
Իրանը 15 օրով փակում է ցամաքային սահմանը հարևան երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ
Իրանի իշխանությունները 15 օրով փակում են ցամաքային սահմանը հարևան երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի տարածման սպառնալիքի պատճառով։ «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին, հայտարարել է Իրանի մաքսատան պաշտոնական ներկայացուցիչ Սեյեդ Ռուհոլլահ Լաթիֆին։
«Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի ազգային շտաբի և ՆԳՆ հրամանի համաձայն՝ «օմիկրոն» շտամի տարածումը կանխելու նպատակով այսօրվանից 15 օրով փակ կլինի ուղևորների համար հարևան երկրների հետ ցամաքային սահմանը»,- նրա խոսքերը մեջբերել է ILNA-ն։
Պաշտոնյան ասել է, որ խոսքը վերաբերում է Թուրքիայի, Իրաքի, Աֆղանստանի, Ադրբեջանի, Պակիստանի և Հայաստանի նկատմամբ սահմանափակումներին։ «Ինչ վերաբերում է Թուրքմենստանին, ապա այդ երկրի հետ ցամաքային սահմանով ուղևորափոխադրումներ չկան կորոնավիրուսային համաճարակի սկզբից ի վեր»,- հավելել է նա։
Նշենք, որ Իրանում դեկտեմբերի 19-ին, գրանցվել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով վարակման առաջին դեպքը։
Ռուսաստանում և Թուրքիայում ևս հայտնաբերվել էին կորոնավիրուսի այս նոր շտամով վարակման դեպքեր։ Դեկտեմբերի 13-ի դրությամբ, Հարավային Աֆրիկայից Ռուսաստան ժամանած 177 անձանցից 16-ի մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուսի «օմիկրոն» շտամը։
Դեկտեմբերի 13-ին Մեծ Բրիտանիայում գրանցվեց նաև կորոնավիրուսի «օմիկրոն» շտամից մահացության առաջին դեպքը։
Հետազոտությունը ցույց է տվել, որ Pfizer պատվաստանյութի երեք դեղաչափը առավել արդյունավետորեն պայքարում է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի դեմ, քան երկու դեղաչափը։
Հիշեցնենք, որ այս տարվա նոյեմբերին Հարավային Աֆրիկայի գիտնականները հայտարարել էին, որ առաջացել է մեծ քանակությամբ մուտացիաներով կորոնավիրուսի նոր շտամ, որը կարող է լինել առավել վարակիչ։ Հստակ տվյալներ, որոնք հաստատում կամ հերքում են այդ հանգամանքը, դեռևս չկան։
Մեկնաբանել