HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Զախարովան անդրադարձել է Արցախում զոհված խաղաղ բնակչին և «3+3» ձևաչափին

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է վերջերս Մարտակերտի շրջանում խաղաղ բնակչի մահվան հանգամանքին։ 

«Ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը, այդ թվում՝ վերջերս տեղի ունեցած միջադեպերը, քննարկվել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ հոկտեմբերի 14-ին կայացած եռակողմ հանդիպման ժամանակ: Այդ հարցը նաև ռուսական խաղաղապահ զորակազմի և ՀՀ ու Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբերի մակարդակով տեղի ունեցող քննարկումների մշտական թեման է, և մենք գործադրում ենք բոլոր ջանքերը՝ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումը թույլ չտալու ուղղությամբ»,- նշել է Զախարովան՝ անդրադառնալով Մարտակերտի շրջանում խաղաղ բնակչի մահվան հանգամանքին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից քաղաքացիական անձ էր զոհվել: «Նախնական տեղեկություններով այսօր` հոկտեմբերի 9-ին, 13:15-ին Մարտակերտի շրջանային ոստիկանության բաժնից հայտնել են, որ Մարտակերտ քաղաքին հարակից նռան այգում Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարի կրակոցից մահացու վիրավորում է ստացել Մարտակերտ քաղաքի 1966 թվականին ծնված Արամ Տեփնունցը»,- հայտնել էր Արցախի ԱԻՊԾ մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը:

Ճեպազրույցի ընթացքում Զախարովան անդրադարձել է նաև Հարավային Կովկասում «3+3» նախաձեռնության ստեղծմանը, որն առաջարկել էին Թուրքիան ու Ադրբեջանը։ Ըստ Զախարովայի՝ տարածաշրջանային բազմակողմ համագործակցության զարգացումը բխում է տվյալ ձևաչափի բոլոր ենթադրյալ մասնակիցների շահերից: «Այդ մեխանիզմի գործարկումը նպաստում է վստահության մակարդակի բարձրացմանը միջպետական հարաբերություններում, առկա հակասությունների կարգավորմանը և տնտեսական, տրանսպորտային, հումանիտար ներուժի բացահայտմանը»,- նշել է նա։

«3+3» ձևաչափի ստեղծման մտադրության մասին ավելի վաղ հայտարարել էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նախատեսվում է, որ ձևաչափի ստեղծման պարագայում դրան կանդամակցեն Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը։ Այն զբաղվելու է Հարավային Կովկասում հաղորդակցային և տնտեսական կապերի ապաշրջափակմամբ։

Իրանը ողջունել էր նախաձեռնությունը՝ նշելով, որ պատրաստ է քայլեր ձեռնարկել տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործում։ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ևս նշել էր նախաձեռնության վերաբերյալ Ռուսաստանի հետաքրքրվածության մասին՝ հայտարարելով, որ աշխատում են հայկական կողմի հետ։ Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ այդ երկիրը որևէ ձևաչափով հետաքրքրված չէ մասնակցել «3+3» ձևաչափում՝ որպես պատճառ նշելով Ռուսաստանի մասնակցությունը։

Լուսանկարը՝ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter