HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ավստրիայի նոր կանցլեր է դարձել Կարլ Նեհամերը

Երկուշաբթի օրը՝ դեկտեմբերի 6-ին, տեղի է ունեցել Ավստրիայի նոր կանցլեր Կարլ Նեհամերի երդմնակալության արարողությունը։ Այդ մասին հայտնում է РИА Новости-ն։ Արարողությունը կայացել է դաշնային նախագահի նստավայրում։ Մինչ այս, Կարլ Նեհամերը զբաղեցնում էր Ավստրիայի ներքին գործերի նախարարի պաշտոնը։ 

Նախորդ ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 3-ին, Ավստրիայի ներքին գործերի նախարար Նեհամերը հայտարարել էր, որ միաձայն նշանակվել է Ավստրիայի ժողովրդական կուսակցության առաջնորդ և միաժամանակ երկրի նոր կանցլերի թեկնածու։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Սեբաստիան Կուրցը, որը 2017 թվականից զբաղեցնում էր Ավստրիայի ժողովրդական կուսակցության նախագահի պաշտոնը, հայտարարեց կուսակցության առաջնորդի պաշտոնը թողնելու մասին։ Հոկտեմբերին նա նաև հրաժարական էր տվել կանցլերի պաշտոնից՝ հակակոռուպցիոն հետաքննության ֆոնին։ 

Սեբաստիան Կուրցին Ավստրիայի կանցլերի պաշտոնում փոխարինել էր արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը՝ այդ պաշտոնին նշանակվելով 2021 թվականի հոկտեմբերի 11-ին։ Իր հրաժարականի տեքստում, որը Շալենբերգը ներկայացրել էր դեկտեմբերի 3-ին, հայտարարել էր, որ կուսակցության առաջնորդի և կառավարության ղեկավարի պաշտոնները պետք է միավորվեն մեկ ձեռքում։ Ի դեպ, Նեհամերի կառավարությունում Ալեքսանդր Շալենբերգը դարձյալ կզբաղեցնի արտաքին գործերի նախարարի պաշտոնը։ 

Նոյեմբերի 18-ին Ավստրիայի խորհրդարանը պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել էր նախկին կանցլեր Կուրցին՝ կոռուպցիոն սկանդալի հետաքննության համար։ Դատախազությունը կասկածում է, որ Կուրցը և նրա մի քանի մերձավորներ ավստրիական տաբլոիդներից մեկի խմբագրությանը վճարել են, որպեսզի նա Կուրցի վարած քաղաքականությունը լուսաբանի բարենպաստ լույսի ներքո։ Ըստ դատախազության՝ վճարումն արվել է պետական միջոցներից։

Քրեական գործով անցնում են Ավստրիայի ֆինանսների նախարարության մամուլի նախկին քարտուղար Յոհանես Ֆիշմանը, Ավստրիայի ժողովրդական կուսակցության անդամներ, սոցիոլոգներ և լրագրողներ, որոնք, ըստ դատախազության, իշխանության գալու համար օգնել են Կուրցին մանիպուլացնել հանրային կարծիքը։ Ինքը՝ Կուրցը, հերքում է բոլոր մեղադրանքները։

Լուսանկարը՝ AP Photo / Lisa Leutner

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter