
Սիմոն Մարտիրոսյանը երկրորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը
Բաթումիում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս եկան մինչև 109 կգ քաշային կարգում հանդես եկող մարզիկները: Երկամարտի 427 կգ արդյունքով Սիմոն Մարտիրոսյանը իր կարիերայում երկրորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:
Պոկում վարժությունում հայ ծանրորդը նախ գլխավերևում պահեց 187 կիլոգրամանոց ծանրաձողը, երկրորդ մոտեցմամբ բարձրացրեց 192 կգ, իսկ երրորդ մոտեցմամբ պատվիրեց աշխարհի ռեկորդ համարվող 197 կիլոգրամանոց ծանրաձող, սակայն չկարողացավ բարձրացնել այն և բավարարվեց 192 կգ-ով՝ նվաճելով փոքր ոսկե մեդալ: 192 կգ բարձրարեց նաև Ռուսաստանը ներկայացնող Ռոդիոն Բոչկովը, սակայն նա անձնական քաշով գերազանցում էր Սիմոն Մարտիրոսյանին, ուստի Բոչկովին բաժին հասավ փոքր արծաթե մեդալը: Պոկում վարժությունում էլ բրոնզե մեդալի արժանացավ բելառուս ծանրորդ Անդրեյ Արյամնովը (190 կգ): Մինչև 109 կգ քաշային կարգում հանդես եկավ նաև Ավստրիան ներկայացնող հայ ծանրորդ Սարգիս Մարտիրոսյանը, ով 181 կգ արդյունքով պոկում վարժությունում զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը:
Ի տարբերություն պոկում վարժության, որտեղ մրցակցություն կար ծանրորդների միջև, հրում վարժությունում 22-ամյա Սիմոն Մարտիրոսյանը պայքարից դուրս էր: Առաջին մոտեցմամբ նա գլխավերևում պահեց 225 կգ ծանրաձողը, ապա հաջողությամբ բարձրացրեց նաև 235 կգ, իսկ երրորդ մոտեցումից հայ մարզիկը հրաժարվեց: Հրում վարժությունում փոքր արծաթե մեդալ նվաճեց լատվիացի Արթուրս Պլեսնիկսը (225 կգ), իսկ փոքր բրոնզին արժանացավ լեհ Արկադիուշ Միխալսկին (221): Ավստրիան ներկայացնող Սարգիս Մարտիրոսյանը հրում վարժությունում կարողացավ բարձրացնել 206 կգ:
Երկամարտի 427 կգ արդյունքով Սիմոն Մարտիրոսյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Բելառուս Անդրեյ Արյամնովը (411) դարձավ փոխչեմպիոն, իսկ բրոնզե մեդալին արժանացավ ռուս Ռոդիոն Բոչկովը (410): Սարգիս Մարտիրոսյանը երկամարտի 387 կգ արդյունքով զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը:
Սիմոն Մարտիրոսյանը Եվրոպայի չեմպիոն էր դարձել նաև 2017 թվականին Սպլիտում: 2018 թվականին Աշխաբադում նա նվաճել էր աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ սահմանելով հրում վարժության (240 կգ) և երկամարտի (435 կգ) աշխարհի ռեկորդ: 22-ամյա հայ ծանրորդը նաև 2016թ. Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն է:
Հիշեցնենք, որ Բաթումիում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում երկու օր առաջ 89 կգ քաշային կարգում չեմպիոն էր դարձել Հակոբ Մկրտչյանը, իսկ Դավիթ Հովհաննիսյանը նույն քաշային կարգում դարձել էր բրոնզե մեդալակիր:
Մեկնաբանել