
Բողոքի ցույցերի պատճառով Նազարբաևի դուստրն ու փեսան կորցրել են տասնյակ միլիոնավոր դոլարներ
Ղազախստանում չորս միլիարդատերեր ընդհանուր առմամբ կորցրել են մոտ 3 միլիարդ դոլար՝ այդ երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերի ֆոնին բաժնետոմսերի գների անկման պատճառով։ Մասնավորապես, ինչպես գրում է Forbes ամսագիրը, հունվարի 7-ին Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի դուստրը Դինարա Կուլիբաևան և նրա ամուսինը՝ Թիմուր Կուլիբաևը, որոնք վերահսկում են Ժողովրդական բանկը (Халык-банк, JSC Halyk Bank), ընդհանուր առմամբ 200 միլիոն դոլարով աղքատացել են։
Պարբերականը գրում է, որ Ղազախստանի երկու խոշոր բանկերի` Kaspi-ի և JSC Halyk Bank-ի բաժնետոմսերի գինը կտրուկ ընկել է, երբ ցուցարարներն սկսել են այրել պետական շենքերը և տապալել հուշարձանները։ Այսպես, Kaspi բանկի բաժնետոմսերի գինը նվազել է 30 %-ով՝ 118 դոլարից իջնելով 87-ի։
Արդյունքում, բանկի նախագահ Վյաչեսլավ Կիմի կարողությունը, որը գնահատվում էր 5,7 միլիարդ դոլար, կրճատվել է մինչև 4,2 միլիարդի, իսկ բանկի գլխավոր տնօրեն Միխայիլ Լոմտաձեն կորցրել է 1,4 միլիարդ դոլար։ Ներկայումս նրա կարողությունը գնահատվում է 3,8 միլիարդ դոլար։
Նշվում է, որ Kaspi և Halyk բանկերի բաժնետոմսերի արժեքն ընկել է այն բանից հետո, երբ ֆինանսական ինստիտուտները հայտնել են, որ կենսաթոշակային վճարումների մշակումը կհետաձգեն մինչև կառավարության հայտարարած արտակարգ դրության ավարտը, որը նախատեսված է հունվարի 19-ին:
Հունվարի 2-ից սկսած Ղազախստանում շարունակվում են բողոքի զանգվածային ցույցերը։ Դրանք սկսվել են հեղուկ բնական գազի գնի թանկացման պատճառով, այնուհետ ստացել քաղաքական բնույթ։
Հունվարի 4-ի լույս 5-ի գիշերը բախումներ են եղել Ալմաթիում՝ ցուցարարների ու ուժայինների միջև։
Հունվարի 5-ի առավոտյան հրաժարական է տվել Ղազախստանի կառավարությունը, իսկ ողջ երկրում մտցվել է արտակարգ դրություն։ Ղազախստանի ՆԳՆ տվյալներով՝ ավելի քան 200 մարդ ձերբակալվել է «հանրային կարգի խախտման պատճառով»։
Ցուցարարները ներխուժել են Ալմաթիի մարզպետարան, այդ քաղաքում նախագահի նստավայր և դատախազության շենքեր ու այրել այն։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը դիմել էր ՀԱՊԿ առաջնորդներին՝ խնդրելով խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստան։ Հայաստանը խաղաղապահ ուժերի 100 զինծառայողի է ուղարկել Ղազախստան։
Վերջին երկու օրերին իրավիճակը համեմատաբար կայուն է Ղազախստանի տարածքում, չնայած Ալմաթիում դեռևս չեն դադարում բախումներն ու կրակոցները։
«Հետք»-ն առցանց հետևում է այդ երկրում դեպքերի զարգացման ընթացքին և պարբերաբար թարմ տեղեկատվություն տրամադրում ընթերցողներին։
Լուսանկարը՝ kakprosto.ru-ից
Մեկնաբանել