HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Կենտրոնական բանկը բարձրացրել է տնտեսական աճի կանխատեսման ցուցանիշը՝ 4.6%-ից դարձնելով 5.4%

Կենտրոնական բանկը ավելի դրական սպասելիքներ ունի ծառայությունների և գյուղատնտեսության ոլորտից, փոխարենը վատատես է դարձել արդյունաբերության ու շինարարության ոլորտների վերաբերյալ կանխատեսումներում։

Կենտրոնական բանկը (ՀՀ ԿԲ) կանխատեսում է, որ 2021 թվականին Հայաստանի տնտեսական աճը կկազմի 5.4%: Հունիսին գլխավոր դրամատունը կանխատեսում էր 4.6% աճ: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, ավելի բարձր աճի կանխատեսումների համար հիմք են հանդիսացել ծառայությունների, ինչպես նաև՝ գյուղատնտեսության ոլորտներում կանխատեսվող ավելի բարձր աճերը:

Մասնավոր սպառումը ուղղվում է ծառայությունների ոլորտ, որն էլ իր հերթին նպաստում է տնտեսական աճին։ Եթե նախկին վերլուծության համաձայն ծառայությունների ոլորտում սպասվում էր 6.1% աճ, ապա նոր կանխատեսումներով՝ 8.1%: Գյուղատնտեսության ոլորտում 2.3% տնտեսական աճը բարձրացվել է 4.2%-ի։

Փոխարենը, ինչպես կարելի էր հասկանալ ասուլիսի ընթացքում ԿԲ-ի ներկայացրած ինֆոգրաֆիկաներից, վատթարացել են արդյունաբերության և շինարարության վերաբերյալ կանխատեսումները: Արդյունաբերության ծավալների նախկինում սպասվող 4.5% աճի փոխարեն ներկայում կանխատեսվում է 2.5% աճ: Շինարարության ոլորտում՝ 6% անկում՝ նախկինում սպասվող 0.2% անկման փոխարեն։

«Այն մասնավոր ներդրումները, որ պետք է գնային շինարարության ոլորտ, չեն գնացել»,- նշեց Մարտին Գալստյանը։

Կառավարության առաջիկա հինգ տարվա ծրագրով՝ տարեկան կանխատեսվում է առնվազն 7% տնտեսական աճ։ 

Աճի կանխատեսման հարցում ամենալավատեսը շարունակում է մնալ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ով այս տարվա համար երկնիշ տնտեսական աճ է կանխատեսում։ 

Գնաճը ստիպել է ԿԲ-ին ևս 0.25 տոկոսային կետով բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

Հայաստանի գործընկեր երկրներում, որտեղից հայկական շուկա ապրանքներ են ներմուծվում, պահպանվում է գնաճի բարձր մակարդակը։ Արտաքին աշխարհից եկող ազդակները ԿԲ-ին հիմք են տվել կանխատեսելու, որ բարձր գնաճը կշարունակվի նաև Հայաստանում։ Գլխավոր դրամատունն այսօր ևս 0.25 տոկոսային կետով բարձրացրել է վերաֆինանսավորման տոկսադրույքը՝ այն սահմանելով 7.25%:

«Վերջին ամիսներին գնաճի կարճաժամկետ արագացումը հիմնականում պայմանավորված է սեզոնային պարենային ապրանքների գների աճով, իսկ բնականոն գնաճը ձևավորվել է սպասվածից ավելի ցածր մակարդակում: Մյուս կողմից, թե՛ արտաքին հատվածից, թե՛ ներքին տնտեսությունից շարունակում են պահպանվել հիմնականում գնաճային ազդեցություններ, ուստի ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է համարում բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը»,- հայտարարեց ԿԲ նախագահը։

Հիշեցնենք՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքն այն տոկոսն է, որով Կենտրոնական բանկը վարկեր է տրամադրում գործող առևտրային բանկերին: Կենտրոնական բանկը բարձրացնում է տոկոսադրույքը, երբ երկրում գնաճային ռիսկեր են գրանցվում: Ենթադրվում է, որ տոկոսադրույքների բարձրացումը կարող է հանգեցնել բանկերի կողմից քաղաքացիներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների բարձրացմանը, որն էլ իր հերթին կզսպի վարկերի նկատմամբ պահանջարկն ու բնակչության սպառումը: Եվ սպառման թուլացումը կնպաստի գնաճի թուլացմանը: Սակայն, այս գործիքը միանգամից չի ազդում, դրա համար մի քանի ամիս ժամանակ է պահանջվում:

Ինչպես օգոստոսի սկզբին, այնպես էլ հիմա Կենտրոնական բանկը կանխատեսում է, որ այս տարի Հայաստանում գրանցվող բարձր գնաճը շարունակվի մինչև տարեվերջ: 2022 թվականի սկզբից այն աստիճանաբար կթուլանա ու կհասնի ԿԲ-ի նախանշած թիրախին՝ 4%-ին:

Վիճակագրական կոմիտեի վերջին տվյալներով՝ 2021 թվականի օգոստոսին նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ սպառողական ապրանքների ու ծառայությունների 8.8% գնաճ է գրանցվել։ Օգոստոսին գրանցված  12-ամսյա գնաճն ամենաբարձրն է ոչ միայն այս տարվա, այլև նախորդող առնվազն հինգ տարվա ընթացքում։

​​Տարվա առաջին ութ ամսվա կտրվածքով՝ 2021 թվականի հունվար-օգոստոսին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, միջին գնաճը կազմել է 6.4%։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter