
Իրանում գրանցվել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով վարակման առաջին դեպքը
Իրանի մայրաքաղաքում այսօր՝ դեկտեմբերի 19-ին, գրանցվել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով վարակման առաջին դեպքը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ հայտնել է Իրանի առողջապահության նախարարությանը կից Վարակիչ հիվանդությունների բուժման կենտրոնի ղեկավար Մոհամադ Մեհդի Գույյան։
«Այսօր առավոտյան Իրանում հայտնաբերվել է «օմիկրոն» շտամի առաջին դեպքը մեր հայրենակցի՝ Թեհրանից մի տղամարդու մոտ, ով նոր էր վերադարձել հարևան երկրից»,- Գույյայի խոսքերը մեջբերում է IRIB հեռուստաալիքը: Սակայն նշված չէ, թե որ երկրից է ժամանել քաղաքացին։
Նշենք, որ Ռուսաստանում և Թուրքիայում ևս հայտնաբերվել էին կորոնավիրուսի այս նոր շտամով վարակման դեպքեր։ Դեկտեմբերի 13-ի դրությամբ, Հարավային Աֆրիկայից Ռուսաստան ժամանած 177 անձանցից 16-ի մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուսի «օմիկրոն» շտամը։
Դեկտեմբերի 13-ին Մեծ Բրիտանիայում գրանցվեց նաև կորոնավիրուսի «օմիկրոն» շտամից մահացության առաջին դեպքը։
Հետազոտությունը ցույց է տվել, որ Pfizer պատվաստանյութի երեք դեղաչափը առավել արդյունավետորեն պայքարում է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի դեմ, քան երկու դեղաչափը։
Հիշեցնենք, որ այս տարվա նոյեմբերին Հարավային Աֆրիկայի գիտնականները հայտարարել էին, որ առաջացել է մեծ քանակությամբ մուտացիաներով կորոնավիրուսի նոր շտամ, որը կարող է լինել առավել վարակիչ։ Հստակ տվյալներ, որոնք հաստատում կամ հերքում են այդ հանգամանքը, դեռևս չկան։
Լուսանկարը՝ Nazanin Tabatabaee/Reuters
Մեկնաբանել