HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Քաղավիացիայի կոմիտեին դատի տված ավիաընկերությունը հետ է վերցրել հայցը

«Fly Armenia Airways» ավիաընկերությունը, որն անվանափոխվել է ու հիմա կոչվում է «Hayways», այս տարվա հունիսին դատի էր տվել ՀՀ քաղավիացիայի կոմիտեին (ՔԱԿ)։

Պատճառն այն էր, որ կոմիտեն հունիսի 11-ին կասեցրել էր ավիաընկերության օդանավ շահագործողի վկայականի (ՕՇՎ) գործողությունը, իսկ առանց այդ վկայականի ոչ մի ավիափոխադրող չի կարող առեւտրային գործունեություն ծավալել։ Ըստ ՔԱԿ-ի՝ կասեցման պատճառը Իրանում վայրէջք կատարած օդանավի միջադեպից հետո ավիաընկերությունում կատարված ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ եկած թերություններն էին, ինչպես նաեւ այն փաստը, որ ընկերությունն այդ պահին չուներ շահագործման ենթակա որեւէ պիտանի օդանավ (օդանավերից մեկը «Fly Armenia Airways»-ը վերադարձրել էր սեփականատիրոջը, իսկ Իրանից վերադարձված օդանավը չուներ թռիչքային պիտանիության սերտիֆիկատ):

ՔԱԿ-ը «Fly Armenia Airways»-ի ՕՇՎ-ն կասեցրել էր մինչեւ հուլիսի 2-ը, բայց խնդիրն այն էր, որ հենց այդ ժամանակ էլ լրանում էր վկայականի ժամկետը։ Հունիսի 21-ին ավիաընկերությունը դիմել էր վարչական դատարան՝ խնդրելով անվավեր ճանաչել իր վկայականի կասեցման հրամանը։ Մյուս կողմից, փոխադրողը, ինչպես տեղեկացել է «Հետքը», դիմել էր ՔԱԿ-ին, հուլիսի 2-ից հետո ՕՇՎ-ի ժամկետը երկարաձգելու համար։ Բայց կոմիտեն այն չերկարաձգեց, եւ ավիաընկերությունը զրկվեց վկայականից։

Վկայականի կասեցման դեմ հայցադիմումը վարչական դատարանի դատավոր Միքայել Մելքումյանի վարույթ էր ընդունվել հունիսի 28-ին, եւ դատական նիստը նշանակվել էր նոյեմբերի 3-ին։ Այդուհանդերձ, ավիաընկերությունը սեպտեմբերի 28-ին վարչական դատարան է մուտքագրել հայցից հրաժարվելու դիմում, եւ դատարանն այդ հիմքով հոկտեմբերի 12-ին կարճել է գործի վարույթը։

«Հետքի» տեղեկություններով՝ «Hayways»-ը ներկայում մտադիր է նոր ՕՇՎ ստանալ։ Մեր երկրում ՕՇՎ ստանալու համար ավիաընկերությունը պետք է առնվազն մեկ պիտանի օդանավի սեփականատեր կամ վարձակալ (ենթավարձակալ) լինի կամ էլ օդանավի ձեռքբերման, վարձակալության կամ ենթավարձակալության վերաբերյալ մտադրությունների հուշագիր կնքած լինի: Այսինքն՝ նման փաստաթուղթն ինքնին բավարար է ՕՇՎ ձեռք բերելու գործընթացում, բայց, բնականաբար, անհրաժեշտ են նաեւ այլ փաստաթղթեր։

Օգոստոսին գրել էինք, որ մեր տեղեկություններով՝ ընկերությունը բանակցություններ է վարում նոր ինքնաթիռ ձեռք բերելու շուրջ։ Հունիսին ավիափոխադրողը հայտարարել էր, որ համաձայն իր նոր ռազմավարության՝ պատրաստվում է համալրել օդանավերի պարկը նոր սերնդի ինքնաթիռներով («Boeing 737-800» տիպի), որոնցով եւ կսկսի իր թռիչքային գործունեությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter