HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

«Ճիշտ չէ խոսել անվճար ծառայությունների մասին». ԿԲ նախագահի տեղակալը՝ անկանխիկ վճարումների բանկային միջնորդավճարների մասին

Անկանխիկ վճարումների ծավալների աճը կարող է հանգեցնել բանկային միջնորդավճարների նվազմանը։ Ազգային ժողովում «Անկանխիկ գործառնությունների մասին» նախագծի նոյեմբերի 16-ի քննարկմանը հայտարարեց ԱԺ  ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը։

Նախագիծը ներկայացնող Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը սկզբունքային է համարում բանկային միջնորդավճարների վերին շեմի սահմանումը։ Դրանք այն գումարներն են, որոնք բանկերը գանձում են տնտեսվարողներից անկանխիկ գործարքներ կատարելիս։ Դրանք կարող են ոչ միայն միջնորդավճարներ լինել, որոնք գանձվում են գործարքի ժամանակ, այլ՝ ֆիսքված ամսական վճար, սակայն՝ ոչ երբեք անվճար։

«Իհարկե, ճիշտ չէ խոսել անվճար ծառայությունների մասին։ Դրա հիմքում պետք է լինեն շուկայական հարաբերություններ։ Այս ոլորտը բավականին լուրջ ներդրումներ պահանջող ոլորտ  է։ Այսօր միջնորդավճարները 0.1-4% են՝ կախված գործարքի և քարտի տեսակից»,- նշում է Վախթանգ Աբրահամյանը։ 

Այս նախագծով առաջարկվում է բացառապես անկախիկ վճարումների ընդունում փաստաբանական, առողջապահական, բանկային, կրթական, նոտարական և մի շարք այլ ոլորտներում ծառայություններից օգտվելու դիմաց։ Անկախիկ պետք է կատարվեն նաև պետական բյուջեից սնվող հաստատությունների գործարքները։ 

Նախատեսվում է աստիճանաբար անկանխիկի անցնել աշխատավարձերի, թոշակների, նպաստների ոլորտում։ ԿԲ նախագահի տեղակալը շեշտում է, որ այսօր կենսաթոշակային քարտերը տրամադրվում են անվճար, դրանով կանխիկացումը ևս անվճար է։ 

Իսկ օրինակ՝ առևտրի և այլ ծառայությունների պարագայում անկանխիկի պահանջը կգործի, եթե գործարքի չափը գերազանցի 300 հազար դրամը։

«99% ՀԴՄ-ների պարագայում այդ շեմը չի անցնում, հետևաբար նաև կարող ենք ենթադրել, որ մեր քաղաքացիների առօրյա կյանքում, իրենց առօրյա գործարքների տեսանկյունից՝ սպառման կամ վճարումներ իրականացնելիս սրանով էական վարքագիծ չի փոխվում։ Սա էական մաս է նաև թվային տնտեսության ձևավորման»,- ասում է ԿԲ նախագահի տեղակալը։

Նա հիշեցնում է, որ ըստ նախագծի` անկանխիկին անցնելու գործընթացը փուլային է լինելու՝ 2022 թվականից Երևան քաղաքում, 2023 թվականից՝ մարզկենտրոններում և 2024 թվականից՝ Հայաստանի ամբողջ տարածքում։

Սակայն փորձագետներն ու ոլորտին առնչվող մասնագետները բազմաթիվ խութեր են տեսնում որոշ ոլորտներում անկանխիկ գործարքները պարտադիր դարձնելու գաղափարի մեջ՝ սկսած բանկերի սահմանած բարձր միջնորդավճարներից, մարզերում ու շատ խանութներում վճարային տերմինալների բացակայությունից, թույլ ինտերնետ կապից մինչև քաղաքացիների՝ արգելափակված հաշիվների հետ խնդիրներ:

Թե՛ Կենտրոնական բանկը, թե՛ իշխող խմբակցության պատգամավորների մի մասը, ինչպես կարելի է ենթադրել ԱԺ այսօրվա նիստից, թեև տեղյակ են այդ խնդիրներից, սակայն համարում են, որ նախագիծը դրական ազդեցություն է ունենալու մարդկանց կյանքի վրա։  

«Վերջնարդյունքում հանրությունը շահելու է։ Կլինի տնտեսության ստվերի կրճատում, թափանցիկություն։ Ավելանալու են հարկերը, և այդ հարկերից շահելու են քաղաքացիները»,- համոզված է Գևորգ Պապոյանը

Ըստ նրա՝ թյուր կարծիք կա, որ կանխիկ գործառնություններն ավելի էժան են, քան անկանխիկը։ Եթե այս նախագիծն ընդունվի, պատգամավորը խոստանում է անձամբ հետևել ու հաշվետվություններ ներկայացնել բանկային միջնորդավճարների վերաբերյալ։ 

Նախագիծը ԱԺ-ում ներկայացնող Վախթանգ Աբրահամյանը հավաստիացնում է, որ այն մշակելիս միջազգային փորձն է ուսումնասիրվել։ Համաձայնեցվել է Արդարադատության նախարարության հետ։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը, սակայն, կարծում է, որ առաջարկվող պարտադրանքը կարող է հակասել Սահմանադրությանը։ 

«Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի իր սեփականության հետ վարվելու մի քանի սահմանադրական երաշխավորված իրավունք ունի։ Դրանցից մեկը տնօրինումն է։ Ցանկացած ֆինանսական ռեսուրս իր սեփականության կոմպոնենտ է։ Սեփականության ձևը սահմանափակելը, կարծում եմ, հնարավոր է Սահմանադրությանը հակասի»,-  ԿԲ նախագաhի տեղակալին հարց ուղղելիs ասաց Գուրգեն Արսենյանը։ Ավելի ուշ հավելեց, որ վճարման եղանակը սահմանափակելով՝ քաղաքացուն պարտադրվում է հրաժարվել տնօրինման որոշակի գործիքակազմից։ 

ԿԲ նախագահի տեղակալը կարծում է, որ տնօրինման տեսնակյունից որևէ սահմանափակում չկա, այստեղ կարգավորվում է միայն վճարման եղանակը։ «Շատ երկրներում կան հստակ սահմանափակումներ՝ թե՛ ըստ գործարքների շեմի, թե՛ ոլորտների»,- ասաց Վախթանգ Աբրահամյանը։

Վերջին տարիներին անկանխիկ վճարումների թիվը Հայաստանում աճում է, որը Կենտրոնական բանկի փորձագետները պայմանավորվում են ինչպես թվային տեխնոլոգիաների կիրառման ավելացմամբ, այնպես էլ՝ 2020 թվականին տարածված համավարակով, որը շատերին ստիպեց կանխկի փոխարեն օնլայն վճարումներ կամ քարտային գործարքներ կատարել։ 

ԿԲ նախագահի տեղակալը շեշտում է, որ անկանխիկ ասելով՝ պետք չէ հասկանալ միայն քարտերով վճարումները, դա կարող է լինել նաև օնլայն դրամապանակների կամ QR կոդերի միջոցով։ 

«Այս պարագայում պետության հիմնական դերը պետք է լինի համապատասխան ենթակառուցվածքների ապահովումը, որ վստահ լինենք, որ այս օրենքի հիմնական նպատակը իրականացված է։ Դա այն է, որ ցանկացած քաղաքացի պետք է հնարավորություն ունենա անկանխիկ վճարելու, և տնտեսվարողը իրավունք չունի դա մերժելու»,- նշում է ԿԲ նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը։  

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը նկատում է, որ Հայաստանում չափահաս բնակչության մեծ մասն ունի քարտեր, բայց փողը բանկոմատից հանում և հետո նոր գնում է առևտուր անելու։ 

«Պատճառն այն է, որ երբ դու գնում ես քարտով առևտուր անելու, պարզվում է՝ այդ պահին ինտերնետի կապ չկա, օրինակ, կամ այդ քարտը չի սպասարկվում։ Իսկ այդ պատասխանն ինչո՞ւ է հնչում, որովհետև 5% շրջանառության հարկով աշխատող խանութի համար, երբ դու «Վիզա» քարտով կամ «ՄաստերՔարտ»-ով փորձում ես առևտուր անել, ստացվում է, որ 2-3% վրան գումար է ավելանում ու ստացվում է, որ այդ մարդու 5% շրջանառության հարկը դառնում է 6-7%», - ասաց Թունյանը:

Ըստ նրա՝ անկանխիկ վճարումների խոչընդոտ է նաև բնակչության ֆինանսական գրագիտությունը։ 

ՔՊ-ական պատգամավոր Արթուր Դավթյանը խնդրահարույց է համարում փատաբանական ծառայությունների դիմաց բացառապես անկանխիկ վճարումների անցնելը։ Մեկ այլ խնդիր է՝ սնանկ ճանաչված քաղաքացիների հարցը, որոնք չեն կարողանա օգտվել մի շարք ծառայություններից։  

Նախագծի քննարկմանը ելույթ ունեցած գրեթե բոլոր պատգամավորները խոսեցին գրավատների համար սահմանված 20 հազար դրամի շեմի մասին՝ այն համարելով  ցածր։  

Նախագծում տեղ գտած բացառությունների շարքում են նաև գրավատները: Նրանց պարագայում շեմը սահմանված է 20 հազար դրամը: Այսինքն՝ եթե գրավատանը գրավադրվում է որևէ իր և դրա դիմաց գրավատունը տալիս է ավելի քան 20 հազար դրամ, ապա այս օրենքն ընդունելուց հետո, գրավատունը պարտավոր կլինի գումարը հաճախորդին փոխանցել բացառապես անկանխիկ:

Գրավատանը դիմած քաղաքացին, ենթադրվում է, ֆինանսական խնդիրների մեջ է, ունի արգելափակված հաշիվներ և ցանկացած փոխանցում նրա հաշիվներին, կարող է ևս արգելանքի տակ դրվել։ Այդպիսով, նա կզրկվի այդ գումարը ստանալու հանարավորությունից։ Մյուս կողմից էլ՝ այդ պարագայում գրավատների հաճախորդները կպակասեն։

«Գրավատները կսկսեն փակվել, և այդ բիզնես տեսակը կփակվի։ Նրանցից ևս հարկեր են գոյանում, պետությունը կզրկվի այդ հարկերից»,- նկատում է Արթուր Դավթյանը։

ԿԲ նախագահի տեղակալը հակադարձում է, որ օրենքը չպետք է արգելանքներից խուսափելու մեխանիզմներ ունենա։ 

«Այն անձանց համար, որոնք արդեն իսկ ունեն խնդիրներ ֆինանսական համակարգի հետ, և նրանց հաշիվներն արգելանքի տակ են, վերջին հնարավորությունն է գրավատներից գումարներ ստանալը։ Սակայն դրանով, որպես կանոն, նրանց վիճակն ավելի է վատթարանում։ Այս օրենքը չպետք է արգելանքներից խուսափելու մեխանիզմներ ունենա»,- շեշտում է Վախթանգ Աբրահամյանը։ 

Հիշեցնենք, որ Խորհրդարանի հերթական քառօրյան մեկնարկեց ընդդիմության բոյկոտով: Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարեց` սահմանային լարվածության օրակարգով ընդդիմությունը փորձել է օգտվել իր սահմանադրական իրավունքներից և արտահերթ նիստով քննարկել հարցը, ինչը տեղի չի ունեցել։

ԱԺ նիստի օրակարգի այսօրվա նախագծերը քննարկվել են առանց նրանց։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter