HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հայտնի չէ, թե քանի հաստիք կկրճատվի համայնքների միավորումից հետո

Ներկայում ընթացքի մեջ գտնվող վարչատարածքային փոփոխությունների 5-րդ փուլում միավորվող համայնքների հաստիքների հետագա կրճատման, ինչպես նաև այդ կրճատումների հետևանքով բյուջեի վերաբաշխումների վերաբերյալ որեւէ գնահատական (թվային կամ տոկոսային) Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տալ չի կարող: 

Նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, «Հետք»-ի գրավոր հարցին ի պատասխան, հայտնել է, որ հաստիքների վերաբաշխումն իրականացնելու են միավորված համայնքների ավագանիները, որոնք ձևավորվելու են դեկտեմբերի 5-ին կայանալիք ընտրությունների արդյունքում: 

Հիշեցնենք, որ կառավարությունը 2021 թ. սեպտեմբերի 8-ի նիստում ընդունեց որոշում, որով առաջարկում էր 441 համայնքի միավորմամբ ձևավորել 37 համայնք: Օրենքի նախագիծն Ազգային ժողովն ընդունեց սեպտեմբերի 24-ին: 

Մինչ այդ կառավարությունն արդեն ձևավորել էր 54 խոշորացված համայնք՝ միավորելով 400-ից ավելի համայնք։ Այս համայնքներից և ոչ մեկում չի անցկացվել տեղական հանրաքվե։

Համայնքների խոշորացման գործընթացն ավարտին հասցնելու նպատակով որոշվեց երեք փուլով իրականացնել տարածքային ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Հոկտեմբերի 17-ի ընտրություններն արդեն կայացել են, սպասվում են ընտրություններ նաև նոյեմբերի 14-ին և դեկտեմբերի 5-ին:

Վաչե Տերտերյանը հավաստիացնում է, որ ընտրություններից հետո ձևավորված ավագանին կորոշի, թե որ համայնքում ինչ հաստիք է անհրաժեշտ:

«Այդ ընթացքում ավագանին առաջնորդվելու է առկա կարիքներով, և յուրաքանչյուր համայնքում որոշումները կայացվելու են խիստ անհատական մոտեցմամբ»,-հավաստիացնում է նախարարի տեղակալը:

Վաչե Տերտերյանի փոխանցմամբ՝ միավորվող համայնքների ներկայիս վարչական հաստիքների մի մասը փոխարինվելու է ծառայություններ մատուցող հաստիքներով, օրինակ՝ գյուղատնտես, անասնաբույժ, վարորդ, մեխանիզատոր, տրակտորիստ, դաստիարակ, դայակ, բուժքույր և այլն:

Հարցրել էինք նաև, թե նախորդ միավորումների ժամանակ քանի՞ հաստիք է կրճատվել համայնքներում և քանիսն ավելացել: Ըստ նախարարի տեղակալի՝ 2021թ. հունվարի 1-ի դրությամբ նախկինում միավորված համայնքների աշխատակազմերից կրճատվել է մոտ 1400 հաստիք, փոխարենը ստեղծվել է 1200 նոր հաստիք:

Փաստացի 200 հաստիք այդպես էլ չի վերականգնվել խոշորացված համայնքներում:

2021թ. հուլիսի 1-ի դրությամբ միավորված համայնքների հաստիքների դիտարկումը ցույց տվեց, որ հիմնականում կրճատվել են վարչական հաստիքները: Մասնավորապես, Ապարան համայնքի 186 հաստիքից մնացել է 121,5-ը: Կրճատվել են նաև համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում (ՀՈԱԿ) աշխատողների հաստիքները՝ 1151-ից դառնալով 114:

Տավուշի մարզի Բերդ համայնքում խոշորացումից առաջ եղել է 217 վարչական հստիք, խոշորացումից հետո մնացել է 95-ը: Այս համայնքում ՀՈԱԿ-ում աշխատողների հաստիքները չեն փոխվել՝ 18:

Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 116 վարչական հաստիքից մնացել է 65-ը: 7,05 հաստիք կրճատվել է նաև ՀՈԱԿ-ներում:

Սակայն, կան համայնքներ, որտեղ շեշտակի ավելացել է ՀՈԱԿ-ների հաստիքների թիվը՝ ի տարբերություն վարչական հաստիքների կրճատման:

Մասնավորապես, նույն մարզի Կապան համայնքում կրճատված 84.17 վարչական հաստիքների դիմաց 110.15-ով ավելացել է ՀՈԱԿ-ների հաստիքների թիվը: Մեկ այլ դեպքում՝ Տավուշի մարզի Դիլիջան համայնքում կրճատվել է 35 վարչական հաստիք և 107.71-ով աճել ՀՈԱԿ-ների հաստիքների թիվը և այլն:

Նշենք, որ Ազգային ժողովում համայնքների միավորման նախագիծը ներկայացրել էր տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Անդրադառնալով հնչող մտահոգություններին՝ արդյոք փակվելու են համայնքապետարանները, նա բացասական պատասխան էր տվել:

«Իհարկե չենք փակում: Բոլոր համայնքապետարաններում առնվազն 2 աշխատակից կլինի՝ մեկը վարչական ղեկավար, մյուսը՝ օպերատոր: Իսկ խոշոր համայնքներում կլինի 2-ից ավելի աշխատող, դա կորոշեն համայնքապետն ու ավագանին»,- ասել է նախարարը:

Լուսանկարը՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter