
ՌԴ խաղաղապահները հետաքննում են Շուշիի շրջանում հայ քաղաքացիական անձի սպանության դեպքը
Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը արձանագրել է նոյեմբերի 8-ին Շուշիի շրջանում ադրբեջանական զինված ուժերի կողմից արձակած կրակոցների դեպքը, ինչի հետևանքով զոհվել էր մեկ քաղաքացիական անձ, ևս երեքը՝ վիրավորվել էին։
«Նոյեմբերի 8-ին՝ Մոսկվայի ժամանակով 13։40-ին, Շուշիի շրջանում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել Լեռնային Ղարաբաղից 4-հոգանոց բանվորների խմբի վրա, ինչի հետևանքով երեք մարդ վիրավորվել է, իսկ մեկը՝ սպանվել»,- ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության նոյեմբերի 9-ի տեղեկագրում։
Ըստ Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը՝ հայկական և ադրբեջանական կողմերի հետ համատեղ, իրականացնում է միջադեպի հետաքննություն։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 8-ին Արցախի ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ ժամը 15։00-ի սահմաններում Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել տվյալ վայրում ջրատար խողովակների վրա աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց վրա։ Արձակված կրակոցների հետևանքով երեք հոգի վիրավորվել էր, իսկ մեկը զոհվել։
Ավելի ուշ, Արցախի դատախազությունը տեղեկացրեց, որ վիրավորները վնասվածքներ են ստացել կրծքավանդակի և պարանոցի հատվածում, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Լուսանկարը՝ արխիվային / © Սարո Բաղդասարյան
Մեկնաբանել