HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը քիչ հավանական է համարում Ուկրաինա բրիտանական զորքերի ուղարկումը

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել է, որ ռուսական հնարավոր ագրեսիայից պաշտպանելու նպատակով Ուկրաինայի տարածքում բրիտանական զորքերի տեղակայումը քիչ հավանական է, քանի որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ պետություն չէ։ Այդ մասին գրում է BBC-ն՝ հղում անելով Spectator ամսագրի խմբագիր Էնդրյու Նիլին Բեն Ուոլեսի տված հարցազրույցին։

Ուոլեսն ընդգծել է, որ ոչ ոք չպետք է խաբված մնա և Ուկրաինան տեղյակ է, որ Լոնդոնը չի պատրաստվում զորքեր ուղարկել։ «Այսինքն, նրանք իրենց հույսի՞ն են»,- հարցրել է լրագրողը։ Ուոլեսը, ի պատասխան, դարձյալ հիշեցրել է, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ և ընդգծել, որ Բրիտանիան ու իր դաշնակիցները ձեռնարկում են դիվանագիտական բոլոր ջանքները, որպեսզի թույլ չտան իրավիճակի սրում։ 

Այս տարվա նոյեմբերին Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի հետ համատեղ հայտարարության մեջ բրիտանացի նախարարն իր աջակցությունն էր հայտնել Կիևին։ «Միացյալ Թագավորությունը մեջք մեջքի կանգնած է Ուկրաինայի ժողովրդի հետ»,- նշվում էր հայտարարության մեջ։

Ավելի վաղ, Ջո Բայդենը հայտարարել էր, որ ներկայումս չի դիտարկվում Ուկրաինա ամերիկյան զորքերի ուղարկումը։ «Այդուհանդերձ, դա կախված կլինի նրանից, թե ինչի են պատրաստ գնալ ՆԱՏՕ-ի մյուս երկրները»,- հավելել էր ամերիկացի նախագահը։ 

Ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաներն ու դիվանագետները նոյեմբերին Ռուսաստանին մեղադրել էին Ուկրաինայի դեմ ագրեսիայի նախապատրաստման մեջ։ Նրանք հղում էին անում ուկրաինական սահմանի մոտ ռուսական զորքերի կուտակման վրա։ 

Մոսկվան հերքում է այդ մեղադրանքները, սակայն ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից պահանջում հարգել իր «կարմիր գծերը»։ Դեկտեմբերի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակապով բանակցություններ էր վարել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ և հեռախոսազրույց ունեցել Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ։ 

Ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 17-ին ՌԴ ԱԳՆ-ն հրապարակել էր անվտանգության երաշխիքների վերաբերյալ սեփական պայմանները, որոնց հիմքում են ՆԱՏՕ-ի կողմից դեպի արևելք ընդլայնման հրաժարումը։ Բրյուսելն ու Վաշինգտոնն արդեն հայտարարել են, որ Ռուսաստանի հետ պատրաստ են քննարկել ռազմավարական անվտանգության հարցերը, սակայն Ուկրաինայի և մյուս երկրների ճակատագիրը պետք է որոշվի միայն նրանց մասնակցությամբ և նրանց հետ փոխգործակցությամբ։ 

Սպասվում է, որ հաջորդ շաբաթ Բայդենի վարչակազմը ֆորմալ պատասխան կուղարկի ռուսական առաջարկներին։ Փորձագետների համար, այդուհանդերձ, անհասկանալի է, թե ինչու է ռուսական կողմը բացահայտ հրապարակել այդ առաջարկները, որոնց շուրջ նախատեսվում է, որ պետք է ընթանան բանակցությունները։

Լուսանկարում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը/Reuters գործակալություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter