Հադրութցիները, քարվաճառցիներն ու շուշեցիները Կառավարությունից պահանջում են լուծել իրենց կացարանի հարցը (լուսանկարներ)
Այսօր՝ սեպտեմբերի 9-ի առավոտից Արցախյան երկրորդ պատերազմից հետո ադրբեջանի վերահսկողության տակ անցած Հադրութի, Քարվաժառի, Շուշիի տեղահանված բնակիչները, որնոք ժամանակավոր բնակություն են հաստատել Հայաստանում հավաքվել էին Կառավարության շենքի առջև։ Նրանք պահանջում էին, որ Կառավարությունն իրենց ապահովի բնակարանով, կամ հողատարածքով, որի վրա կարող են տուն կառուցել։
Սվետլանա Աբրահամյանը Շահումյանի շրջանում վերաբնակեցվածներից է։ Նրա ընտանիքը Երևանի Թումանյան փողոցից Քարվաճառ է տեղափոխվել 2004 թվականին։ Ասում է՝ այդ տարիներին այնտեղ աշխատանքով ապահովել են, ընտանիքն էլ որոշել է տեղափոխվել։ Սվետլանան ռուսաց լեզվի ուսուցչուհի է, որդին՝ զինվորական։ Վաճառել են Երևանի իրենց տունն ու Քարվաճառում տուն գնել, հիմա վարձով են բնակվում։ Նրա խոսքով՝ իր համար հայրենի քաղաք վերադառնալն ու տուն չունենալը ցավալի է։
«Մենք չգիտեինք, որ էսպես պետք է լինի, որոշել էինք, որ միշտ այնտեղ ենք ապրելու, հետո ինչ, որ ծնունդով Քարվաճառից չենք, մենք արդեն էնտեղին սովորել էինք, մեր հետագա կյանքն ու պլանները կապում էինք Քարվաճառի հետ»,- ասում է նա։
Մինչ պատերազմը, նա դասավանդում էր Շահումյանի շրջանի Բրաջուր գյուղի դպրոցում։
Գայանե Հարությունյանն ու Հարություն Քոչարյանը 11 տարի Քարվաճառում են ապրել, ամուսինները մասնակցել են Արցախյան առաջին ու երկրորդ պատերազմներին։ Երկուսի ժամանակ էլ Գայանեն վիրավորվել է։ Այս անգամ նստատեղի շրջանում բեկորային վնասվածք և կոնտուզիա է ստացել։ Առաջին պատերազմում Գայանեն մասնակի կորցրել էր տեսողությունը։
Գայանեն պատմում է, որ հիվանդանոցից դուրս գրվելիս, երբ ասել են, որ 5 օր ժամանակ ունեն, որ գնան իրերը հավաքեն, գնացել ու տունը թալանված են գտել։
Նրանք հիմա ապրում են Գայանեի քրոջ հանրակացարանային սենյակում։
Քարվաճառցիների կողքին հավաքված էին հադրութցիները, նրանք 15 օր առաջ նամակով դիմել էին Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ խնդրելով լուծել իրենց կացարանի հարցը։ Սակայն, նրանց խոսքով, ոչ մի պատշաճ արձագանք չեն ստացել, ակցիայի կազմակերպիչներից Արթուր Ստեփանյանը իր ելույթում նշեց, որ պատերազմից հետո Հադրութի շրջանից արտագաղթել է մոտ 2500 բնակիչ։
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել