Ղազախստանում Հայաստանի դեսպանությունը ՀՀ քաղաքացիներին կոչ է անում ձեռնպահ մնալ մարդաշատ վայրեր այցելելուց
Ղազախստանում Հայաստանի դեսպանությունը ՀՀ քաղաքացիներին կոչ է անում ձեռնպահ մնալ մարդաշատ վայրեր այցելելուց, ինչը պայմանավորված է այդ երկրում առկա ներքաղաքական լարված իրավիճակով։ Նման հայտարարությամբ դեսպանությունը հանդես է եկել ֆեյսբուքյան իր էջում։
«Ղազախստանում, բարդ իրավիճակով պայմանավորված, արտակարգ դրության ռեժիմ և պարետային ժամ է հայտարարվել (23:00-ից 07:00-ն)։ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին խորհուրդ ենք տալիս հետևել անվտանգության բոլոր միջոցներին, ձեռնպահ մնալ մարդաշատ վայրեր այցելելուց, մնալ հյուրանոցներում/կեցության վայրերում»,- նշվում է տարածված հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ վերջին օրերին ներքաղաքական լարված իրավիճակ է Ղազախստանում։ Հունվարի 2-ին Ղազախստանում սկսվել են զանգվածային ցույցեր հեղուկ գազի գնաճի պատճառով։ Հետագայում ցուցարարները քաղաքական պահանջ են ներկայացրել՝ գործող իշխանությունների հրաժարականը։
Հունվարի 4-ի լույս 5-ի գիշերը բախումներ են եղել Ալմաթիում՝ ցուցարարների ու ուժայինների միջև։
Հունվարի 5-ի առավոտյան հրաժարական է տվել Ղազախստանի կառավարությունը, իսկ երեք մարզերում մտցվել է արտակարգ դրություն։ Ղազախստանի ՆԳՆ տվյալներով՝ ավելի քան 200 մարդ ձերբակալվել է «հանրային կարգի խախտման պատճառով»։
Ցուցարարները ներխուժել են Ալմաթիի մարզպետարան, այդ քաղաքում նախագահի նստավայր և դատախազության շենքեր ու այրել այն։
«Հետք»-ն առցանց հետևում է այդ երկրում դեպքերի զարգացման ընթացքին և պարբերաբար թարմ տեղեկատվություն տրամադրում ընթերցողներին։
Լուսանկարը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել