HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Լավրովն ու Բայրամովը քննարկել են եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը երեքշաբթի օրը՝ նոյեմբերի 2-ին, հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են հայ-ադրբեջանական շփման գծում առկա իրավիճակը։ Այդ մասին նշվում է ՌԴ ԱԳՆ տարածած մամլո հաղորդագրության մեջ։

«Դիրքորոշումների հստակեցում է իրականացվել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացման, Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական բոլոր կապերի ապաշրջափակման, տարածաշրջանային համագործակցության համար բարենպաստ մթնոլորտի ստեղծման հարցերի շուրջ»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Ըստ դրա՝ ռուսական կողմը շեշտադրումը դրել է այն հանգամանքի վրա, որ կարևոր է շարունակել ջանքեր ներդնել Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների ողջ համալիրի քաղաքական-դիվանագիտական կարգավորման ուղղվածությամբ։

Լավրովն ու Բայրամովը քննարկել են նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների իրականացման ընթացքը։

Ադրբեջանի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ էլ նշվում է, որ կողմերը քննարկել են նաև տարածաշրջանում առկա ընթացիկ իրավիճակը և «ընդգծել Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությամբ «3+3» ձևաչափով համագործակցության հարթակի զարգացման կարևորությունը»։

«3+3» ձևաչափի ստեղծման մտադրության մասին ավելի վաղ հայտարարել էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նախատեսվում է, որ ձևաչափի ստեղծման պարագայում դրան կանդամակցեն Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը։ Այն զբաղվելու է Հարավային Կովկասում հաղորդակցային և տնտեսական կապերի ապաշրջափակմամբ։

Իրանը ողջունել էր նախաձեռնությունը՝ նշելով, որ պատրաստ է քայլեր ձեռնարկել տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործում։ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ևս նշել էր նախաձեռնության վերաբերյալ Ռուսաստանի հետաքրքրվածության մասին՝ հայտարարելով, որ աշխատում են հայկական կողմի հետ։ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ այդ երկիրը որևէ ձևաչափով հետաքրքրված չէ մասնակցել «3+3» ձևաչափում՝ որպես պատճառ նշելով Ռուսաստանի մասնակցությունը։

Լուսանկարը՝ ՌԴ ԱԳՆ կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter