HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Սեյրան Օհանյան. «Ոչ մի իրավական հենք չունենալով, Ադրբեջանի պարտադրմամբ՝ սահմանագծում է տեղի ունենում»

Սահմանային իրավիճակի վերաբերյալ դռնփակ նիստին պատգամավորներն այդպես էլ շատ հարցերի պատասխաններ չեն ստացել:

Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Հիշեցնենք, որ խորհրդարանում էին զինված ուժերի շտաբի առաջին տեղակալ Կամո Քոչունցը և ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանը:

Սեյրան Օհանյանը հիշեցրեց, որ քննարկումը փակ, գաղտնի է եղել, որոշակի տեղեկություններ են փոխանցվել պատգամավորներին, որոնց մասին իրավասու չէ խոսել:

Պատգամավորը, սակայն, նիստից մի քանի եզրահանգումներ արել է:

«Մենք հրավիրել էինք քաղաքական գործիչներին` առաջին դեմքերին, որոնք տիրապետում են ռազմաքաղաքական և նաև իրավական հենքերին: Քննարկման ընթացքում շատ հարցերի պատասխաններ չստացանք, նաև հարցերի պատասխաններ, որոնք պետք է ուղղված լինեին պատերազմից հետո իրավիճակի գնահատմանը, դրա շրջանակներում պետությունում ռազմավարական վերանայման իրականացմանը»,- ասաց նա:

Օհանյանի խոսքով` մյուս եզրակացությունն այն է, որ որևէ հենք չի եղել հայկական զորքերի հետ քաշվելուց այն հատվածներից, որտեղ կանգ էին առել պատերազմի դադարեցման պահին:

«Եզրակացությունը մեկն է` այդ ամենը բանավոր կերպով է իրականացվել Հայաստանի իշխանությունների կողմից, թե ում կողմից` թող իրենք գնահատեն և մեր հանրությանը ներկայացնեն: Նաև ժամանակին որոշում չի կայացվել կարևոր ռազմավարական կետերը` ճանապարհներ, բարձունքներ զբաղեցնելու, թեկուզ չհաստատված, իրավական հենք չունեցող, բայց այն շփման գծում, որը նախկինում եղել է Խորհրդային Հայաստանի ու Ադրբեջանի միջև»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Պաշտպանության նախկին նախարարի գնահատմամբ` պետք է հնարավորինս արագ մոբիլիզացիա իրականացվեր: Պետք է համապատասխան որոշումներ ընդունվեին,  ամենակարևոր կետերում դիրքերը կահավորելու համար, ինչն, ըստ Օհանյանի, ընդամենը մի քանի օր կարող էր տևել:

«Իսկ տեղի բնակչության օգնությամբ ավելի արագ կկահավորվեին, բայց կատարվել է հակառակը` Սյունիքում եղել են ՏԻՄ-երից ստորաբաժանումներ, որոնց ցուցում են տվել հետ քաշվել էն դիրքերից, որոնք իրենք զբաղեցնում էին»,- ասաց նա:

Նրա կարծիքով՝ պետք է բարձրացնել Պաշտպանության նախարարության ու ԱԱԾ սահմանապահ զորքերի փոխգործակցության մակարդակը` մեկը մյուսին փոխարինելու անհրաժեշտության դեպքում:

«Իրականում ոչ մի իրավական հենք չունենալով, Ադրբեջանի պարտադրմամբ՝ այսօր սահմանագծում է տեղի ունենում: Ոչ մի եզրակացություն չի արվել` ինչու ադրբեջանական ստորաբաժանումները մխրճվեցին ՀՀ տարածք, ովքեր են դրա մեղավորները, ինչ պատասխանատվության են ենթարկվել, և ինչ միջոցներ են ձեռնարկվում այդ դիրքերը վերականգնելու ուղղությամբ: Եւ այդ պայմաներում Թուրքիայի ու Ադրբեջանի հռետորաբանությունը տանում է նրան, որ Հայաստանը պետք է խաղաղության պայմանագիր ստորագրի և ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,-ասաց նա:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք դռնփակ նիստում անդրադարձ եղել է Գորիս-Կապան ճանապարհին և Փայլասարին, Օհանյանը դրական պատասխան տվեց: Սեյրան Օհանյանը սակայն մանրամասներ չհայտնեց` ասելով, թե աշխարհագրական առումով որոշակի գաղտնիություն կա:

Դիտարկմանը, թե արդյոք նրանք հաստատեցին, որ դիրքային փոփոխություն չկա Փայլասարի հատվածում, Օհանյանն ասաց.

«Իրենք ասում են՝ դիրքերի փոփոխություն չի եղել: Հաստատեցին, որ եղել է ՌԴ հենակետ` երկու երկրների միջև, և ՌԴ հենակետն իրենց որոշմամբ դուրս է հանվել, դիրքերի փոփոխություն չի եղել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter