HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Սիմոն Մարտիրոսյանը դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն՝ սահմանելով պոկում վարժության աշխարհի ռեկորդ

Թաիլանդի Պատայա քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության մրցումային նախավերջին օրը մրցահարթակ դուրս եկան 109 կգ քաշային կարգում հանդես եկող տղամարդիկ: Ինչպես և 2018 թվականին, այս տարի ևս 109 կգ քաշային կարգում իրեն հավասարը չունեցավ Սիմոն Մարտիրոսյանը՝ դառնալով աշխարհի կրկնակի չեմպիոն: 22-ամյա հայ ծանրորդը երկամարտում գրանցեց 429 կգ արդյունք:

Պոկում վարժությունում Սիմոն Մարտիրոսյանը նախ բարձրացրեց 190 կիլոգրամանոց ծանրաձողը, այնուհետև հաջողությամբ կատարեց նաև 195-ը: Մրցաձևի վերջանամասը շատ դիտարժան ստացվեց: Չինացի Յան Ժին իր երրորդ մոտեցմամբ բարձրացրեց 197 կգ՝ սահմանելով պոկում վարժությունում աշխարհի ռեկորդ: Այնուհետև ծանրաձողին մոտեցավ բելառուս Անդրեյ Արյամնովը, որը հաջողությամբ բարձրացրեց 198 կգ և նոր ռեկորդ սահմանեց, սակայն վերջին խոսքը հայ մարզիկինն էր: Երրորդ մոտեցմամբ Սիմոն Մարտիրոսյանը իր գլխավերևում պահեց 199 կլիոգրամանոց ծանրաձողը՝ իր անունով գրանցելով պոկում վարժության աշխարհի ռեկորդը: Հիշեցնենք, որ 2018թ. աշխարհի առաջնության ժամանակ էլ Սիմոն Մարտիրոսյանը սահմանել էր 109 կգ քաշային կարգում հրում վարժության և երկամարտի աշխարհի ռեկորդ: Այսինքն՝ այս քաշային կարգում աշխարհի բոլոր ռեկորդները այժմ պատկանում են 22-ամյա Սիմոն Մարտիրոսյանին:

Հրում վարժությունը հայ ծանրորդը սկսեց 230 կլիոգրամից, ընդ որում այն ժամանակ, երբ բոլորն արդեն ավարտել էին պայքարը: Այդ քաշը նա հաջողությամբ բարձրացրեց՝ ապահովելով չեմպիոնի տիտղոսը: Դրանից հետո նա գնաց հրում վարժության և երկամարտի նոր ռեկորդի հետևից՝ պատվիրելով 241 կիլոգրամ, սակայն երկրորդ մոտեցմամբ չկարողացավ բարձրացնել և երրորդ մոտեցումից հրաժարվեց: Հրում վարժությունում երկրորդը ուզբեկ  Ակբար Ջուրաևն էր (229 կգ), իսկ երրոդը՝ բելառուս Անդրեյ Արյամնովը (228 կգ):

Այսպիսով երկամարտի 429 կգ արդյունքով Սիմոն Մարտիրոսյանը հռչակվեց աշխարհի չեմպիոն, Անդրեյ Արյամնովը 426 կգ արդյունքով երկրորդն էր, իսկ Յան Ժեն 420 կգ արդյունքով՝ երրորդը:

Սիմոն Մարտիրոսյանից առաջ աշխարհի չեմպիոն էր դարձել նաև 89 կգ քաշային Հակոբ Մկրտչյանը, 81 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը և 102 կգ քաշային Սամվել Գասպարյանը բրոնզե մեդալներ էին նվաճել պոկում վարժությունում:

Հիշեցնենք, որ Սիմոն Մարտիրոսյանը նաև Եվրոպայի կրկնակի (2017, 2019) չեմպիոն է, 2016թ. Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն: Հայ ծանրորդը բազմաթիվ մեդալներ է նվաճել նաև երիտասարդական ու պատանեկան առաջնություններում:

Սեպտեմբերի 27-ին՝ աշխարհի 2019թ. առաջնության վերջին օրը, մրցահարթակը կտրամադրվի գերծանրքաշայիններին, այստեղ Հայաստանը կներկայացնեն Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter