HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իրանի արտաքին գործերի նախարարը կայցելի Բաքու

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահյանը դեկտեմբերի 21-ին կայցելի Ադրբեջան։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ադրբեջանական պետական Azertac գործակալությունը։ 

«Աբդոլահյանի այցը կիրականացվի Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովի հրավերով»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Այցի ընթացքում Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կունենա մի քանի հանդիպում, որոնց ընթացքում կքննարկվեն երկու երկրների միջև համագործակցության զարգացման հեռանկարները։ Դեռևս պարզ չէ՝ արդյոք Իրանի ԱԳ նախարարը կհանդիպի Ադրբեջանի նախագահի հետ, թե ոչ։

Բայրամովն ու Աբդոլահյանը դեռ նախօրեին՝ դեկտեմբերի 19-ին հանդիպել էին Իսլամաբադում՝ Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի արտահերթ նիստի շրջանակներում։ Հենց այդ հանդիպման ժամանակ էր Բայրամովը Աբդոլահյանին հրավիրել Բաքու։

Այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին լարվել էին հարաբերությունները Բաքվի և Թեհրանի միջև։ Իրանն ու Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով միմյանց հասցեին քննադատական հայտարարություններ էին անում։ Երկու երկրները միմյանց սահմանների մոտ, այդ թվում՝ այլ երկրների մասնակցությամբ, հատկապես՝ Թուրքիայի, անց էին կացնում զորավարժություններ։ Թեհրանն Ադրբեջանին մեղադրում էր իր սահմանի երկայնքով իսրայելական ուժերի և միջոցների տեղակայման մեջ, իսկ Բաքուն՝ իր մտահոգությունները հայտնում իրանական զորավարժությունների վերաբերյալ՝ նաև հավելելով, որ «իրանական բեռնատարներն անօրինական կերպով մուտք են գործում Լեռնային Ղարաբաղ»։

Հոկտեմբերի 27-ին Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել էր, որ Ադրբեջանի և Իրանի միջև լարվածության հրապարակային փուլն ավարտված է։ «Մենք շփումներ ենք ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ։ Ես կարծում եմ, որ մենք ավարտել ենք լարվածության հրապարակային փուլը։ Ենթադրում եմ, որ մեր ունեցած խնդիրներն աստիճանաբար կլուծվեն»,- նշել էր նա։ Դիվանագետը հավելել էր, որ Իրանի ներկայիս կառավարությունը նպատակադրված է հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացմանը։

Նոյեմբերի 7-ին հերթական հեռախոսազրույցի ժամանակ Հոսեյն Ամիր Աբդոլահյանը նշել էր «որոշակի թյուրըմբռնումների» վերջնական հարթման մասին, որոնք վերջին շրջանում առաջացել էին Ադրբեջանի հետ հարաբերություններում։ «Մի շարք հարցերի սխալ մեկնաբանության հետ մեկտեղ, որոնք վերջին շրջանում տեղ ունեին երկկողմ հարաբերություններում, արձանագրվել են մի շարք շրջանակների փորձեր՝ վնաս հասցնելու Թեհրանի և Բաքվի միջև բարեկամական կապերին։ Երկու երկրների ներկայացուցիչների հեռատեսության շնորհիվ հարցը լուծվել է։ Մենք կշարունակենք զարգացնել համագործակցությունը՝ ի շահ Իրանի և Ադրբեջանի»,- նշել էր Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Իր հերթին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կոչ էր արել թույլ չտալ վնաս հասցնել իրանա-ադրբեջանական հարաբերություններին։ Նա նշել էր, որ ցանկացած հարց պետք է քննարկվի երկու երկրների բարեկամության ավանդույթների հաշվին։ Ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել էր, որ Բաքուն պատրաստ է Թեհրանի հետ գործընկերության։

Լուսանկարը՝ Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter