HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թուրքիան Հայաստանին կոչ է անում միանալ «3+3» ձևաչափին

Թուրքիան Հայաստանին կոչ է անում հրաժարվել թշնամական քաղաքականությունից և միանալ տարածաշրջանային համագործակցության «3+3» հարթակին։ Այդ մասին  Ադրբեջանում հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, գրում է APA գործակալությունը։ 

Վերջինիս պնդմամբ, իբր Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահները ցուցաբերել են կառուցողական մոտեցում, որն ուղղված է գալիք սերունդների համար խաղաղ կյանքի ստեղծմանը։ Աքարն այն կարծիքին է, որ Թուրքիան ու Ադրբեջանը նոր դարաշրջանի դուռ են բացել, որը հիմնված է տարածաշրջանում կայունության և համագործակցության վրա։ 

«Մենք ակնկալում ենք, որ հայ պաշտոնյաները, հրաժարվելով ներկայիս քաղաքականությունից, կօգտվեն այդ պատմական հնարավորությունից, ներառյալ «3+3» հարթակի վերաբերյալ մեր առաջարկը»,- նշել է նա։ Աքարը պնդում է, որ Արցախում պատերազմն ավարտվել է և սկսվել է «նոր պայքար Կովկասում կայուն խաղաղության ապահովման համար»։ 

«Բոլորը պետք է իմանան, որ ապագան չի կարող կառուցվել ատելության և հիշաչարության վրա։ Հայաստանը պետք է դադարեցնի թշնամանքը և նայի ապագային։ Մենք էլ մեր կողմից կշարունակենք ջանքեր ներդնել մեր տարածաշրջանում խաղաղության, հանգստության և կայունության համար»։- հավելել է Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։ 

Չնայած այդ հայտարարություններին՝ Ադրբեջանի զինված ուժերը մայիսից շարունակում են  ապօրինաբար գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում։ Անտեսելով միջազգային հանրության կոչերը՝ հանելու իր զորքերը ՀՀ տարածքից, Ադրբեջանը շարունակում է չկատարել այդ պահանջը։ 

«3+3» ձևաչափի ստեղծման մտադրության մասին ավելի վաղ հայտարարել էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նախատեսվում է, որ ձևաչափի ստեղծման պարագայում դրան կանդամակցեն Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը։ Այն զբաղվելու է Հարավային Կովկասում հաղորդակցային և տնտեսական կապերի ապաշրջափակմամբ։

Իրանը ողջունել էր նախաձեռնությունը՝ նշելով, որ պատրաստ է քայլեր ձեռնարկել տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործում։ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ևս նշել էր նախաձեռնության վերաբերյալ Ռուսաստանի հետաքրքրվածության մասին՝ հայտարարելով, որ աշխատում են հայկական կողմի հետ։ Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ այդ երկիրը որևէ ձևաչափով հետաքրքրված չէ մասնակցել «3+3» ձևաչափում՝ որպես պատճառ նշելով Ռուսաստանի մասնակցությունը։

Լուսանկարը՝ Anadolu գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter