HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Նորայր Սարգսյանն ընտրվել է Նաիրի համայնքի ղեկավար

Նաիրի խոշորացված համայնքում այսօր տեղի է ունեցել ավագանու առաջին նիստը, որի ընթացքում համայնքի ղեկավար է ընտրվել Նորայր Սարգսյանը։ Նա 1999 թվականից Եղվարդի համայնքապետն է եղել, և այժմ էլ խոշորացումից հետո կշարունակի ղեկավարել արդեն Նաիրի համայնքը։ Համայնքապետի պաշտոնում սա կլինի Նորայր Սարգսյանի 8-րդ պաշտոնավարումը։

Նաիրիում ավագանու ընտրությունները տեղի են ունեցել 2021թ․ դեկտեմբերի 5-ին։ Մասնակցում էր 6 կուսակցություն։ Քվեարկության մասնակիցների 43,81%-ը իր ձայնը տվել էր անկուսակցական Նորայր Սարգսյանի գլխավորած Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցությանը։ «Քաղաքացիական պայմանագիրը» (ՔՊ) ստացել էր՝ 28,63 %, «Հանրապետությունը»՝ 10,21 %, «Իմ հզոր համայնքը»՝ 7,67 %, «Հայ Յեղափոխական Դաշնակցությունն» (ՀՅԴ) էլ՝ 4,52 %։ Հենց այս 5 քաղաքական ուժերն են հաղթահարել անցողիկ շեմը և ավագանի կազմել։ «Ապրելու երկիր» կուսակցությունը չի հաղթահարել անցողիկ շեմը։

Նաիրի խոշորացված համայնքի ավագանին ունի 27 անդամ։ Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը ստացել է 13 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 8 մանդատ, «Հանրապետությունը»՝ 3 մանդատ, «Իմ հզոր համայնքը»՝ 2, իսկ Դաշնակցությունը՝ 1 մանդատ։

Այսօրվա նիստին մասնակցել է ավագանու 16 անդամ։ ՔՊ-ն ու «Հանրապետությունը» նիստին չեն մասնակցել։ Նորայր Սարգսյանը Նաիրի համայնքի ղեկավար է ընտրվել 15 կողմ ձայներով, ավագանու անդամներից մեկն էլ չի մասնակցել քվեարկությանը։

Հիշեցնենք, որ Նաիրի համայնքը ձևավորվել է 2021թ․ համայնքների խոշորացման գործընթացի շրջանակում։ Այստեղ խոշորացումը մեկնարկել էր դեռևս 2017 թվականին, երբ Եղվարդ քաղաքային համայնքին միավորվել էին Արագյուղ, Բուժական, Զովունի, Զորավան և Սարալանջ գյուղերը՝ կազմելով Եղվարդ խոշորացված համայնքը՝ համանուն կենտրոնով։ 2021թ․ Եղվարդ խոշորացված համայնքին միավորվել են նաև Կոտայքի մարզի մեծ գյուղական համայնքներից Պռոշյանն ու Քասախը։ Արդյունքում ձևավորվել է Նաիրի համայնքը՝ Եղվարդ կենտրոնով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter