HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Թեև շատ ենք վիճում, բայց առանց իրար չենք կարող». Արցախյան 2 պատերազմներին մասնակցած ամուսիններ

Գայանե Հարությունյանն ու Հարություն Քոչարյանը 15 տարվա ամուսիններ են։ Երկուսի կյանքում էլ իրենց միությունը 2-րդ ամուսնությունն է։ Նրանք մասնակցել են արցախյան առաջին եւ 2020 թվականի պատերազմին։ Երկու պատերազմներում էլ Գայանեն ու Հարությունը վիրավորվել են։ Պետպատվերի սահմանափակման պատճառով Գայանեն չի կարողանում օգտվել բժշկական օգնությունից։ Նա բեկորային վնասվածք ու օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում (կոնտուզիա) է ստացել։ Մինչև 2020 թվականի Արցախյան պատերազմը նրանք ապրել են Քարվաճառի շրջանի Ծար գյուղում։

Գայանեի ու նրա ամուսնու հետ ծանոթացել էինք այս տարվա սեպտեմբերի 9-ին կառավարության առջև Հադրութի, Քարվաճառի ու Շուշիի շրջանի տեղահանված բնակիչների բողոքի ակցիայի ժամանակ։ Փախստականները կառավարությունից պահանջում էին լուծել իրենց կացարանի հարցը։ 

Հասնում ենք մի կիսաքանդ շենք։Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում գտնվող ռոբոտների գործարանի հանրակացարանն է։ Գրեթե բոլոր պատուհաններից լվացք է կախված, նշանակում է՝ բոլոր սենյակներում էլ ապրողներ կան։

Հարությունը դուրս է գալիս բակ՝ մեզ դիմավորելու։

-էս էլ մեր տունը, այսինքն՝ մերը չի, էլի, քենունս ա (ծիծաղում է), մերը մնաց թուրքին, համեցեք։

-Ձեզնից բացի էլի տեղահանվածներ կա՞ն էստեղ։ 

 -Հա, մենակ մենք չենք։

-Ոնց որ շինարարություն են անում, հա՞։

- Դե որ հետ գնալու հույս չկա, ով որ հնարավորություն ունի, անում ա, էլի։

Բարձրանում ենք մութ հարկերով, հասնում ենք նրանց բնակարան։

Հարությունը կանչում է կնոջը։ Գայանեն մեզ դիմավորում է, հետո ամուսնուն ասում, որ մի քիչ ցածր խոսի, տղան աշխատանքից է եկել ու քնած է։

Հարցնում եմ.

-Որտե՞ղ է աշխատում։

 - Շուկայում, ինքն ա մեզ պահում հիմա։

Առաջանում, նստում ենք բազմոցին։

Գայանեն զրույցը սկսում է իրենց սիրո պատմությամբ։ Շեշտում է, որ շատ են վիճում, բայց առանց իրար էլ չեն կարողանում։

Գայանեն ու Հարությունը սովորել են նույն դպրոցում։ Բնակվում էին Երևանում։ Ինչպես Հարությունն է ասում, նրանց մեջ սեր միշտ է եղել։ Հետո Հարությունը կրթությունը շարունակել է ուսումնարանում։ Այդտեղ Գայանեի հետ կապը կորել է։ 

Սկսվել է արցախյան շարժումը։ Գայանեն որոշել է, որ ինքն էլ պիտի ռազմաճակատ գնա։

 1992-ին՝ արցախյան 1-ին պատերազմի ժամանակ, նրանք հանդիպել են Ակնայում (Աղդամ)։ Այդ ժամանակ Հարությունն արդեն ամուսնացել էր ու երեխաներ ուներ։ Գայանեն դեռ ընտանիք չէր կազմել։ Գայանեն «Նարցիս» ջոկատում էր, Հարությունը՝ «Գարդման»։

Այդ ժամանակ Հարությունը պատմել է, որ ամուսնացած է, ընտանիք ունի։

Պատերազմի ավարտից հետո նրանց կապը կրկին կտրվել է։ 11 տարվա համատեղ կյանքից հետո Հարությունն ամուսնալուծվել է առաջին կնոջից։ Առաջին ամուսնությունից նա 4 երեխա ունի։ Հիմա բոլորն ամուսնացած են։

Պատերազմի ավարտից հետո Գայանեն նույնպես ամուսնացել է։ 2 երեխա է ունեցել։ Տարիներ անց նա էլ է ամուսնալուծվել։ 

2006-ին նրանք պատահաբար հանդիպել են։ Գայանեն այդ ժամանակ կար ու ձևով էր զբաղվում։ Հարությունն էլ դերձակ էր փնտրում, եւ նրան խորհորդ են տվել դիմել Գայանեին։

Հարությունը պատկերավոր նկարագրում է Գայանեի հետ հանդիպումը. «Գնացի մտա ներս, Գայանեն նստած կարատեի կիմանոներ էր կարում, ասեցի՝ բա... (բարև ձեզ-հեղ.), պտտվեց, տեսա ինքն է»։

Գայանեն ու Հարությունը զրուցում են, Հարությունն իմանում է, որ Գայանեն ամուսնալուծվել է, հետո ինքն էլ է պատմում, որ ամուսնալուծված է։

Դուրս է գալիս Գայանեի տնից, բայց որոշում է հաջորդ օրը վերադառնալ։

Մի քանի օր անց որոշում են ամուսնանալ։

2010-ին տեղափոխվում են Քարվաճառի շրջանի Ծար (Զար) գյուղ, այնտեղ տուն են ստանում, սկսում հող մշակել։ Գայանեն որպես քարտուղար աշխատանքի է անցնում համայնքապետարանում, մշակույթի կենտրոնում էլ՝ կար ու ձև դասավանդում։

Քարվաճառից նրանք ոչինչ չեն կարողացել բերել։ Երբ Հարությունը գնացել է գյուղ, տունը թալանված է գտել։ 

Գայանեն տարվա մի մասը բնակվում էր Քարվաճառում, մի մասը՝ Երևանում։ Կար ու ձև էր անում, գումար վաստակում, վերադառնում Քարվաճառ։

Տան համար տեխնիկա, կահույք, անասուն էին գնում։ Ամուսինն էլ անասնապահությամբ ու հողագործությամբ էր զբաղվում։

Երբ 2020-ին սկսվեց պատերազմը, Հարությունն ասաց, որ պատրաստվում է կամավորագրվել։ Գայանեն մենակ չթողեց ամուսնուն։

«Ասեցի՝ յա, բա ե՞ս, ասեց՝ բա էրեխեքը, ասեցի՝ ի՞նչ էրեխեքը, հարևաններ ունենք՝ աշխարհը չունի, ու մարդ ու կին գնացինք»,-պատմում է Գայանեն։

Նրանց խոսքով՝ կռվել են Արամո Թորգոմյանի «Արամո» ջոկատի կազմում։ Հոկտեմբերի 25-ին վիրավորվել են՝ բեկորային վնասվածք են ստացել։

Տեղափոխվել Ստեփանակերտ, ապա՝ Երևան։

Հիմա Գայանեն ուժեղ գլխացավեր ունի։ Դիմել է տարբեր բժշկական կենտրոններ, պատասխան է ստացել, որ պետպատվեր չկա, բուժում ստանալու համար պետք է վճարի։ Այս պահին վճարունակ չի։

«Գնացինք «Աստղիկ», ասեցին, որ դուք սխալ եք եկել, ձեր տեղը հանրապետականում ա, մենք չունենք նման կարգ, որ կռվողներին սպասարկենք, գնացինք Հանրապետական, թուղթը նայեցին, ասեցին՝ սպառվել ա պետպատվերը, չունենք»,-ասում է նա։ 

 Գայանեն վատ է զգում, որ վիրավորվելուց հետո չի կարողանում աշխատել, տան ամբողջ հոգսը հիմա որդու վրա է։

Գայանեն ու Հարությունը համատեղ երեխաներ չունեն։ «Գայանեի հետ ամուսնանալուց հետո իր տղան ու աղջիկը իմն են դարձել, իմ հարազատ երեխեքն են»,-ասում է ամուսինը։

Գայանեի որդին 25 տարեկան է, դուստրը՝ 20։ Դուստրն ամուսնացել ու տեղափոխվել  է։ Հիմա նրանք հանրակացարանում երեքով են բնակվում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter