
Քաշաթաղից տեղահանվածները գնալու տեղ չունեն` ժամանակավոր կացարաններից նրանց հանում են
Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքից ու հարակից գյուղերից տեղահանված 16 ընտանիք պատերազմից հետո ապաստան է գտել «Երևանի N1 մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ում։ Օրեր առաջ նրանց տեղեկացրել են, որ մինչև հոկտեմբերի 20-ը պետք է լքեն հաստատությունը։
Բնակիչների խոսքով, կենտրոն են այցելել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցներն ու հայտնել, որ պետք է դուրս գան հաստատությունից։
Քաշաթաղցիները բնակարան վարձելու հնարավորություն չունեն, նրանց հիմնական մասը գործազուրկ է, կամ աշխատում է տան մեկ անդամը։
Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ավելի վաղ հայտնել էին, որ ավարտվել են հյուրընկալման ծրագրերը, ուստի տեղահանվածները պետք է լքեն այն հաստատությունները, որտեղ ապաստան են գտել։ Փոխարենը ըստ կառավարության նոր ծրագրի նախատեսվում է 4 ամիս ժամկետով ամսական 50 000 դրամ՝ սեպտեմբերից դեկտեմբեր աջակցություն տրամադրել պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված քաղաքացիներին։
Տրամադրվող դրամական օգնությունը չի կարող լուծել նրանց բնակապահովման հարցը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղահանվածների ժամանակավոր կացարաններից դուրս գալու հարց չի բարձրացնում ու ժամկետներ չի նշում։
«Երևանի N1 մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Քրիստինե Գևորգյանը նշում է, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից է հրամանը։ 16 ընտանիք գրեթե 1 տարի է անհատույց ապրում է աջակցության կենտրոնում, սակայն, նրա խոսքով, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը որեւէ կերպ չի փոխհատուցել։
Տեղահանվածները բնակվում են աջակցության կենտրոնի 3-րդ հարկի մի հատվածում։
Վերջերս «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը վերանորոգել է քաշաթաղցիների կողմից օգտագործվող սանհանգույցը, հանգստի սենյակը ու կահավորել այն։ Վերանորոգումն ավարտելուց 1 շաբաթ անց, սակայն, քաշաթաղցիներին հայտնել են, որ պետք է լքեն հաստատությունը։
«Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության փոխնախագահ Ալլա Հարությունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ վերանորոգումն ու կահավորումը արել են, որպեսզի բարելավեն բնակիչների ապրելու պայմանները։
«Գիտեինք, որ այնտեղ հավերժ մնալ չեն կարող, բայց նաև չգիտեինք, թե երբ դուրս կգան, վերանորոգման ու կահավորման ծրագիրն իրականացվել է նրանց կեցավայրի պայմանները բարելավելու նպատակով»,- նշեց կազմակերպության փոխնախագահը։
«Առաքելություն Հայաստանը» նաև պատրաստ է վճարել տեղահանվածների առաջիկա 4 ամիսների բնակվարձերը։
Մերի Գրիգորյանը Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքից Ծաղկաբերդ գյուղ էր տեղափոխվել պատերազմից մեկ տարի առաջ, ապրում էր ամուսնու հետ։ Երբ սկսվել է պատերազմը, ստիպված եկել են Երևան, ապաստան գտել N1 մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնում։
Ամուսինն ու եղբայրները մասնակցել են պատերազմին։ Նախորդ տարվա հոկտեմբերին, երբ Մերին արդեն Երևանում էր, ծնվել է նրա որդին։Հիմա չգիտի, թե ինչպես է հոգալու երեխայի մասին, ամուսինը շինարարության մեջ է աշխատում, բայց դա հիմնական աշխատանք չէ։ Մերին ասում է՝ ամուսնու վաստակածով չեն կարող վճարել տան վարձը, կոմունալ վճարներն ու իրենց կենցաղային ծախսերը հոգալ։
Օրեր առաջ համացանցում տեսանյութ է տեսել ՝ ադրբեջանցիները իրենց տանն են, ջարդ ու փշուր են արել ամեն ինչ ու պարում են։ Մերին մեզ ցույց է տալիս տեսանյութն ու ասում ՝ «Սրտիս ցավ ա տալիս, չգիտեմ էլ՝ ինչի՞ եմ պահել հեռախոսումս, ցավալի ա, շատ ցավալի ա, մի տարի չենք ապրել էս տանը, ամեն ինչ նոր էր, ամեն ինչ մեր ձեռքով գնած, սարքած»,- ասում է Մերին։
Արցախյան 44-օրյա պատերազմից հետո՝ 2020 թվականի դեկտեմբերի 1-ից Քաշաթաղի շրջանը, բացառությամբ՝ Բերձոր քաղաքի, Սուս ու Աղավնո գյուղերի, անցավ ադրբեջանական վերահսկողության տակ։
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել