HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խաբեության հաբեր. ինչպես են մարդկանց մոլորեցնում` խոստանալով ակտիվ սեռական կյանք

Անդրանիկ Անտոնյանի «սեքսը երկար է, ..., աղջիկները գոհ են»։

Գարեգինը պնդում է՝ «սեքսը տևեց 1 ժամ...»։

Լենա Մանուկյանի ամուսինը անկողնում «ասես տրակտոր լինի...», իսկ Հրաչյա Սահակյանի կինը «երջանկությունից 7-րդ երկնքում է»։

Սեքսից գոհ այս բոլոր մարդիկ ֆեյքեր են, իսկ մեկնաբանությունները՝ հորինված։ Դրանք տեղադրված են Կարինա Սեդրակյանի կեղծ բլոգում՝ «Հիմա ամուսնուս մոտ կանգնում է, իսկ ես հալվում եմ նրա մի հայացքից» վերնագրով գրառման տակ, որում նա պատմում է իր և ամուսնու սեռական կյանքի մանրամասները։

Կեղծ բլոգում հրապարակված միակ գրառման սցենարը բավականին կանխատեսելի է՝ ամուսինը ունենում է էրեկցիայի խնդիրներ, ինչի պատճառով զույգի սեռական կյանքը դառնում է անգույն։ Բայց երկնքից անսպասելի ընկնում է փրկությունը՝ էրեկտիլ դիսֆունկցիան բուժող հաբը, այս դեպքում՝ «Sultan power»-ը։

Կարինան գնում է հաբերը, երեկոյան դրանք թաքուն լցնում ամուսնու թեյի մեջ և մերկանում։ Տեղի է ունենում հրաշքի պես մի բան, որը Կարինան նկարագրում է հատուկ ոգևորությամբ։

«Ամուսինս ընթրեց, խմեց թեյը, անցավ ընդամենը 5 րոպե և այնպես սկսեց նայել ինձ, իսկ նրա վարտիքում ինչ-որ բաներ էր կատարվում: Հետո հարձակվեց ինձ վրա` սեքսով զբաղվեցինք 1 ժամ 47 րոպե... Նման բան երբեք չէի զգացել իմ կյանքում: Ես, իհարկե, հավատում էի, բայց չէի սպասում ՆՄԱՆ հզոր արդյունք: Չէի էլ երազում»:

Իր սեռական կյանքից արդեն գոհ Կարինան տղամարդ ընթերցողներին պատմում է, որ հաբերը ազդում են նաև կանանց վրա, որ «դա աննկարագրելի էր, նրա մի հայացքից ես լրիվ թրջվում էի: Դե հասկանում եք, այնպես էի ցանկանում նրան»։ 

Ամբողջ կյանքում նման բաներին թերահավատորեն վերաբերվող Կարինան իր կարծիքը փոխում է և բոլորին խորհուրդ է տալիս գնել «Sultan power»-ը, որի գինը, իր խոսքով, հավասար է կինոյի երկու տոմսի արժեքին։ Հետո ընթերցողին առաջարկվում է պտտել spin-ը և ստանալ «Sultan power»-ի զեղչ։

Այս գրառումը մենք հավանաբար չէինք նկատի, եթե այն տեղադրված չլիներ Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ զոհված զինվորի մասին պատմող հոդվածի տակ։

armnews365.ru կայքում հրապարակված բոլոր նյութերի տակ միանման գովազդներ են՝ տարբեր թեմաներով, որոշ դեպքերում դրանք նույնատիպ «սունկ» կայքեր տանող հղումներ են, որոշ դեպքերում էլ առաջարկում են տարբեր հիվանդություններ բուժող դեղեր և միջոցներ։ 

Զոհված զինվորների մասին հոդվածները շատ ընթերցումներ ունեն, ինչն էլ, ըստ երևույթին, այս գովազդների տեղադրման հիմնական շարժառիթն է։

Հազարավոր բլոգային գրառումներ, հիվանդություններ բուժող տասնյակ մեթոդներ և դեղամիջոցներ, գոհ հաճախորդների դրական մեկնաբանություններ՝ սրանք նման են գովազդային սև խոռոչի, որի մեջ կարելի է անվերջ խորանալ։ Մեդիագրագիտություն չունեցող և դյուրահավատ մարդիկ էլ հեշտ թիրախ են այս «հրաշք» միջոցների վաճառողների համար։ 

«Ոգեշնչված» Կարինա Սեդրակյանի կրքոտ պատմությունից, որոշում ենք մենք էլ մի քանի ժամով դառնալ դյուրահավատ և պտտում ենք նրա գրառման տակ տեղադրված spin-ը։ 

Շահում ենք անվճար «Sultan power»: Մեր բախտը ևս մեկ անգամ փորձելու համար նորից ենք պտտում, այս անգամ այլ համակարգչով։ Ու նորից շահում ենք։ Մի քանի անգամ կրկնում ենք նույնը տարբեր համակարգիչներից՝ բոլոր դեպքերում բախտը ժպտում է մեզ։ 9200 դրամ չենք վճարելու՝ «Sultan power»-ը կարող ենք գնել արտոնյալ պայմաններով։

Շահումը ստանալու և հաբերը պատվիրելու համար լրացնում ենք մեր տվյալները՝ անունը, հեռախոսահամարը և սեղմում ենք «ձևակերպել հայտը» կոճակը։ 

10 րոպե չանցած՝ անծանոթ համարից զանգ ենք ստանում։ Ներկայանում է՝ Կարինե, նա «Sultan power»-ը վաճառող ընկերության գլխավոր մասնագետն է և զանգում է մեր պատվերը գրանցելու համար։ Կարինեին մանրամասն հարցուփորձ ենք անում հաբերի մասին։ 

Նրա խոսքով՝ «Sultan power»-ը «բնական է, որևէ քիմիա, հորմոն չկա», հակացուցումներ չունի, հաբերը կարող են օգտագործել և՛ տղամարդիկ, և՛ կանայք՝ սկսած 18 տարեկանից, դրա հետ տրամադրվում է «լիցենզիա՝ բժիշկների ասոցիացիայի կողմից»։ Հաբերը չեն վնասում վերարտադրողական առողջությունը, ընդհակառակը՝ լավացնում են այն, երկարում է սեռական ակտի ժամանակը և որակը։

Կարինեի հավաստիացմամբ՝ «Sultan power»-ը նույնիսկ մեծացնում է առնանդամի չափը, այն դարձնում ավելի պինդ։ Զրույցից այնպիսի տպավորություն է, ասես հաբերը կարող են լուծել սեռական ցանկացած խնդիր։

Կարինեին հարցրինք՝ արդյոք պատվիրողներ կան։ «Շա՜տ, ես ինքս էլ ընտանիքում օգտագործել եմ՝ ամուսինս, ու շատ լավ, նորմալ արդյունքներ կան, դեռ մեկ ու կես տարի է անցել օգտագործումից հետո»,- ասաց նա։

Ըստ երևույթին, Կարինեն վաճառքի մասնագետ է, քանի որ կարողանում է հմտորեն օգտագործել վաճառքի մեջ ընդունված ամենաազդեցիկ հնարքները։

Զրույցից պարզվում է նաև, որ անվճար տուփ ստանալու ենք միայն երկու տուփ գնելու դեպքում։ Կարինեի խոսքով, դա կայքում նշված է, սակայն նման բան կայքում չկա։

Կարինա Սեդրակյանի պատմության համաձայն՝ հաբերը միանգամից ազդում են էրեկցիայի վրա, բայց ընկերության մասնագետի հետ հեռախոսազույցից պարզվեց, որ պետք է բուժման կուրս անցնել։ Բուժման մեկ կուրսի համար պետք է գնել երկու տուփ և վճարել 36 հազար դրամ։

Կարինեին ասում ենք, որ փորձելու համար կգնենք միայն մեկ տուփ։ Պատասխանում է, որ այդ դեպքում բուժման կուրսը կմնա կիսատ, ավելին՝ եթե հետագայում որոշենք կուրսը շարունակել, նվեր չենք ստանա։ Վերջիվերջո համաձայնում է և գրանցում մեր պատվերը, որն, ի դեպ, հետո չեղարկել հնարավոր չէ։

Մեր հարցին, թե արդյոք հաբերը խմելուց առաջ պետք է խորհրդակցել բժիշկի հետ, Կարինեն հաստատակամորեն ասում է՝ պետք չէ, քանի որ իրենք մասնագետներ են, և լիցենզիայում ասվում է, որ հակացուցումներ չկան, հետևաբար բժշկի հետ խորհրդակցելն անիմաստ է։

Համարների որոնման համակարգում այն հեռախոսահամարը, որով առաջին անգամ զանգահարել էին մեզ, գրանցված է տարբեր անուններով՝ Անահիտ դիետոլոգ, դեղ, նիհարելու դեղ, բժիշկ, здоров, Կարինե здоров, Շուշանիկ, Հասմիկ մասնագետ, Էվելինա պատվերով բուժում, Դիետոլոգ Մարիամ, Դուխիկ, Լիա և այլն։

Ըստ երևույթին, նրանք տարբեր մարդկանց հետ խոսելիս ներկայանում են տարբեր անուններով։ Բացի այդ, ըստ գրանցված անվանումների, վաճառում են այլ միջոցներ ևս՝ նախատեսված նիհարելու, հոդացավերի, անոթների, սրտի համար։

Անտեսելով Կարինեի այս պնդումը՝ մենք հանդիպում և զրուցում ենք բժիշկ սեքսոլոգ Մնաց Փահլեվանյանի հետ։

Բժիշկը մեզ ասում է ճիշտ հակառակը՝ օնլայն հարթակներում վաճառվող, գրանցում չունեցող հաբերը չեն կարող որևէ լուրջ ազդեցություն ունենալ։

Դեղամիջոցի ազդեցության մասին կարելի է խոսել այն դեպքում, երբ այն անցել է հետազոտություն, ունի գրանցում և հաստատված է դեղորայքի որակի վերահսկմամբ զբաղվող մարմինների կողմից։

Կան միջոցներ, որոնք կարող են տղամարդու պոտենցիան բարելավել, բայց դեղորայք նշանակելուց առաջ նախ պետք է հասկանալ, թե ինչու է առաջացել պոտենցիայի խանգարում։

«Եթե փորձեք համացանցում էրեկցիայի խանգարման պատճառները փնտրել, կգտնեք 50-ից ավելի պատճառ։ Խնդիրները բազմազան են՝ ֆիզիոլոգիական կամ հոգեբանական։ Դեղորայքի ընտրությունը որոշվում է՝ ելնելով տվյալ մարդու խնդրից»,- նշեց նա։

Պոտենցիայի բարձրացման համար նախատեսված հաբերը, որոնք օնլայն են վաճառվում, ոչ թե դեղամիջոց են, այլ սննդային հավելում, իսկ դրանց ներկրումն առանձնապես բարդ չէ, որպես դեղամիջոց գրանցելու անհրաժեշտություն էլ չկա։

Բժշկի բուժառուների կեսը գոնե մեկ անգամ գնել է օնլայն վաճառվող հաբեր կամ այլ միջոցներ։ Շատերն ամաչում են սեռական խնդիրների մասին զրուցել մասնագետի հետ։ Բժիշկը հորդորում է ինքնաբուժությամբ չզբաղվել, դիմել մասնագետների և ստանալ պրոֆեսիոնալ խորհրդատվություն։

Ըստ բժիշկ Փահլեվանյանի, «Sultan power»-ի նման հաբերից ամենամեծ վնասը նյութական է։ Մարդը մեծ հույսերով ձեռք է բերում իրականում իրենից ոչինչ չներկայացնող հաբերը, սպասում է ցանկալի արդյունքին, բայց սպասելիքները, որպես կանոն, չեն արդարանում։

Մեր պատվերը հաստատելուց հետո ստիպված ենք լինում սպասել, չնայած նրան, որ Կարինեն խոստացել էր առաքումը կազմակերպել պատվիրելու հաջորդ օրը։ 

Երկու օր անց մեկ այլ հեռախոսահամարից զանգ ենք ստանում։ Զանգահարողը նորից ներկայանում է Կարինե անունով, չնայած այս ու առաջին Կարինեի ձայները տարբեր էին։

Այս նոր Կարինեն մեզ ասում է, որ պատվերը կարող են հաջորդ օրն առաքել, առաքիչը չի տեսնելու ապրանքը, չի իմանալու, թե ինչ է առաքում։

Հաջորդ օրն առաքիչը բերում է սպասված հաբերը։ Նա մոտ 30 տարեկան միջահասակ, նիհար տղամարդ է։ Վճարում ենք 18 000 դրամ և վերցնում փակ փաթեթը։ Հարցնում ենք՝ արդյոք փաթեթում կա նաև «լիցենզիան»։ Առաքիչը պատասախանում է, որ կարող է ապահովության համար ևս մեկ օրինակ տրամադրել։ Մեքենայի նստարանին դրված «լիցենզիաների» տրցակից նա հանում է մեկ օրինակ ու տալիս է մեզ։

Պատվերը վերցնում ենք, գնում խմբագրություն։ Փաթեթից հանում ենք 1 տուփ (30 կոճակ) «Sultan power», բայց «լիցենզիան» փաթեթում չէ։ Եթե առաքիչին չխնդրեինք տրամադրել, «լիցենզիայի» օրինակ,  փաստորեն, չէինք ունենա։ Սովորական գնորդը հաբերը ստանալուց հետո դժվար թե նորից զանգեր և պահանջեր «փաստաթուղթը»։

«Լիցենզիան» մի փոքր ուսումնասիրելուց հետո գտնում ենք խախտումներ։ 

Հաբերն արտադրում է Մոսկվայում գրանցված «АРГУС» ընկերությունը։ Այն ստեղծվել է այս տարվա փետրվար ամսին և, ըստ գրանցման փաստաթղթերի, զբաղվում է մի քանի տասնյակ տարբեր տեսակի մթերքների և սննդային հավելումների արտադրմամբ։

Սակայն այս ընկերության տրամադրածը ոչ թե լիցենզիա է, այլ համապատասխանության հավաստագիր (декларация о соответствии), որը տրամադրել է «Тест Качества» մասնավոր լաբորատորիան։

Հավաստագիր կարող են տրամադրել տարբեր մասնավոր ընկերություններ, այն ուղղակի գրանցման համար պահանջվող փաստաթղթերից մեկն է, դրա առկայությունը դեռ չի նշանակում, որ հաբն ունի գրանցում։

Եթե ապրանքը ներկայացվում է որպես բնական, սննդային միջոց, բայց ունի բուժիչ հատկություն ու թողարկվում է հաբերով, ապա ենթադրվում է, որ այն պետք է լինի կենսաբանական ակտիվ հավելում, որի իրացման համար պարտադիր է պետական գրանցումը։

Հավաստագիրն ունի համար, որը փնտրում ենք Ռուսաստանի Դաշնության համապատասխանության հավաստագրերի միասնական ռեեստրում, բայց ոչինչ չենք գտնում՝ նշված համարով փաստաթուղթ չկա։ 

Չնայած արդեն պարզ է, որ հաբերը ոչ թե դեղամիջոց են, այլ ընդամենը սննդային խտանյութ (կոնցենտրատ), այնուամենայնիվ «Sultan power»-ը որոնում ենք Ռուսաստանում գրանցված դեղամիջոցների ռեեստրում։ Կրկին՝ ապարդյուն։ 

«Լիցենզիայում» նշված է «Sultan power»-ի արտադրման տեխնիկական պայմանը (техническое условие - ТУ), որն ունի կոդ։ Այս կոդը նույնպես չկա տեխնիկական պայմանների վերաբերյալ ռեեստրում։ Սա նշանակում է, որ նման կոդով տեխնիկական պայման գոյություն չունի։ Տեխնիկական պայմանները արտադրողի ներկայացրած ու հաստատված մեթոդներն ու չափորոշիչներն են։

Նման վաճառքն ապօրինի է՝ վաճառողը չի տրամադրում ՀԴՄ, չունի վաճառքի թույլտվություն, պետական գրանցում, իսկ ներկայացրած փաստաթուղթը կեղծ է կամ թերի, ընդամենը մարկետինգային քայլ է, եւ որևէ էական նշանակություն չունի։

Սննդագետ Դավիթ Պիպոյանի խոսքով, էրեկցիայի խանգարման, սեռական օրգանների չափերի փոփոխման, էրոգեն գոտիների ավելացման և սեքսուալ այլ թեմաների հետ կապված հարցերը զգայուն են մեր հասրակության համար։ 

Սննդագետի խոսքով, չնայած նրան, որ այս հաբերի բաղադրությունում կարող են լինել այնպիսի բույսեր, որոնք հայտնի են իրենց էրոգեն ազդեցությամբ, լիբիդոյի կարգավորման հատկություններով, դա դեռ չի նշանակում, որ այս միջոցների ընդունումը կարող է դրական ազդեցություն ունենալ։

«Sultan power»-ի նման միջոցները հիմնականում վաճառվում են ոչ թե դեղատներում, այլ մատակարարների միջոցով։ Այսպիսով, առցանց վաճառքով զբաղվողները փորձում են տպավորություն թողնել, թե այս հաբերը դեղամիջոց են։

«Իրականում մենք գործ ունենք պարզապես կոնցենտրատի հետ, որը ո’չ դեղամիջոց է, ո’չ էլ կենսաբանական ակտիվ հավելում»,- ասում է Պիպոյանը։

«Sultan power»-ը գնելուց մոտ մեկ ամիս անց կապ ենք հաստատում վաճառողի հետ ու ասում, որ իրենց տրամադրած միջոցը որևէ արդյունք չի տվել։ Հեռախոսի մյուս կողմում փորձում են մեզ համոզել, որ այն ցանկալի արդյունք կտա կուրսն ավարտելուց մեկ շաբաթ անց։ 

Պարբերաբար զանգահարում ենք, բայց հեռախոսազանգերը հիմնականում անպատասխան են մնում։

Արդեն ասել ենք, որ մեզ ամեն անգամ տարբեր ընկերությունների անուններով էին ներկայանում։ Հերթական զանգի ժամանակ մեզ պատասխանող օպերատորին խնդրում ենք տառ առ տառ ասել ընկերության անունը, ինչը նա անում է՝ «ՆԵՏՄԱՐՏ»։

Հայաստանում գրանցված ընկերությունների պետական ռեգիստրում գտնում ենք այս ընկերությունը ու պարզում, որ այն 2018 թ.-ին հիմնադրել է հայտնի մոդել և դերասան Խորեն Աբրահամյանը։

Մենք երկար ժամանակ ապարդյուն փորձում ենք կապ հաստատել նրա հետ՝ մեկնաբանություն ստանալու համար։ Վերջապես նրա բարեկամներից մեկի միջոցով կարողանում ենք փոխանցել, որ մեր լրագրողական հետաքննության շրջանակներում մի քանի հարց ունենք նրան։ 

Խորեն Աբրահամյանը զանգահարում է մեզ, ասում, որ արտասահմանում է, իսկ մեր հարցերին, թե ինչ կապ ունի «Նետմարտ» ընկերության հետ և ինչ գիտի այս ընկերության գործունեության մասին, որևէ հստակ պատասխան չի տալիս։

Շուրջ կես ժամ տևած հեռախոսազրույցի ընթացքում Խորեն Աբրահամյանը տարբեր ձևերով խուսանավում է մեր հարցերից։ Հստակ պատասխան չի տալիս՝ եթե տեղյակ չէ այդ ընկերությունից, ինչպե՞ս է բացատրում իր հասցեում և իր անվամբ դրա գրանցումը։ Վերջում Աբրահամյանը բավականին կոշտ կերպով հորդորում է մեզ այլևս չանհանգստացնել իրեն։

Մեր այս զրույցից ընդամենը մի քանի օր անց ընկերության գրանցման փաստաթղթերում փոխվում է տնօրենը՝ Խորեն Աբրահամյանի փոխարեն ոմն Հարություն Գալստյան։

Որոշում ենք այցելել ընկերության՝ պետռեգիստրում նշված հասցե։ Պարզում ենք, որ այդտեղ որևէ ընկերություն կամ գրասենյակային տարածք չկա, այդ բնակարանում այժմ ապրում է Խորեն Աբրահամյանի մայրը։ Խորեն Աբրահամյանն ինքը նույնպես գրանցված է այս հասցեում։

Խորեն Աբրահամյանի տվյալներով գտնում ենք ևս մեկ ընկերություն՝ «Դեա Կլինիկա»-ն, որը հիմնադրվել է այս տարվա հոկտեմբեր ամսին։ Նորից այցելում ենք ընկերության՝ պետռեգիստրում նշված հասցեով՝ Հյուսիսային պողոտա, 12 շենք։ Այստեղ էլ որևէ ընկերություն չկա, նորակառույց բնակելի շենք է, որի բնակիչների մեծ մասը նույնիսկ չի էլ հասցրել տեղափոխվել այդ շենք։

Ըստ Կադաստրի տվյալների՝ այս հասցեում գտնվող բնակելի տան սեփականատերը Խորեն Աբրահամյանն է։ Ե՛վ «Նետմարտ» և՛ «Դեա կլինիկա» ընկերությունները, ըստ ՊԵԿ-ի տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի, զբաղվում են առևտրով։

Հետաքրքիր է, որ նույն ամսում Խորեն Աբրահամյանը ձեռք է բերում «Վի Առ Քեյ Էյջ մեդիքալ» ընկերության 33.3% բաժնեմասը։

Քանի որ մեզ հետ հեռախոսով զրուցած անձինք ներկայացել էին նաև որպես «Մեդ Սփեյս» ընկերության ներկայացուցիչներ, մենք վերհիշում ենք «Հետքի» մեկ այլ հետաքննություն հենց այս՝ գոյություն չունեցող ընկերության մասին։

«Խաբեությամբ վաճառվող «բուժիչ» միջոց՝ «կեղծ բժիշկների» ցուցումով» վերնագրով հետաքննությունը պատմում է նմանատիպ մեթոդներով վաճառվող և մարդկանց մոլորեցնող միջոցի՝ Միցելիկս-ի մասին։

Այս հետաքննության արդյունքում հարուցված գործը դեռ քննվում է։ Ըստ երևույթին, «Նետմարտ»-ը և գոյություն չունեցող «Մեդ Սփեյս» ընկերությունները փոխկապակցված են, վաճառքի օպերատորները՝ նույնը, գործելաոճը՝ նույնպես։

Այս բացահայտումներից հետո մենք չէինք կարող հետ չստանալ մեր գումարը։

Օպերատորներից մեկի հետ հերթական զրույց-լեզվակռվի ժամանակ պահանջում ենք վերադարձնել մեր գումարը և պնդում, որ եթե չվերադարձնեն, կդիմենք ոստիկանություն և կտեղեկացնենք հետաքննող լրագրողների։

Սա ազդում է ընկերության օպերատորի վրա և առաքիչի միջոցով մեզ վերադարձնում են այն 18 հազար դրամը, որը վճարել էինք «Sultan power»-ը գնելիս։

Այսպիսով, մեր լրագրողական հետաքննության արդյունքում պարզեցինք, որ տարբեր սոցիալական ցանցերում և կեղծ բլոգների միջոցով գովազդվող ու վաճառվող նյութերը ընդհանրապես և «Sultan power»-ը՝ մասնավորապես, պարզապես անօգուտ են։

Մասնագետների հետ զրույցներից պարզ է դառնում, որ հարյուրավոր մարդիկ հավատում են վաճառքի մարկետինգային հնարքներին և գնում՝ հիասթափությունից բացի, կրելով նյութական վնասներ։

Ցավալի է, որ նմանատիպ միջոցները գովազդվում են շատ դիտումներ ունեցող հոդվածների տակ, այս դեպքում՝ Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ զոհված զինվորի մասին պատմող հոդվածում։

Այս միջոցները վաճառող ընկերության հետևում կանգնած է մոդել, դերասան Խորեն Աբրահամյանը։

Կարծում ենք, քանի դեռ այս ոլորտն անվերահսկելի է, իսկ հասարակությունը սեռական կրթության պակաս ունի, հարյուրավոր մարդիկ կընկնեն նման ընկերությունների «թակարդը»։

Գլխավոր լուսանկարը՝ Պարս Սահինի։

 Տեսանյութի որոշ կադրեր՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter