HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Պատերազմի ամենաթեժ օրերին նույնիսկ չէի պատկերացնի, որ կկորցնենք Քարին Տակը, Շուշին». Կարոտ Բաղրյան

Կարոտ Բաղրյանն աշխատում էր Արցախի Շուշիի շրջանի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում։ 2020թ․-ի 44-օրյա պատերազմի ընթացքում Շուշիում փրկարար աշխատանքներ կատարելու ընթացքում՝ հոկտեմբերի 28-ին, ԱԹՍ-ի հարվածից վիրավորվում է։ Ծառայության վերադառնում է պատերազմից հետո: Արցախի ԱԻՊԾ փրկարար ջոկատների հետ մասնակցում է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում զոհվածների և անհետ կորածների որոնողական աշխատանքներին։ 

Հունվարի 13-ին որոնողական աշխատանքների ջոկատի հերթական ուղղությունն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղն էր: 

Կարոտ Բաղրյանը ծնվել է Քարին Տակ գյուղում, ժամկետային զինծառայությունից հետո ընդունվել է Շուշիի շրջանի ԱԻՊԾ՝ որպես փրկարար։ 

Ամուսնանում է, տեղափոխվում է Շուշի: 2020թ.-ի օգոստոսի 13-ին ծնվում է Կարոտի և Էլինայի առաջնեկը՝ Հովհաննեսը։ Մինչև երեխայի քառասունքը, ապրում են Քարին Տակում: Սեպտեմբերի 25-ին տեղափոխվում են Շուշի, երկու օր հետո սկսվում է պատերազմը: Կարոտի կինը երեխայի հետ տեղափոխվում են Հայաստան:

«Պատերազմի օրերին հերթական պայթունի հետևից գնալուց Շուշի, Ստեփանակերտ կամ Հադրութ, փրկարարական աշխատանքների արանքում հաճախ մտածում էի՝ տեսնես նորից կտեսնե՞մ որդուս, ընտանիքիս»,-հիշում է Կարոտը:

Հոկտեմբերի 28-ին՝ հերթական կանչից վերադառնալիս, Շուշիում ԱԹՍ-ի հարվածից վիրավորվում է երեք փրկարար, որոնցից մեկը Կարոտն էր:

Զինադադարից հետո (նոյեմբերի 9)՝ դեկտեմբերին, դեռ ոչ լրիվ կազդուրված Կարոտը միացել է պատերազմից հետո զոհվածների և անհետ կորածների Արցախի փրկարար որոնողական ջոկատներին:

«Գիտեի, որ Արցախում, պատերազմից հետո փրկարարների պակաս շատ կա, գործը շատ ա, մարդիկ՝ ինչ-ինչ պատճառներով քիչ, չեն հասցնում: Քանի որ առողջական խնդիրներ ունեի, որոշեցի թեկուզ որպես վարորդ միանալ փրկարար ջոկատներին»,- ասում է Կարոտը:

Հունվարի 13-ին որոնողական աշխատանքների ջոկատի հերթական ուղղությունը Քարին Տակն էր՝ Կարոտի ծննդավայրը։ Այդ օրը փրկարարները դուրս բերեցին Ալվարդ Թովմասյանի աճյունը:  Կարոտը կարողանում է մի քանի րոպեով մտնել հարազատ տուն: 

«Պատերազմի ամենաթեժ օրերին նույնիսկ չէի պատկերացնի, որ կկորցնենք Քարին Տակը, Շուշին, որ իմ գյուղ կկարողանամ մտնել ուրիշի հսկողությամբ միայն, այն էլ՝ մի քանի րոպեով»,- ասում է Կարոտը՝ վերջին անգամ գյուղը տեսած օրվա հուշերը պատմելով:

Երեք ամիս Արցախում փրկարար-որոնողական աշխատանքներին մասնակցելուց հետո, Կարոտը դուրս է գալիս Արցախի ԱԻՊԾ-ից՝ առողջական խնդիրների պատճառով: Այժմ ապրում է  Հայաստանում՝ Արարատի մարզի Արևշատ գյուղում, կնոջ, երեխայի և պապ ու տատի՝ Ստելա և Հենրիկ Բաղրյանների հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter