HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վրաստանը չի մասնակցի «3+3» ձևաչափին

Վրաստանը չի նախատեսում մասնակցել Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով «3+3» ձևաչափի աշխատանքներին։ Այդ մասին ուրբաթ՝ նոյեմբերի 19-ին, հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին՝ ելույթ ունենալով այդ երկրի խորհրդարանում։

«Վրաստանը չի մասնակցի «վեց»-ի հարթակի նախաձեռնությանը։ Ես այդ մասին հայտնել եմ նաև Թուրքիա և Ադրբեջան կատարած այցերի ժամանակ»,- նշել է Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Ընդ որում, Զալկալիանին ընդգծել է, որ հարևան երկրների հետ բալանսավորված հարաբերությունները հանդիսանում են Վրաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը։ Նա նշել է, որ Թբիլիսին ստեղծել է պայմաններ հակամարտության գոտի հումանիտար բեռների անարգել փոխադրման համար։ 

«Տարածաշրջանում առկա էսկալացիայով պայմանավորված՝ մենք միանշանակ բալանսավորված քաղաքականություն ենք վարել հակամարտության հետ կապված։ Ռազմական բեռների տեղափոխմանը և տրանզիտային փոխադրումներին մենք անհապաղ արձագանքել ենք։ Դա որոշակի առումով նպաստել է դեէսկալացիային։ Շատ կարևոր են եղել նաև երկու հարևանների հետ Վրաստանի ակտիվ շփումները»,- հավելել է Զալկալիանին։

Դեռ այս տարվա հոկտեմբերի սկզբին Վրաստանի արտաքին գործերի նախարարը հայտարարել էր, որ Վրաստանի համար դժվար կլինի Ռուսաստանի հետ միասին մասնակցել «3+3» ձևաչափին, սակայն երկիրն ինչ-որ ձևով պետք է ներկայացված լինի աշխարհաքաղաքական մեծ նախագծերում։ «Այդ աշխարհաքաղաքական մեծ նախագծերում և հարաբերություններում պետք է ինչ-որ ձևով ներկայացված լինենք, բայց, անկասկած, ոչ ի հաշիվ պետական շահերի և ինչ-որ զիջումների...»,- հայտարարել էր Զալկալիանին։ Նա նշել էր, որ երբ չկա որևէ առաջընթաց Աբխազիայից և Հարավային Օսիայից ռուսական զորքերի դուրսբերման հարցում, «շատ դժվար է նստել այդպիսի ձևաչափում և խոսել ինչ-որ ենթակառուցվածքային նախագծերի մասին»։

Հաջորդ օրը Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հերքել էր սեփական նախարարի խոսքերը՝ հայտարարելով, որ չի դիտարկում Ռուսաստանի հետ «3+3» ձևաչափին մասնակցությունը՝ պնդելով, թե, իբր, լրատվամիջոցներն սխալ են մեկնաբանել Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքերը։ 

«3+3» ձևաչափի ստեղծման մտադրության մասին ավելի վաղ հայտարարել էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նախատեսվում է, որ ձևաչափի ստեղծման պարագայում դրան կանդամակցեն Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը։ Այն զբաղվելու է Հարավային Կովկասում հաղորդակցային և տնտեսական կապերի ապաշրջափակմամբ։

Իրանը ողջունել էր նախաձեռնությունը՝ նշելով, որ պատրաստ է քայլեր ձեռնարկել տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործում։ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ևս նշել էր նախաձեռնության վերաբերյալ Ռուսաստանի հետաքրքրվածության մասին՝ հայտարարելով, որ աշխատում են հայկական կողմի հետ։

Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ այդ երկիրը որևէ ձևաչափով հետաքրքրված չէ մասնակցել «3+3» ձևաչափում՝ որպես պատճառ նշելով Ռուսաստանի մասնակցությունը։

Լուսանկարը՝ Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter