HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Սիմոն Մարտիրոսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր մրցահարթակ դուրս եկան 109 կգ քաշային ծանրորդները։ Հայաստանի ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 416 կգ արդյունքով դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։

Պոկում վարժությունում Սիմոն Մարտիրոսյանը առաջին մոտեցմամբ հաջողությամբ բարձրացրեց 188 կիլոգրամանոց ծանրաձողը։ Այնուհետև երկրորդ մոտեցման համար պատվիրեց 193 կգ, որը նույնպես կարողացավ բարձրացնել, սակայն մրցավարները չհաշվեցին այդ մոտեցումը, քանի որ խախտում էին նկատել վարժությունը կատարելիս։ Երրորդ մոտեցման համար հայ ծանրորդն էլ ավելի բարձր քաշ պատվիրեց՝ 196 կգ, սակայն չկարողացավ այն բարձրացնել՝ պոկում վարժությունն ավարտվելով 188 կգ արդյունքով և փոքր արծաթ նվաճելով։ Այս վարժությունում առաջատարը ուզբեկ ծանրորդ, Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն Ակբար Ջուրաևն էր՝ 195 կգ-ով, իսկ երրորդը՝ մեկ այլ ուզբեկ մարզիկ, Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն Ռուսլան Նուրուդինովը՝ 185 կգ-ով։

Հրում վարժությունում Սիմոն Մարտիրոսյանը սկզբից հաջողությամբ բարձրացրեց 228 կգ, այնուհետև միանգամից 9 կիլոգրամանոց քայլ արեց և պատվիրեց 237 կգ, որը երկու անգամ չկարողացավ բարձրացնել և երկամարտի 416 կգ արդյունքով դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ Հրում վարժությունում նույնպես հաղթեց Ակբար Ջուրաևը՝ 238 կգ-ով, և երկամարտի 433 կգ արդյունքով դարձավ աշխարհի չեմպիոն։ Ռուսլան Նուրուդինովը բարձրացրեց 236 կգ և երկամարտում գրանցելով 421 կգ՝ հռչակվեց աշխարհի փոխչեմպիոն։

Հիշեցնենք, որ Սիմոն Մարտիրոսյանը աշխարհի 2018 և 2019 թվականների առաջնությունների չեմպիոն է։ Նրան է պատկանում նաև 109 կգ քաշային կարգում երկամարտի աշխարհի ռեկորդը (435 կգ)։ 

Մինչ այս պահը աշխարհի 2021թ․ առաջնությունում Սիմոն Մարտիրոսյանից բացի հայ ծանրորդներից ոչ ոքի չէր հաջողվել մրցանակային տեղ գրավել երկամարտում։ Անդրանիկ Կարապետյանը 89 կգ քաշային կարգում ոսկե մեդալ էր նվաճել պոկում վարժությունում, իսկ 102 կգ քաշային Սամվել Գասպարյանը կրկին պոկումից փոքր բրոնզ էր նվաճել։

Վաղը՝ դեկտեմբերի 17-ին, մրցումային վերջին օրն է։ Պայքարի մեջ կմտնեն գերծանր քաշային (+109 կգ) ծանրորդները: Այստեղ Հայաստանը կներկայացնեն աշխարհի կրկնակի փոխչեմպիոն, Եվրոպայի եռակի փոխչեմպիոն, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանն ու Եվրոպայի 2021թ․ առաջնության բրոնզե մեդալակիր Վարազդատ Լալայանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter