
Հունվարի 15-ից պահեստազորայինների նոր հավաքներ կանցկացվեն
Պաշտպանության նախարարությունը նախատեսում է պահեստազորայինների հերթական եռամսյա հավաքներ անցկացնել։ Պաշտպանական գերատեսչությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացրել է կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում է 2022 թվականի հունվարի 15-ից մինչև ապրիլի 15-ն իրականացնել պահեստազորայինների վարժական հավաքներ։
Ըստ որոշման նախագծի՝ վարժական հավաքներին կներգրավվի մինչև 65 քաղաքացի, որոնցից 20-ը` բժշկական մասնագիտություններ ունեցող սպայական և 45-ը՝ ինժեներական մասնագիտություններ ունեցող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պահեստազորայիններ:
Պաշտպանության նախարարությունը նախատեսում է նաև հունվարի 15-ից մինչև ապրիլի 15-ը ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավել մինչև 45 միավոր տրանսպորտային միջոց, այդ թվում՝ 39 բուլդոզեր և 6 էքսկավատոր։
Նախագծի հիմնավորման համաձայն՝ որոշման ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման հավաքների անցկացման, դրա ապահովման նպատակով ռազմատրանսպորտային մարմինների տրանսպորտային ռեսուրսները վարժական հավաքների ընդգրկելու և ինժեներական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ:
Ինչպես ընդգծում է պաշտպանութան նախարարությունը, որոշման նախագծի ընդունման դեպքում պետական բյուջում լրացուցիչ ծախսեր չեն առաջանա: Հայտարարվող վարժական հավաքների ծախսերն իրականացվելու են 2022 թվականի պետական բյուջեով պաշտպանության նախարարությանն այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին:
Հիշեցնենք, որ 2021թ․ ընթացքում պաշտպանության նախարարությունն արդեն իսկ իրականացրել է պահեստազորայինների երեք վարժական հավաքներ, որին մասնակցած քաղաքացիներն ընդգրկվել են նաև մարտական հերթապահությունում։ Առաջինը հավաքները հայտարարվել էին օգոստոսի 25-ից նոյեմբերի 25-ը՝ 2169 քաղաքացու ներգրավմամբ, երկրորդը՝ սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը՝ 869 պահեստազորայինի մասնակցությամբ, իսկ երրորդը՝ նոյեմբերի 18-ից դեկտեմբերի 18-ը 202 քաղաքացու ներգրավմամբ։
Այսօր հրապարակված որոշման նախագիծն ուժի մեջ կմտնի միայն կառավարության հավանությանն արժանանալուց հետո։
Մեկնաբանել