HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Խաղողի մթերումը շուտով կավարտվի, բայց բերքի զգալի մասը դեռ վազերի վրա է

Երևանի կոնյակի գործարանն, ըստ նախատեսված ժամանակացույցի, Արարատյան դաշտավայրում խաղողի մթերման աշխատանքները կավարտի այս շաբաթ, իսկ Տավուշի մարզում՝ հոկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում։ Թեև գործարանը մթերում է բոլոր այն խաղողագործների բերքը, ում հետ պայմանագիր է կնքել, սակայն Արմավիրի մարզի խաղողագործների զգալի մասը խաղողը դեռ չի քաղել, քանի որ չգիտեն՝ ում հանձնեն:

Արմավիրի մարզում տեխնիկական սորտի խաղողի մթերման հիմնական բեռը երկու՝ Պռոշյանի կոնյակի և Երևանի կոնյակի գործարանների վրա է: Գործարաններից հավաստիացնում են, որ իրենց հնարավորություններն անսահմանափակ չեն, ուստի չեն կարող ծավալներն ավելացնել: Մառանները գրեթե ամբողջությամբ լցված են:

Ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի Երևանի կոնյակի գործարանը տեխնիկական սորտի խաղողը մթերում է կիլոգրամը 155 դրամով, մյուս գործարանները՝ հիմնականում 110-130 դրամով: Սա շուկայում ամենաբարձր գինն է: Գյուղացիները նախընտրում են հենց կոնյակի գործարանի հետ պայմանագրեր կնքել՝ բարձր գնի համար, սակայն գործարանը ծավալները չի ավելացնում: Ավելին, խաղողագործները դժգոհում են, որ վերջին տարիներին աստիճանաբար կրճատվել են խաղողի մթերման ծավալները: 

Երևանի կոնյակի գործարանի նվազագույն պահանջը որակական ցուցանիշներն են և առնվազն 17% շաքարայնությունը: 

Գործարանի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Զարուհի Սարիբեկյանն ասաց, որ, պահպանելով նախորդ տարվա մթերման ծավալներն ամբողջությամբ, ընկերությունն այս տարի մթերելու է ավելի քան 22,000 տոննա խաղող։ 11,000 տոննայից ավելի մթերվելու է միայն գործարանի Արմավիրի մասնաճյուղում:

Երևանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղի պատասխանատու Արտյոմ Սարգսյանը «Հետք»-ին հայտնեց, որ մթերման քանակը չի նվազել, վերջին երկու տարիներին նույնն է: 

«Գյուղացիների բողոքը, որ մենք ամեն տարի կրճատում ենք, դա էլ այնքան իրականությանը չի համապատասխանում: Գյուղացիների հետ որ ունեցել ենք պայմանագրեր՝ 10, 15, 20 տոննա մթերելու համար, փաստացի մատակարարել են ավելի քիչ: Այս տարի ձևավորել ենք ագրոնոմական հզոր թիմ, հատուկ գործիքներով, ովքեր քարտեզագրում են կոնկրետ գյուղացու հողատարածքը, ում հետ ունենք պայմանագիր, որպեսզի հստակ հասկանանք  խաղողի իրական բերքի չափը»,-ասում է մասնաճյուղի պատասխանատուն` հավելելով, որ աշխատանքը դեռ ավարտված չէ:

Մասնագետի խոսքով՝ այս տարի խաղողի որակը շատ բարձր է, շաքարի պարունակությունը 17 տոկոսից ցածր չի եղել:

Արտյոմ Սարգսյանն ասում է, որ թեեւ խոշոր խաղողագործների հետ աշխատելն ավելի դյուրին է, սակայն Երևանի կոնյակի գործարանը հստակ ձգտում չունի՝ դուրս թողնել փոքրերին: Խոշոր այգետերերը կարողանում են իրենց գործը ճիշտ կազմակերպել: Ըստ Սարգսյանի՝ փոքր խաղողագործի հետ դժվար է, նույնիսկ մատակարարման օրը, գրաֆիկը կազմելուց հետո այդ օրը փոքր ծավալներ մատակարարող խաղողագործը չի գտնում ավտոմեքենա, քաղող բանվոր և խնդրում է մթերման օրը տեղափոխել:

Կեսօրից հետո գործարանի Արմավիրի մասնաճյուղի մոտակայքում խաղողով բեռնված ավտոմեքենաների հերթ է գոյանում: Թեև մթերման ժամը հստակ սահմանված է, գյուղացիներն ավելի շուտ են գալիս ու սպասում իրենց հերթին:

Մասնաճյուղում ամեն ինչ էլեկտրոնային է: Երբ ավտոմեքենան կանգնում է կշեռքին, այդ ընթացքում խաղողից նմուշառում է կատարվում և 1 րոպեում ստացվում է շաքարայնության ցուցանիշը: Տվյալն անմիջապես մուտք է արվում համակարգչային ծրագիր, որտեղ պայմանագիր կնքած խաղողագործի բերքի մթերման տարիների պատմությունն է երևում:

Գյուղացիները սպասարկումից դժգոհ չեն, սակայն նշում են, որ մթերման են հանձնում բերքի միայն 40-50%-ը: 

Խաղողագործ Կարեն Կիրակոսյանը հոր հետ է եկել գործարան: Հստակ պայման կա, որ պայմանագիր կնքած անձը պետք է մթերման գործընթացին մասնակցի: Մինչ հայրը մասնաճյուղում խաղողն էր հանձնում, Կարենն ասաց, որ 15 տոննա խաղող ունեն, սակայն գործարանն իրենց հետ պայմանագիր կնքել է 6 տոննայի չափով: Մնացած խաղողը չգիտի, թե ինչ է անելու:

Կարենի խոսքով՝ մի անգամ են խախտել գործարանի հետ կնքած պայմանագիրը` քիչ են մատակարարել, քանի որ ցրտահարությունն ու կարկուտը մեծ վնաս էին հասցրել: Դրանից հետո մթերման ծավալները նվազել են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter