HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ադրբեջանը հայտնել է, որ դեկտեմբերի 19-ին Հայաստանին է վերադարձրել 10 գերիների

Ադրբեջանը հայտնում է, որ դեկտեմբերի 14-ին Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ կայացած եռակողմ հանդիպման արդյունքում, Ադրբեջանը, Եվրամիության միջնորդությամբ, դեկտեմբերի 19-ին Հայաստանին է փոխանցել 10 հայ գերու։ Այդ մասին հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի գերիների, անհետ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովին։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ վերադարձված 10 գերիները գերեվարվել էին 2021 թվականի նոյեմբերի 16-ին Հայաստանի արևելյան սահմանի Սյունիքի հատվածում տեղի ունեցած մարտական գործողությունների արդյունքում։ 

Հիշեցնենք, որ Բրյուսելում հանդիպման մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել նոյեմբերի 19-ին, երբ Եվրոպական խորհրդի նախագահը հեռախոսազրույցներ էր ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ։ 

«Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն առաջարկել է Բրյուսելում, ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպում կազմակերպել։ Առաջնորդները համաձայնել են Բրյուսելում անցկացնել հանդիպում՝ տարածաշրջանային իրավիճակի և լարվածության հաղթահարման ճանապարհների քննարկման համար»,- նշվում էր հաղորդագրության մեջ։ 

Կողմերը պայմանավորվել էին նաև ուղիղ կապ հաստատել պաշտպանության նախարարների մակարդակով՝ միջադեպերից խուսափելու համար։

Դեկտեմբերի 14-ին կայացած եռակողմ հանդիպման արդյունքում Շառլ Միշելը հայտարարություն էր տարածել, համաձայն որի կողմերը վերահաստատել էին 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների կետերի իրագործմանն իրենց հավատարմությունը։

Շառլ Միշելն ընդգծել էր, որ առանցքային հումանիտար հարցերի լուծումը որոշիչ նշանակություն ունի։ «Նա ողջունել է Ադրբեջանի կողմից տասը հայ ձերբակալվածների ազատ արձակումն ու ականապատ դաշտերի մնացած բոլոր քարտեզների տրամադրումը: Նա կոչ է արել ամբողջապես և արագ կերպով լուծել բոլոր առանցքային հումանիտար հարցերը, ինչպիսիք են մյուս ձերբակալվածների ազատ արձակումը և անհետ կորածների ճակատագրի լուծումը՝ ընդունելով, որ երկու կողմերի հումանիտար ժեստերը նույնպես նպաստում են վստահության ամրապնդմանն ու օգնում են ստեղծել պայմաններ, որոնք կնպաստեն խաղաղության ու հաշտեցման առաջխաղացմանը: ԵՄ-ն կշարունակի աջակցել մարդասիրական ականազերծման ջանքերին, այդ թվում՝ փորձագիտական խորհրդատվությունների տրամադրման ու հակամարտությունից տուժած բնակչությանը վերականգնման ու վերակառուցման հարցում օգնություն ցուցաբերելու միջոցով»,- ասվում է հայտարարության մեջ։ 

Նոյեմբերի 16-ին գերեվարված ևս 10 գերիների Ադրբեջանը Հայաստանին էր վերադարձրել նաև դեկտեմբերի 4-ին։ Ադրբեջանական կողմի պնդմամբ, տեղի ունեցած բանակցությունների արդյունքում, հայկական կողմը փոխանցել էր ականապատ դաշտերի քարտեզներ։ Թե որ հատվածների ականապատ դաշտերի քարտեզների մասին է խոսքը, պաշտոնապես չի հայտարարվում։ Ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրության մեջ նաև նշվում էր, որ փոխանակումը եղել էր ռուսական կողմի միջնորդությամբ։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին հայ-ադրբեջանական շփման գծի արևելյան հատվածում, ադրբեջանական կողմի սադրանքի արդյունքում, տեղի էին ունենում մարտական գործողություններ, որի ընթացքում կողմերը կիրառում էին զրահատեխնիկա և հրետանի։ Պաշտպանական գերատեսչությունը հայտարարել էր, որ հայկական կողմը կորցրել է երկու մարտական դիրք, կան զոհեր, վիրավորներ ու գերիներ։Այդուհանդերձ, նույն նոյեմբերի 16-ի երեկոյան կողմերը դադարեցրին կրակը, երբ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց ունեցավ կողմերի պաշտպանության նախարարների հետ։

Լուսանկարը՝ ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter