HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Սև և գունավոր մետաղների ջարդոնի ու թափոնի արտահանման արգելքը 6 ամսով կերկարաձգվի

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է ևս 6 ամսով երկարաձգել սև և գունավոր մետաղների ջարդոնի ու թափոնի արտահանման արգելքը։ Կառավարության այս որոշման նախագիծը ներկայացվել է իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում։

Հայաստանից սև և գունավոր մետաղների արտահանման արգելք սահմանելու մասին որոշումը կառավարությունն ընդունել էր 2021թ․ հունվարի 14-ի նիստում։ Ինչպես հայտնում է էկոնոմիկայի նախարարությունը, մետաղների արտահանման արգելքը կիրառելուց հետո զգալի աճել է մետաղից տեղական արտադրության ծավալները։

Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2021-ի հունվարի-սեպտեմբեր ամիսներին միայն պողպատի ձուլագլանվածքների արտադրության ծավալը կազմել է 75 289 տոննա։ Ըստ էկոնոմիկայի նախարարության կանխատեսումների՝ տարեվերջին այն կգերազանցի 100 հազար տոննան, ինչը նախորդ տարվա համեմատ մոտ 2 անգամ ավել կլինի։

Ուստի էկոնոմիկայի նախարարությունը մետաղների ջարդոնի և թափոնի արտահանման ժամանակավոր սահմանափակում կիրառելով նպատակ ունի տեղական արդյունաբերական ձեռնարկություններին հնարավորություն ընձեռել զարգացնել սեփական արտադրությունները՝ օգտագործելով սև և գունավոր մետաղների ջարդոնը և թափոնը:

«Մետաղների ջարդոնն ու թափոնները Հայաստանի համար հանդիսանում են ռազմավարական նշանակություն ունեցող հումք` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում բացակայում է սև մետաղների արդյունահանումը (չկան սև մետաղի բնական պաշարներ)՝ մետալուրգիական և մետաղամշակման, ապա ջարդոնի ու թափոնի երկրորդային վերամշակմամբ կարելի է լրացնել այդ ապրանքների պակասը»,- ասվում է նախագծի հիմնավորման մեջ։

Հավելենք, որ կառավարության հավանությանն արժանանալու դեպքում որոշումն ուժի մեջ կմտնի 2022 թվականի հունվարի 25-ից և կգործի մինչև 2022 թվականի հուլիսի 25-ը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter