HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Գեննադի Պետրոսյան․ ճակատագրական վերադարձ Մադաթաշեն

Զգուշացում․ հոդվածում կան դաժանություն նկարագրող տեսարաններ

69-ամյա Գեննադի Պետրոսյանը Արցախի Ասկերանի շրջանի Մադաթաշեն գյուղի բնակիչներից էր։ 2020թ․ հոկտեմբերի վերջին Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են գյուղ և գերեվարել այնտեղ մնացած Գեննադի Պետրոսյանին։ Նոյեմբեր ամսին ադրբեջանական տելեգրամ-ալիքներում տարածվում է Գեննադի Պետրոսյանի զարհուրելի սպանության տեսանյութը, որից կարելի է եզրակացնել՝ նրա սպանությանը մասնակցում է ադրբեջանական զինված ուժերի մի ամբողջ դասակ։

Հրապարակված տեսանյութը սկսվում է այն տեսարանով, որ ադրբեջանցի երկու զինծառայող բռնել է կիսամերկ Գեննադի Պետրոսյանի ձեռքերից, իսկ մեկ այլ զինծառայող, բռնելով նրա գլխից, դանակը մոտեցնում է կոկորդին և կտրում։ Գեննադի Պետրոսյանը ցավից սկսում է գալարվել, ինչից հետո ադրբեջանցի ևս մեկ զինծառայող ոտքը դնում է նրա կրծքավանդակին, որպեսզի չշարժվի, իսկ մի ուրիշ զինծառայող սկսում է ոտքով հարվածել Գեննադի Պետրոսյանի որովայնին։ Նրա գլխատումը տեղի է ունենում սատկած խոզերի մարմինների մոտ, իսկ այդ դաժան սպանությունն ուղեկցվում է ադրբեջանցի մի խումբ զինծառայողների ծափահարություններով, սուլոցներով, «գյոզա՜լ, գյոզա՜լ» բացականչություններով։

Մեկ այլ տեսանյութում Գեննադի Պետրոսյանի արդեն իսկ գլխատված մարմինն է՝ ընկած սատկած խոզի կողքին։ Ադրբեջանցի զինծառայողը ոտքով սեղմում է նրա կրծքավանդակին, և արյունը շարունակում է դուրս հոսել նրա կտրված պարանոցից։ Այնուհետև, երբ ադրբեջանցի զինծառայողը տեսախցիկը շրջում է մեկ այլ կողմ, տեսանելի է դառնում Գեննադի Պետրոսյանի՝ մարմնից անջատված գլուխը, որը սկզբում դրված է եղել այլ խոզի մարմնի վրա, որտեղից սահելով ընկել է գետնին։ Այդ տեսանյութը նույնպես ուղեկցվում է ադրբեջանցիների ոգևորված բացականչություններով։

Գեննադի Պետրոսյանը փախստական էր, մինչև 1988 թվականն ապրել են Սումգայիթում, 88-ի փետրվարյան ջարդերի ժամանակ տեղափոխվել են Մադաթաշեն և նրա հոր անունով տուն են ստացել։ Այնտեղ նա միայնակ էր ապրում, ամուսնացած չէր, ծնողներն էլ վաղուց էին մահացել։

Մադաթաշենն ուներ 102 բնակիչ։ Համայնքապետ Էդուարդ Հայրապետյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ գյուղի տարհանումը սկսել են հոկտեմբերի 5-ից, երբ Ադբրեջանի զինված ուժերը, նրա խոսքով, գտնվել են գյուղից մոտ 10 կմ հեռավորության վրա և շարունակել մինչև հոկտեմբերի 20-ը։ Բնակիչներին մաս-մաս տեղափոխել են հարևան Ակնաղբյուր համայնք, այնտեղից էլ ավտոբուսներով՝ Ստեփանակերտ։

Էդուարդ Հայրապետյանն ասում է, որ ինքը Գեննադի Պետրոսյանին անձամբ երկու անգամ ճանապարհել է Ակնաղբյուր, սակայն երկու անգամ էլ նա վերադարձել է։ Երկրորդ վերադարձը ճակատագրական է եղել Գեննադի Պետրոսյանի համար։

«Հոկտեմբերի 27-ին իրան տարել եմ Ակնաղբյուր։ Մինչև էդ ես համայնքի բոլոր բնակիչների տարհանումը կազմակերպել եմ, բայց ինքը մնացել էր համայնքում՝ երկու մեծահասակների հետ։ Իրանց տարհանեցինք, բայց Գենան չգնաց, ասում էր՝ ուզում եմ մնամ մոտդ, ասեցի՝ որ մնաս մոտս, ինձ խանգարելու ես, ոչ ֆիզիկական ունես, տարիքդ էլ՝ հասած։ Ասեցի՝ անցի՛, գնա՛ քաղաք, ես կգամ քեզ ընդեղ կդիմավորեմ։ Բերել եմ իրեն ճանապարհել, ես՝ հետ դարձել դիրքեր։ Ասել եմ՝ գնա՛ Ստեփանակերտ, իսկ ինքը թաքուն հետ ա եկել գյուղ։ Երկու անգամ ճանապարհել եմ, երկու անգամ էլ հետ ա դարձել, բայց էս վերջին հետ դառնալը ես չեմ իմացել։ Իրան իջեցրել եմ Ակնաղբյուր համայնք, մարդկանց ասել, որ հենց ավտոբուսները գան, իրան էլ կուղեկցեք, մեր համայնքից մենակ ինքն էր մնացել, բայց ինքը հետ է դարձել գյուղ»,- պատմում է Էդուարդ Հայրապետյանը։

Մադաթաշենի համայնքապետը Գեննադի Պետրոսյանին ճանապարհելուց և դիրքեր բարձրանալուց հետո իմացել է, որ վերջինս կրկին վերադարձել է գյուղ։ Հենց ինքը՝ Գեննադի Պետրոսյանն է զանգահարել համայնքապետին։

«Հոկտեմբերի 28-ն էր, զանգեց ինձ, ասեց՝ Է՛դ ջան, հետ եմ եկել գյուղ։ Ասում եմ՝ ինչի՞ ես հետ եկել գյուղ։ Ինքը տունն ա եղել, որ ադրբեջանցիները մտել են համայնք։ Զանգել, ասում ա՝ երեք հոգի կան, ձեր յանն են գնացել։ Ասում եմ՝ բա քեզ ո՞վ ա ասել, որ հետ դառնաս, ես քեզ տարհանել եմ, ուղեկցել եմ, որ գնաս Ստեփանակերտ»,- հիշում է Մադաթաշենի համայնքապետը։

Էդուարդ Հայրապետյանը հեռախոսազրույցի ընթացքում բացատրել է Գեննադի Պետրոսյանին, թե նա ինչպես կարող է գյուղից դուրս գալ, ուր գնա, որ կարողանան հանդիպել, բայց գյուղից դուրս գալու ծրագիրն այդպես էլ չի իրագործվել։

«Զանգել ա, ասում ա՝ հեռախոսը նստում ա, մարտկոցին երկու խազ ա մնացել։ Ասել եմ՝ անջատի՛, կես ժամը մեկ կկապվե՛ս ինձ հետ ու նե՛նց կանես՝ քեզ չտեսնեն։ Տեղն ասել եմ՝ էսինչ ժամին, էսինչ հատվածում, գետի հունով իջնում ես դեպի Ակնաղբյուր, գալիս ես մոստի կողմը ու զանգում ես ինձ, ես կգամ քո հետևից։ Էդպես էլ չզանգեց։ Մենք էլ ինչքան զանգեցինք, ասում էր` անհասանելի է, բաժանորդը գտնվում է ռադիոծածկույթից դուրս։ Իրան ասեցի՝ էսքան տեղ ե՛կ, մոտ կիլոմետրուկես ճանապարհ էր, մի ձև կանենք, կգանք քո հետևից, ու տենց էլ չզանգեց»,- հիշում է Էդուարդ Հայրապետյանը։

Մադաթաշենի համայնքապետի ասելով՝ Գեննադի Պետրոսյանը վերջին տարիներին այլևս ոչնչով չէր զբաղվում, կենսաթոշակառու էր։ Բոլոր համագյուղացիների հետ լավ հարաբերություններ է ունեցել, նրանք էլ ինչով կարողացել օգնել են միայնակ կենսաթոշակառուին։

Գեննադի Պետրոսյանը մեկ հարազատ եղբայր է ունեցել, որը ժամանակին բնակվում էր Մոսկվայում, սակայն թե հիմա որտեղ է, Էդուարդ Հայրապետյանը չգիտի։ Փորձել են սոցիալական ցանցերով գտնել նրան, սակայն ապարդյուն։ Հայրապետյանի տեղեկություններով, Գեննադի Պետրոսյանի և նրա եղբոր միջև կապ չի եղել, չեն շփվել։ «40 տարեկան եմ, երևի մի անգամ եմ տեսել, որ գյուղ է եկել»,- ասաց Մադաթաշենի համայնքապետը։

Գեննադի Պետրոսյանի աճյունը մինչև օրս չի հայտնաբերվել։

«Հետքը» շարունակելու է ներկայացնել 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանցիների կողմից դաժանորեն սպանված քաղաքացիական անձանց պատմությունները։

Կարդացե՛ք նաև՝


Իլյուստրացիաները՝ Շուշան Գևորգյանի

Մեկնաբանություններ (2)

john
when satan acts ... they are worse than animals I repeat it to whom may listen : boycott these satanics , and never, never trust them
Bedros Kojian
This is all the fault of the government of Armenia. They know the Azeris hate us they want to wipe us from the face of the earth and in spite of that they are talking about friendly neighbourly peaceful coexistence. How can you say such a thing when your neighbour day i and day out are killing us in our country let alone Arstakh. Now they have taken over 41 square kilometers from Armenia. as Լեռ կամսար ( has said in early 1960ies or late 1950ies This is when Armenia was in a much much better condition) Մեզ մօտ ապագայով Ապրողներ չես ճարի։ Մենք նման ենք մսավաճառի Ախոռում կապուած Ոչխարների, որոնք չգիտեն Ծախուելո՞ւ են վաղը Թե՞ մորթուելու This was supposed to be pubished in his new book then I don't know if it was published or not Never the less this is much more true now then it was then. And we thousands and thousands of us realize this and powerless to do something about it while our so called leaders parties, opposition and government all they care about is their sits. As someone has said by repeating the same mistakes we are still expecting different outcome and that will never happen. Bedros Kojian

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter