HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երիտասարդ գեղանկարիչը ազգը ճանաչելի դարձրած հայերի մակարդակին հասնելու երազանք ունի

Միքայելն իր հանդարտ բնավորությամբ վառում էր խունկը, միացնում հոգեւոր երաժշտությունն ու մոտենում կտավին։ Նա նկարում էր Հիսուսի խաչելության տեսարանը, որ որոշ ժամանակ հետո հոգեւոր թեմայով գեղանկարների մրցույթում առաջին մրցանակ էր ստանալու։

Ասում է՝ այնքան շատ էր խունկ ծխել, որ տունը, կարծես, եկեղեցի էր դարձրել։ Եվ եթե նկարն ուշադիր նայեք, գուցե այդ խունկի շերտերը զգաք։ Գեղանկարիչ Միքայել Հարությունյանի համար այդ փոքր, գուցե աննշան թվացող դետալները կարեւոր են, որովհետեւ, ըստ նրա, առանց այդ միջավայրը ստեղծելու ու հոգեւոր երաժշտության դժվար կնկարեր։ Նախքան նկարելն ու դրա ընթացքում էլ նա ուսումնասիրում էր խաչելության պատմությունը։ Անգամ Մխիթարյան միաբանությունից էին նյութեր ուղարկել ուսումնասիրությունների, հարցերի պատասխաններ գտնելու համար։

Մրցույթը կազմակերպել էր Կաթոլիկ արտ ինստիտուտը, ինչի մասին Միքայելը պատահաբար տեղեկացել էր համացանցում։ Քանի որ թեման հոգեհարազատ էր իրեն, եւ բացի դրանից՝ պատրաստի գործեր ուներ, որոշել էր մասնակցել։ Մրցույթին ներկայացրել էր 3 գործ, որոնցից երկուսը եզրափակչի ցանկում հայտնվեցին, իսկ մեկն արժանացավ առաջին մրցանակի։

Հյուրասենյակը, որտեղ նստել ենք Միքայելի հետ, նաեւ նրա արվեստանոցն է։ Պատերին տարբեր տարիների նրա գործերն են։ Պատուհանի մոտ դրված է մեծ նկարակալը, ներքեւում՝ ներկերը։ Արվեստանոց-հյուրասենյակի համար չափազանց կոկիկ է։ Նկարելիս հիմնականում երաժշտություն է լսում, եւ ժանրը կախված է նկարի թեմայից։ Դիմանկարների ժամանակ հաճախ պարզապես զրուցում է։

Այդ զրույցներից մեկի ժամանակ է ծնվել է մի գեղանկար՝ մուսալեռցի լրագրող, լուսանկարիչ Գաբրիել Փանոսյանի նկարը։ Միքայելն այն ներկայացրել էր 2021 թ․ ֆիգուրատիվ նկարչության հեղինակավոր մրցույթին՝ «Figurativas»-ին, որը կազմակերպվում է երկու տարին մեկ Բարսելոնայի ժամանակակակից արվեստի եվրոպական թանգարանում։ Մրցույթում Միքայելի նկարը ճանաչավել է լավագույն գործերից մեկը եւ այժմ ցուցադրված է նույն թանգարանում։

Երիտասարդ գեղանկարչի գործերից հայտնի է նաեւ կաթողիկոսների դիմանկարների շարքը։ Միքայելի նկարներով արդեն նամականիշներ կան։ Սակայն 24-ամյա Միքայելը նույն համեստ երիտասարդն է, ինչ 8 տարի առաջ, երբ հանդիպեցինք նրան։

Ասում է՝ այս տարիներին մի բան անփոփոխ է մնացել՝ երազանքներն ու ձգտումները։ Իսկ այդ ամբողջ ընթացքում ինքն էլ, կոմպոզիտոր եղբայրն էլ՝ Նորայր Հարությունյանը, դժվարությունների միջով անցան։ Բայց դա էլ նա համարում է հաճելի ընթացք, հատկապես, երբ այդ դժվարությունները հաղթահարված են տեսնում։

Հետաքրքիր է, որ մանկության տարիներին Միքայելն էր հետաքրքրված երաժշտությամբ, իսկ Նորայրը՝ նկարչությամբ։ Մի հարեւան ունեին՝ Սարգիս Քարտիկյանը, ով դաշնամուրի դասեր էր տալիս նրանց։ Միքայելը հիշում է, որ այդ ժամանակ երկուսն էլ նկարում էին, ու Նորայրի մոտ շատ լավ էր ստացվում նկարելը, իր մոտ՝ նվագելը։ Սակայն մի օր Միքայելը որոշեց, որ այլեւս չի ցանկանում նվագել, եղբայրն էլ աննկատ թողել էր նկարելը։ «Էդպես թաքուն, աննկատ տեղերով փոխվեցինք»,- ժպտալով ասում է Միքայելը, ապա հավելում, որ երջանկություն է, երբ փոքր տարիքից գտնում ես քո մասնագիտական ճանապարհը։

Մալաթիայի միահարկ տան այս պատերը նույնիսկ արվեստից հեռու մարդկանց կլանում են՝ ստիպելով հարցեր տալ։ Եղբայրներն աշխատում են մի մեծ հյուրասենյակում, որ պարզապես բաժանված է պատով։ Պատերին մեծ ու փոքր նկարներ են։ Բազմոցից վերեւ Մալաթիայի շուկայի նկարն է, որը շուկայի շարքից է։ Իսկ շարքի գաղափարը Գեղարվեստի ակադեմիայում սովորելիս է ծագել, երբ կոմպոզիցիայի դասին պետք է մտածեին՝ ինչ նկարել։ Այս շարքն աչքի է ընկնում կենդանությամբ ու կերպարների հյութեղությամբ, դետալների դիտողականությամբ, եւ ամեն անգամ կարող ես նոր շերտ բացահայտել՝ դրանց նայելով։

Միքայելն ասում է՝ առհասարակ սիրում է շարք նկարել, որովհետեւ դրանք հետաքրքիր տանդեմ են կազմում, եւ վերջնարդյունքն էլ նույնչափ հետաքրքիր է լինում հատկապես ցուցասրահում։ Ու նկարները, կարծես, սկսում են իրար օգնել։ Ասում է՝ կցանկանար, որ մի թեմայով շարք անելու առիթ շատ ունենար։

Իսկ նկարելու «տենդը» սկսվեց հորաքրոջ դստեր մոլբերտից, որը նվիրել էին եղբայրներին։ Դա ազդակ էր անընդհատ նկարելու՝ մոռանալով խաղերի մասին։ «Մոլբերտից հետո դա էր մեր խաղը»,- մեղմ ժպտում է Միքայելը։

-Ի՞նչ է գույնը քեզ համար,- հարցնում եմ նրան։

-Գույնն ինձ համար նույնն է, ինչ երաժշտի համար ստեղները։ Այն իմաստ պետք է ունենա։

-Դժվար չէ՞ սպիտակ կտավի մոտ կանգնելն ու առաջին կետն անելը, սկսել նկարելը։

-Դժվար չէ, որովհետեւ տարիների ընթացքում արդեն գիտեմ, բայց մի հետաքրքիր երեւույթ կա։ Սպիտակ, դատարկ կտավը, կարծես, մի իդեալական բան է ինձ համար։ Ու ամեն անգամ, երբ մոտենում եմ դրան, ինձ թվում է՝ մի զգացողություն կա, որ ինչ էլ նկարեմ, թեկուզ հրաշք լինի այն, բայց, կարծես, փչացնեմ այդ գեղեցկությունը, դատարկությունը։

Միքայելի նկարները բարձր գնահատականի են արժանանում թե՛ Հայաստանում, թե՛ դրսի արվեստաբանների եւ արվեստագետների կողմից։ Սակայն նույնիսկ դրանք եւ բազմաթիվ մրցանակները, կարծես, նրա ստեղծագործական աշխարհի շրջանակից դուրս են՝ նրան պահելով համեստ եւ մաքուր, ամենօրյա գերզբաղ աշխատանքային տեմպի մեջ։

Երբ խոսում էինք երազանքներից, մի պահ ժպտաց, ապա ասաց․ «Ուզում եմ իմ հնարավորություններն այնպես օգտագործել, որ հետագայում առիթ լինի անուն էլ ավելացնել այն մարդկանց թվին, որոնք ազգին օգուտ են բերել։ Ինձ համար, օրինակ, շատ ոգեւորիչ է լսել Արշիլ Գորկու, Այվազովսկու անունները, եւ մի թաքուն ցանկություն էլ ես ունեմ, որ այդպիսի մեկը լինեմ, որին ազգը լավ ձեւով կհիշի, վատը շատ ունենք»։

Միքայելը Գեղարվեստի ակադեմիան ավարտելուց հետո՝ 2020 թ․, Շվեյցարիայից հրավեր էր ստացել եւ՛ սովորելու, ուսումնասիրելու, եւ՛ միաժամանակ աշխատելու, սակայն համավարակը խանգարեց ծրագրի իրականացմանը։ Հիմա հույս ունի, որ ընթացքը կփոխվի, եւ ինքն էլ հնարավորություն կունենա շրջելու, սովորելու, ուսումնասիրելու։

Լուսանկարները՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter