HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ինքս ինձ խոսք էի տվել՝ պետք է անցնեմ իմ տղայի ճանապարհով, ինչ գնով էլ լինի»

Հակոբ Եղիազարյանը զոհվել է 2020թ․ նոյեմբերի 7-ին Շուշիի մատույցներում։ Մարտերի ընթացքում հնարավոր չի եղել դուրս բերել Հակոբի մարմինը, երկար ժամանակ հարազատները կարծել են, որ նա գերության մեջ է։ Հակոբի աճյունը 2021թ․ հունվարի 26-ին Արցախին ադրբեջանական կողմից փոխանցված 31 աճյունների մեջ էր։

2019-ի հունվարի 16-ին Հակոբը զորակոչվել է բանակ, ծառայել է կենտրոնական պաշտպանական շրջանում՝ Ստեփանակերտում (հայտնի է որպես ЦОР), հինգերորդ վաշտի հակատանկային դասակում։ 2020թ․ հուլիսին մասնակցել է սերժանտական կուրսերի, կրտսեր սերժանտի կոչում է ստացել, հաշվարկի հրամանատար-օպերատոր էր։

«Ուրախացած զանգեց, ասեց՝ սերժանտ եմ ստացել»,-պատմում է մայրը՝ Գայանե Արզումանյանը։

Սեպտեմբերի 27-ի առավոտյան պատերազմի մասին մայրն իմացել է համացանցից, զանգահարել է, որդու հեռախոսն անհասանելի է եղել։ Երեկոյան Հակոբը զանգել ու ասել է, որ ամեն ինչ նորմալ է, նրանք ապահով տեղում են, մինչդեռ առաջին օրվանից Հադրութի դիրքերում են եղել։

«Գրեթե ամեն օր խոսում էինք, շատ հարցեր չէի տալիս, չէի ուզում վտանգել իրենց, ներքուստ համոզված էի, որ ամեն ինչ վերջանալու է շուտով, որ իր հետ ոչինչ չի պատահի, բայց պատահեց այն, ինչ պատահեց»,- պատմում է մայրը։

Հակոբի դասակը մինչև հոկտեբերի 25-ը եղել է Հադրութի դիրքերում, հետո 1-2 օրով Ասկերան են տեղափոխվել հանգստանալու, լողանալու, այնտեղից վերջին նկարներն է ուղարկել մորը։

Գայանեն մեզ ցույց է տալիս պահարանում իրար կողք դրված որդու նկարներից երկուսն ու ասում, որ դրանք որդուց մնացած վերջին հուշերն են։   

Ասկերանից Հակոբ Եղիազարյանը իր դասակի հետ գնացել է Քարին Տակ։ Նոյեմբերի 4-ին Քարին Տակից դուրս են եկել։ 

«Առաջին անգամն էր, որ չկարողացա զսպել մայրական զգացմունքներս, զգացի, որ վտանգի մեջ է։ Խնդրեցի, որ տեղը ասի, որ շատ զգույշ լինի։ Միշտ իրեն դուխ եմ տվել, ուրիշ կերպ եմ հետը խոսել, բայց  էս անգամ՝ չէ, զգում էի, որ վտանգի մեջ է, ասեց՝ մա՛մ, Շուշիի մոտ ենք, ապահով է, ասֆալտի վրա ենք»,- պատմում է մայրը։

Ամսի 6-ին մայրը կապվել է Հակոբի հորեղբոր հետ, որը նույպես առաջնագծում էր, վերջինս հանգստացրել է մորը՝ ասելով, որ Հակոբենց գտնված վայրում՝ Շուշիի ճանապարհին էլեկտրակայանի մոտ, օգնության են գնացել մեծ թվով զորքեր, ու Հակոբենք էլ մենակ չեն։

Վերջին անգամ Հակոբը զանգել է նոյեմբերի 7-ին՝ առավոտյան 11-ին։ Երեկոյան ընտանիքի անդամները արդեն տագնապի մեջ էին, Հակոբը չէր զանգել, հեռախոսահամարն անհասանելի էր։

«Այդ օրը՝ երեկոյան զանգեց Հակոբի հորեղբոր տղան, ասեց՝ Հակոբի հեռախոսը անհասանելի է։ Հետո իմացա, որ զանգել, ասել էր՝ եթե մի քանի ժամից չզանգեմ, իմացի՝ իմ հետ մի բան եղել ա, տանեցիներին մի բան կխաբես»,- պատմում է մայրն ու հայացքը ուղղում որդու նկարին։

«Հակոբը զուսպ էր, գիտեր, որ անհանգստանալու եմ, երբեք ավել բան չէր ասում։ Եթե իմանայի, որ վտանգի մեջ ա, ամեն ձև կփորձեի օգնել, հետ բերել, եթե իմանայի»,- ասում է Գայանե Արզումանյանը։

2021թ. սեպտեմբերին Գայանե Արզումանյանին հրավիրել են Ստեփանակերտի զորամաս որդու՝ Հակոբի ու նրա հետ զոհված տղաների հուշանկյունի բացմանը։

«Երկար էի մտածում՝ գնա՞լ Ստեփանակերտ, թե՞ ոչ։ Հասկանում էի, որ անցնելու էինք Շուշիի ճանապարհով՝ այն վայրով, որն արդեն մերը չէ, որտեղ զոհվել է Հակոբս։ Ես գիտեի, որ դժվար ճանապարհով եմ անցնելու, բայց մինչև էդ էլ ինձ խոսք էի տվել, որ ես պետք ա իմ տղայի ճանապարհով անցնեմ ու ինչ գնով էլ լինի, պետք ա գնամ»,- ասում է մայրը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter