HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մարիա Զախարովա. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը միջազգային լայն աջակցություն ունի»

ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է արցախյան հակամարտության համատեքստում Մինսկի խմբի գործունեությանն ու «3+3» ձևաչափի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշմաը։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը միջազգային լայն աջակցություն ունի, ինչպես որ նշված է ՌԴ ԱԳՆ ընթացիկ տարվա նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ: Կարևոր ենք համարում եռյակի գծով շարունակել ջանքերը նախևառաջ տարածաշրջանի առաջ ծառացած սոցիալ-տնտեսական և մարդասիրական խնդիրների լուծման համատեքստում»,- ասել է Զախարովան։ Նա հիշեցրել է, որ 2021 թվականի սեպտեմբերի 24-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի շրջանակներում, հանդիպել էին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները։ 

Նրա պնդմամբ՝ ներկայում համանախագահ եռյակը նախապատրաստվում է հանդիպումներ և շփումներ ունենալ եվրոպական մի շարք մայրաքաղաքներում։ «Մենք կարևոր ենք համարում նաև հնարավորինս արագ վերականգնել եռյակի՝ այդ տարածաշրջան այցելելու պրակտիկան»,- հավելել է Մարիա Զախարովան։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը պատասխանել է նաև Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների առաջարկած «3+3» ձևաչափի վերաբերյալ հարցին։

Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանը սատարում է այդ առաջարկը։ Նրա խոսքով՝ ժամանակն է, որ դրա գործարկմանն ուղղված ծրագրերը կյանքի կոչվեն։

«Իսկ ինչ վերաբերում է Վրաստանի դիրքորոշմանը, ապա Թբիլիսիից լսում ենք իրարամերժ հայտարարություններ՝ այս խորհրդատվական մեխանիզմում մասնակցության առնչությամբ: Բայց դա ինքնիշխան պետության դիրքորոշումն է: Մենք ելնում ենք նրանից, որ «3+3» ձևաչափը համապատասխանում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերին»,- եզրափակել է Զախարովան։

«3+3» ձևաչափի ստեղծման մտադրության մասին ավելի վաղ հայտարարել էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նախատեսվում է, որ ձևաչափի ստեղծման պարագայում դրան կանդամակցեն Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը։ Այն զբաղվելու է Հարավային Կովկասում հաղորդակցային և տնտեսական կապերի ապաշրջափակմամբ։

Իրանը ողջունել էր նախաձեռնությունը՝ նշելով, որ պատրաստ է քայլեր ձեռնարկել տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործում։ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ևս նշել էր նախաձեռնության վերաբերյալ Ռուսաստանի հետաքրքրվածության մասին՝ հայտարարելով, որ աշխատում են հայկական կողմի հետ։ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ այդ երկիրը որևէ ձևաչափով հետաքրքրված չէ մասնակցել «3+3» ձևաչափում՝ որպես պատճառ նշելով Ռուսաստանի մասնակցությունը։

Լուսանկարը՝ արխիվային/ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter