
Անկախության 30-ամյակի առթիվ ամբողջ պետական համակարգը չէ, որ պարգևատրվել է
Չնայած իշխող խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը, ապա` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը (իր տեղեկություններով) հայտարարեցին, թե ամբողջ պետական համակարգի աշխատակիցներն անկախության 30-ամյակի կապակցությամբ պարգևատրվել են, պարզվում է` այդպես չէ: 30 և ավելի գերատեսչության ուղարկված մեր հարցումների պատասխանները ցույց են տալիս, որ քչերն են պարգեւատրվել:
Պետական համակարգի աշխատակիցներին պարգևատրելը միասնական քաղաքական որոշում չի եղել. դա է վկայում այն հանգամանքը, որ, օրինակ, մի նախարարության աշխատակից պարգևատրվել է, մյուսինը՝ ոչ, նույնը՝ մարզպետարանների պարագայում:
Շրջակա միջավայրի, Արտակարգ իրավիճակների, Արդարադատության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Առողջապահության, Ֆինանսների և Արտաքին գործերի նախարարությունների որևէ աշխատակից չի պարգևատրվել:
Չեն պարգևատրվել Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Վայոց ձորի, Արմավիրի մարզպետարանների աշխատակազմերը: Ազգային անվտանգության ծառայության, Գլխավոր դատախազության, Քննչական կոմիտեի, Պետական եկամուտների կոմիտեի, Կադաստրի կոմիտեի, Ճանապարհային դեպարտամենտ ՊՈԱԿ-ի որևէ աշխատակից պարգեւատրում չի ստացել հոբելյանական առիթով:
Հայաստանի 12 նախարարությունից պարգևավճար է հատկացվել հինգում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Պաշտպանության, էկոնոմիկայի նախարարություններում:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ղեկավար կազմը, ինչպես նշվում է մեր հարցման պատասխանում, պարգևավճար չի ստացել:
Որակյալ և բարեխիղճ աշխատանքի համար նախարարության 149 աշխատակից պարգևատրվել է պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով, որն, ընդհանուր առմամբ, կազմել է մոտ 16 մլն դրամ:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ղեկավար կազմը եւս չի պարգևատրվել: Նախարարության 125 աշխատակից պարգևատրվել է պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով: Պարգևատրման ֆոնդը կազմել է 14 մլն դրամ:
Պաշտպանության նախարարը ևս չի պարգևատրվել, ավելի ճիշտ՝ ինքն իրեն չի պարգևատրել: Ինչպես հայտնել են ՊՆ-ից, ծառայողական պարտականությունները մեծ պատասխանատվությամբ կատարելու համար մի շարք զինծառայողներ պարգևատրվել են: ՊՆ-ն, սակայն, պարգևատրվողների թիվը չի հայտնել:
Էկոնոմիկայի նախարարությունում ղեկավար կազմը նույնպես չի պարգևատրվել, նախարարությունից հայտնել են, որ 285 աշխատող, բացառությամբ՝ նախարարի, փոխնախարարների և գլխավոր քարտուղարի, պարգևատրվել են խորհրդանշական` 50 հազարական դրամի չափով: Պարգևատրման ընդհանուր ֆոնդը կազմել է 10 մլն դրամ: Սա գրեթե հինգ միլիոն դրամով պակաս է, քան ԱԺ 12 մշտական հանձնաժողովի նախագահներին և 11 փոխնախագահին վճարված պարգևավճարը:
Մեզ չհաջողվեց հստակ պատասխան ստանալ՝ ԿԳՄՍ նախարարը պարգևատրվե՞լ է, թե ոչ: Նախարարությունից հիշեցրել են, որ թե՛ նախարարը, թե՛ փոխնախարարները եկամուտների հայտարարատու պաշտոնատար անձինք են, ուստիեւ հայտարարագրերի հրապարակումից հետո կարող ենք տեսնել այդ տվյալները: Նախարարությունից հայտնել են, թե տարեսկզից մինչ սեպտեմբերի 27-ը գերատեսչության պարգևատրման ֆոնդը կազմել է գրեթե 155 մլն դրամ:
Շիրակի մարզպետարանի 112 աշխատակից պարգևատրվել է աշխատավարձի 30 տոկոսի դրույքաչափով, պարգևատրման ընդհանուր ֆոնդը կազմել է 6 մլն 337 հազար դրամ: Մարզպետը չի պարգևատրվել:
Գարիկ Սարգսյանի ղեկավարած Պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակիցները պարգևատրվել են պաշտոնային դրույքաչափի 30 տոկոսի չափով, ընդհանուր գումարը կազմել է գրեթե 7 մլն դրամ, կոմիտեի 87 աշխատակցից պարգևատրվել է 74-ը: Գերատեսչությունից այդպես էլ չեն հայտնել` Կոմիտեի նախագահը պարգևատրվել է, թե՞ ոչ՝ հղում անելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքին:
Ոստիկանության պետը պարգևատրել է ոստիկանության միջին և կրտսեր խմբերի 11 ծառայողի, պարգևատրման ընդհանուր գումարը կազմել է 1 մլն 320 հազար դրամ, յուրաքանչյուրին՝ 120 հազար դրամ: Ոստիկանության պետը, ինչպես նաև ղեկավար կազմի մյուս պաշտոնյաները չեն պարգևատրվել:
Փոխվարչապետեր Սուրեն Պապիկյանի և Մհեր Գրիգորյանի գրասենյակների աշխատակիցները, ինչպես և վարչապետի աշխատակազմի մյուս աշխատակիցները պարգևատրվել են պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով:
Երբ գերատեսչությունների պատասխանները ստացանք, հարցմամբ դիմեցինք պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանին՝ խնդրելով պարզաբանել, թե ինչի հիման վրա էր հայտարարել, որ ամբողջ պետական համակարգը պարգևատրվել է: Պատգամավորը պատասխանեց, թե իր հայտարարության համար հիմք է հանդիսացել այդ պահին ունեցած տեղեկատվությունը: Հարցմամբ դիմեցինք նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, սակայն ԱԺ աշխատակազմից խորհուրդ տվեցին դիմել համապատասխան գերատեսչություններ:
Հիշեցնենք, որ իր վերջին ճեպազրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դժգոհում էր մամուլի հրապարակումներից՝ ասելով, թե շինծու հրապարակումների պատճառով հանրութjունը որևէ ինֆորմացիայի չի հավատում: «Էսօր էնքան հիմար, շինծու բաներից են խոսում, որ խոսքի նկատմամբ արժեքը կորել է, մարդիկ չեն հավատում որևէ ինֆորմացիայի»,- ասել էր նա: Մինչդեռ ստացվում է, որ իրենք` իշխանության ներկայացուցիչները ոչ հավաստի տեղեկություններ են հրապարակում:
- Պատգամավորների և ԱԺ նախագահի գրասենյակի պարգևատրումները գերազանցել են 60 մլն դրամը
- Վարչապետի աշխատակազմին հատկացվել է 60 միլիոն դրամ պարգևավճար
Տեսանյութը՝ Անի Սարգսյանի
Մեկնաբանել