ուղիղ հեռարձակման անընդհատությունը։ 

Երկար քննարկումներից հետո Թագուհի Թովմասյանն ամփոփեց քննարկումը՝ ընդգծելով, որ պետք է չեղարկվեն բոլոր սահմանափակումները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter