HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Շուշան Խաչատրյան. «Չեմ կարծում, թե Ղազախստանում ընթացող բողոքի ցույցերը կազմակերպվել են նախագահ Տոկաևի կողմից»

Չեմ կարծում, թե Ղազախստանում ընթացող բողոքի ցույցերն ու գործողություններն ուղղված են Նուրսուլթան Նազարբաևի ազդեցության դեմ և կազմակերպվել են գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի կողմից։ «Հետք»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ղազախստանի հարցերով փորձագետ Շուշան Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ վերջին ժամանակաշրջանում Ղազախստանում էապես աճում էր գործող նախագահ Տոկաևի ազդեցությունը և նրա կողմից արկածախնդրություն կլիներ նման ռիսկի գնալը։

«Իրականում, հատկապես վերջին ժամանակաշրջանում Ղազախստանում Տոկաևի ազդեցությունը գնալով մեծանում էր, այսինքն՝ առաջին նախագահ Նազարբաևն իր լիազորությունների մի մասը ժամանակի հետ աստիճանաբար հանձնում էր Տոկաևին և գնալ նման արկածախնդրության մի բանի համար, որ ժամանակի ընթացքում տրվում է քեզ, կարծում եմ՝ այնքան էլ տրամաբանական չէ։ Եվ բավական մեծ է ռիսկը, որ ամեն ինչ դուրս կգա վերահսկողությունից»,- նշում է մասնագետը։ Ըստ նրա՝ սա հասկանում են նաև Տոկաևը ու նրա շրջապատը, և այն, որ սա կարող է լինել պալատական հեղաշրջում կամ առաջին և երկրորդ նախագահների էլիտաների միջև պայքար, քիչ հավանական է։

Շուշան Խաչատրյանն այն կարծիքին է, որ դժվար թե այս ամենից հետո Նազարբաևի ազդեցությունը Ղազախստանում վերանա։ «Գաղտնիք չէ, որ երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը շարունակում էր երկրում բավական մեծ հեղինակություն, վերահսկողություն և ազդեցություն ունենալ։ Իհարկե, եղան որոշակի փոփոխություններ, այդ թվում՝ Նազարբաևը հեռացվեց Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնից, բայց չեմ կարծում, որ սա նշանակում է Նազարբաևի ազդեցության և իշխանության ավարտ»,- նշում է նա։

Հարցին, թե ինչու ի սկզբանե սոցիալական դրդապատճառներով բողոքի ակցիաները վերածվեցին քաղաքականի, ղազախագետը պատասխանում է՝ նշելով երկու հիմնական պատճառ։ Առաջինն այն է, որ կազմակերպիչները, լավ իմանալով, որ սոցիալական պատճառներն ավելի շուտ մարդկանց փողոց կհանեն, քան քաղաքական կարգախոսները, գնացին այդ տեխնոլոգիական հնարքին։ Երկրորդ վարկածը կարող է լինել այն, որ ի սկզբանե սոցիալական շարժումը պարզապես քաղաքական բնույթ ստացավ , այսինքն՝ սոցիալական շարժումն օգտագործվեց որոշակի խմբերի կողմից՝ քաղաքական նպատակներ և քաղաքական հարցեր լուծելու համար։ 

Ղազախագետի խոսքով՝ դեռևս հստակ չի կարելի պնդել, թե իրականում որ տարբերակն է գործի դրվել։ Բացի այդ, դժվար է ասել՝ արդյոք բողոքի ցույցերը հրահրվել են արտաքին կամ ներքին ուժերի կողմից։ Մի բան հստակ է, որ այն վաղուց կորցրել է սոցիալական նպատակները։

Հիշեցնենք, որ վերջին օրերին ներքաղաքական լարված իրավիճակ է Ղազախստանում։ Հունվարի 2-ին Ղազախստանում սկսվել են զանգվածային ցույցեր հեղուկ գազի գնաճի պատճառով։ Հետագայում ցուցարարները քաղաքականպահանջներ ներկայացրին՝ գործող իշխանությունների հրաժարականը։ Հունվարի 4-ի լույս 5-ի գիշերը բախումներ եղան Ալմաթիում՝ ցուցարարների ու ուժայինների միջև։

Հունվարի 5-ի առավոտյան հրաժարական տվեց Ղազախստանի կառավարությունը, իսկ երեք մարզերում մտցվեց արտակարգ դրություն։ Ղազախստանի ՆԳՆ տվյալներով՝ ավելի քան 200 մարդ ձերբակալվել է «հանրային կարգի խախտման պատճառով»։ 

Ցուցարարները ներխուժել են Ալմաթիի մարզպետարան, այդ քաղաքում նախագահի նստավայր և դատախազության շենքեր ու այրել այն։

«Հետք»-ն առցանց հետևում է այդ երկրում դեպքերի զարգացման ընթացքին և պարբերաբար թարմ տեղեկատվություն տրամադրում ընթերցողներին։

Լուսանկարը՝ Շուշան Խաչատրյանի անձնական արխիվից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter