HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հակատանկային մարտկոցը. ավագ սերժանտ Դավիթ Գրիգորյան

Դավիթի հուշանկյան բազմաթիվ իրերից մայրն առաջինը ցույց է տալիս 4 հաստափոր տետր, բոլորը մինչև վերջ գրված են ուղիղ ու ընթեռնելի ձեռագրով, վերնագրերն ու կարևոր բառերը՝ կարմիրով։ Սրանք Դավիթի գրառումներն են «Ֆագոտ» տիպի հակատանկային զենքի մասին, որով պատերազմի օրերին խոցել է 8 տանկ, 1 ՏՈՍ համակարգ և 5 զրահատեխնիկա։ Վեց ամիս Գյումրու ուսումնական զորամասում սովորելուց հետո Դավիթ Գրիգորյանը մեկնեց Հադրութ` ծառայությունը շարունակելու, իսկ մինչ այդ տետրերը մորն էր վստահել։ Դրանք հիմա միևնույն տոպրակով, որով Դավիթն էր տվել, մայրը մասունքի պես պահում է։

«Արձակուրդ էր եկել տասն օրով, որ պիտի գնար Հադրութ, երևի վեց ժամ նստեց պապի կողքին ու պատմեց ֆագոտից, անվերջ խոսում էր էդ զենքի մասին։ Պապը հարցրեց՝ Դավիթ ջան, հեչ կրակե՞լ եք էդ զենքից, ասեց՝ չէ, այ պապի, գիտե՞ս՝ էդ ինչ թանկ ա, Աստված չանի, եթե պատերազմ լինի, էդ ժամանակ նոր կօգտագործենք»,- պատմում է մայրը։

Դավիթն ընտանիքի կրտսեր զավակն էր՝ եղբորից տասը տարով փոքր։ Այսօր կլրանար նրա 21 տարին։ 20-ամյակը Դավիթը նախորդ տարի նշել էր կռվի դաշտում՝ ընկերների հետ։

«Ես իրեն առհասարակ չէի զանգում, ծնունդին էլ չզանգեցի, մտածում էի՝ հանկարծ չխանգարեմ։ Ամսի 6-ն ինքը զանգեց, ասեցի՝ Դավիթ ջան, նշեցի՞ր ծնունդդ, ասեց՝ ա՛յ մամ, էն էլ ի՜նչ ձև նշեցինք»,- պատմում է մայրը։

«Տղաս, որ զանգում էր, ասում էր՝ պապ, էսօր էսքան տանկ եմ խոցել, չեզոք գոտի մտել ՏՈՍ խփել, բայց մամային հանկարծ չասեք, ինքը թող չիմանա»,-հիշում է հայրը։

Մինչեւ ծառայությունը Դավիթն ընդունվել էր Պոլիտեխնիկական համալսարան, ծրագրավորում էր սովորում։ 2019թ. հունվարի 10-ին պետք է բանակ զորակոչվեր։ Դիմել էր դեկանին, որպեսզի արտահերթ քննություն կազմակերպեն, ինքը հանձնի բոլորը ու հանգիստ գնա ծառայության։

«Նույն պարտաճանաչությամբ դպրոցում էր սովորում, համալսարանում, զորամասում։ Մի անգամ զանգեցի, ասեցի՝ տղա ջան, հերիք չի՞, մի քիչ հանգստացի էդտեղ։ Էս խոսքերը ինքը մտապահել էր, պատերազմի օրերին զանգեց, ասեց՝ մամ, հիշո՞ւմ ես, որ էդքան սովորում էի, էս օրվա համար էր, հիմա քո տղան մի հատ չի վրիպում»,- ասում է Լյուդմիլան Հարությունյանը։

Դավիթենց տունը Վայոց Ձորի Վերնաշեն գյուղում է, ասում են՝ նա գյուղը շատ էր սիրում, և քանի որ եղբայրն ու քույրն ապրում են Երևանում, ինքը ուզում էր ծնողների, տատի, պապի կողքին լինել՝ գյուղում։

«Դավիթն իմ հոգին էր, հոգին․․․»,- ասում է 90-ամյա պապը, որ թվում էր՝ մեր խոսակցությունը չի լսում, հետո կամ շարունակում է միտքը կամ ոչ, աչքերն արցունքոտվում են ու ձայնը՝ կորչում։ «Դրանից մի քանի օր հետո էլ 60 տարվա կինս մահացավ»,- ասում է Լենդրուշ պապը՝ հուսահատ նայելով մեկ կնոջ, մեկ Դավիթի լուսանկարին։

Պատերազմի դաշտից Դավիթը երկու օրը մեկ էր տուն զանգում, տնեցիներին ասել էր, որ եթե մի օր չզանգի, չանհանգստանան, հաջորդ օրն անպայման զանգելու է։ 

«Մի օր զանգեց, ասեց՝ մամ, ի՞նչ են ասում, էս պատերազմին վերջ չկա՞, ախր ափսոս են էս տղերքը, էլ տղա չմնաց։ Ասեցի՝ չգիտեմ, Դավիթ ջան, էստեղ բան չեն ասում»,-հիշում է մայրը։ 

Լյուդմիլա Հարությունյանը Եղեգնաձորի բժշկական կենտրոնում է աշխատում, պատերազմի օրերին իրենց մոտ նույնպես վիրավոր զինծառայողներ էին բերում, նրանցից ոմանք նույնիսկ ճանաչում էին Դավիթին․ «Ինձ ասում էին` դուք էդ ինչ տղա ունեք, գիտե՞ք՝ ինչեր ա անում էնտեղ»։

Դավիթը վերջին անգամ հարազատներին զանգել է հոկտեմբեի 8-ին, մոր խոսքով՝ բավականին երկար խոսել են, ասել է, որ էսօր հանգիստ է, ու որ ուզում է բոլորի հետ խոսել, զանգել է քրոջը, հետո` եղբորը, հետո` նորից մորը, հարցուփորձ արել առօրյայից, գյուղից։ Հաջորդ օրը տնեցիները էլ Դավիթի զանգին չեն սպասել, գիտեին, որ նորից կզանգի ամսի 10-ին։ Այդ օրը նույնպես անցավ առանց Արցախից հեռախոսազանգի․ Դավիթը երեկ էր զոհվել, արիաբար, հերթական մարտական խնդիրը կատարելիս, այսպես գրված է նրա մարտական ուղու նկարագրության մեջ։

«Շատ անտրամադիր ամսի 11-ին հագնվեցի, գնացի գործի, բայց աշխատել չկարողացա, բժշկիս ասեցի՝ տուն եմ գնում, չեմ կարողանում աշխատել։ Դուրս եկա, ողջ անձնակազմը դրսում ինձ էր սպասում, ուղեկցեցին մինչև տուն, էդ ժամանակ սկսեցի շատ անհանգստանալ, ասեցի` հո Դավիթիս բան չի՞ եղել, ասեցին՝ վիրավորվել ա, հիմա վիրահատում են, հավատացի։ Հետո արդեն քույրիկներս, որ լացելով տուն մտան, ամեն ինչ հասկացա»,- վերհիշում է Լյուդմիլա Հարությունյանը։

Դավիթը արկի հարվածից զոհվել էր հոկտեմբերի 9-ին Հադրութի 200 դիրքում՝ լեյտենանտ Արմենակ Սարգսյանի հետ։ Հաջորդ օրն արդեն նրա մարմինը տեղափոխել էին Եղեգնաձոր։ Ընտանիքը որդուն հուղարկավորեց 2020թ. հոկտեմբերի 14-ին գյուղի գերեզմանատանը։ 

«Դավիթը պատերազմից առաջ ինձ մի լուսանկար էր ուղարկել, ինքն էր, հետևում գրված էր` «մնաց մնացածը»։ Զանգեցի, ասեցի` Դավիթ ջան, ինչի՞ ես նման բան գրել, ասեց՝ դրա իմաստը հետո կհասկանաս»,- պատմում է մայրը՝ ձեռքում սեղմած լուսանկարը։

Դավիթ Մանվելի Գրիգորյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի պետական մեդալով։

Տես նաեւ՝ Երեկ սկսվել է պատերազմը. հակատանկային մարտկոցը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter