HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վրաստանի պետանվտանգության ծառայության կարծիքով՝ Սաակաշվիլին պետական հեղաշրջում է պլանավորում

Ի պաշտպանություն նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլու՝ Վրաստանում բողոքի ակցիաների մասնակիցները պլանավորում են շրջափակել պետական հաստատությունների շենքերը։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության ներկայացուցիչ Բաչա Մգելաձեն։ Վերջինիս պնդմամբ՝ պետական հեղաշրջումը բանտից ղեկավարում է Վրաստանի նախկին առաջնորդը։ 

«Ընթացիկ տարվա նոյեմբերի 6-ից առանձին քաղաքական խմբեր Ռուսթավիի թիվ 12 քրեակատարողական հիմնարկի մոտ մտադիր են իրականացնել մշտական ակցիաներ, որտեղ տարբեր շրջաններից կգան նաև կուսակցությունների կողմնակիցները։ Բացի այդ, բողոքի ակցիաներ են նախատեսված նաև Թբիլիսի քաղաքում։ Օպերատիվ տեղեկատվության համաձայն՝ ակցիաների կազմակերպիչները նախատեսում են շրջափակել պետական հաստատությունները... Նշված գործողությունները, որոնց նպատակն է հանդիսանում իշխանության բռնի հեղաշրջումը, կազմակերպվում է բանտից՝ դատապարտյալ Միխեիլ Սաակաշվիլու կողմից»,- նշել է Մգելաձեն։ 

Վերջինիս խոսքերով՝ ցուցարարները նախատեսում են շրջափակել խորհրդարանի շենքը, Կառավարության աշխատակազմի շենքերը, նախագահականը, Արդարադատության, Ներքին գործերի նախարարությունների շենքերը, ինչպես նաև փակել այն փողոցները, որոնք տանում են Ռուսթավիի քրեակատարողական հիմնարկ, որտեղ գտնվում է Միխեիլ Սաակաշվիլին։ Մգելիձեի տվյալներով՝ ցուցարարներին նախատեսում են միանալ ուժային կառույցների նախկին աշխատակիցներ, իսկ կազմակերպիչները հույս ունեն իրենց կողմը ներգրավել նաև գործող ուժայիններին։

Ավելի վաղ, հայտնի էր դարձել, որ կտրուկ վատացել է Միխեիլ Սաակաշվիլու առողջական վիճակը, որն ավելի քան մեկ ամիս շարունակում է հացադուլը Ռուսթավիի բանտում: Ռուսական «Дождь» հեռուստաընկերության եթերում News Georgia տեղեկատվական գործակալության խմբագիր Իյա Բարատելին հայտարարել էր, որ քաղաքական գործչի հիշողությունը վատթարացել է, նա կորցնում է տրամաբանական կապը և չի կարող նամակ գրել։

Վերջինս կարծում է, որ վրացական իշխանություններին ընդհանրապես շահեկան չէ Սաակաշվիլուն փակել բանտում, քանի որ վերջինս իշխանությունների համար կլինի «անկայունության լուրջ գործոն»։ Ըստ վրացի լրագրողի՝ նախկին նախագահի անազատության մեջ գտնվելը համարվում է «ընդդիմության համար շատ մեծ խթան»՝ շարունակելու բողոքի ցույցերը։

Վրաստանի նախկին նախագահը Ուկրաինայից Վրաստան էր վերադարձել այդ երկրում ՏԻՄ ընտրությունների նախաշեմին՝ հոկտեմբերի 2-ին, որպեսզի մոբիլիզացնի իր աջակիցներին։ Նա բերման էր ենթարկվել և ձերբակալվել, որից հետո հացադուլ հայտարարել։ Հաջորդող շաբաթների ընթացքում Թբիլիսիում տեղի են ունեցել բողոքի մի քանի ցույցեր։ Ամենաբազմամարդ ակցիան կայացել է հոկտեմբերի 14-ին, երբ տասնյակ հազարավոր մարդիկ դուրս էին եկել մայրաքաղաքի փողոցներ՝ պահանջելով ազատ արձակել Միխեիլ Սաակաշվիլուն։

Լուսնակարը՝ արխիվային/AFP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter