Ամերիկյան լրատվամիջոցները հրապարակել են Ռուսաստանի նկատմամբ ամերիկյան հնարավոր պատժամիջոցների ցանկը
Ամերիկայի Միացյալ Նահանգները մշակում է նոր պատժամիջոցներ փաթեթ, որոնք կարող են կիրառվել Ռուսաստանի նկատմամբ, եթե վերջինս ներխուժի Ուկրաինայի տարածք։
Associated Press գործակալության աղբյուրների տվյալներով՝ Ռուսաստանը կարող է ներառվել այն երկրների ցանկում, որոնց նկատմամբ գործում են ամենակոշտ պատժամիջոցները։ Խոսքը գնում է Կուբայի, Իրանի, Հյուսիսային Կորեայի և Սիրիայի մասին։ Այդ դեպքում արգելքի տակ կհայտնվի էլեկտրոնիկայի, այդ թվում՝ կենցաղային, ծրագրային ապահովման և տեխնոլոգիաների արտահանումը Ռուսաստան։
Դա հարված կհասցնի բարձր տեխնոլոգիաների, հատկապես արհեստական ինտելեկտի կամ քվանտային հաշվարկների ոլորտում Ռուսաստանի հավակնություններին։
Իր հերթին Reuters գործակալությունը նշում է, որ այդ պատժամիջոցների պարագայում արգելքի տակ կըկնեն ոչ միայն ԱՄՆ-ում արտադրված էլեկտրոնիկան և ծրագրային ապահովումները, այլև մյուս երկրների այն արտադրանքը, որի ստեղծման մեջ էական դերակատարություն են ունեցել ամերիկյան տեխնոլոգիաները։
The New York Times թերթը գրում է, որ բացի ԱՄՆ պատժամիջոցներից, այն դեպքում, երբ Ռուսաստանը ռազմական գործողություններ սկսի Ուկրաինայի նկատմամբ, Սպիտակ տունը դիտարկում է «ուկրաինական պարտիզաններին» զինելու հնարավորությունը, որոնք «կպայքարեն բռնազավթման դեմ»։
Ընդ որում, բոլոր երեք պարբերականները գրում են, որ ԱՄՆ-ը ու Եվրոպայում նրա դաշնակիցները կարծում են, որ ճգնաժամը հնարավոր կլինի հաղթահարել և Ռուսաստանը չի սկսի ռազմական գործողություն։
Հիշեցնենք, որ 2021 թվականի ամռանը արևմտյան պարբերականները գրել էին, որ Ռուսաստանը Ուկրաինայի սահմանների մոտ տեղակայել է զինվորականներ և տեխնիկա, որը կարող էր ենթադրել հնարավոր ներխուժման պատրաստություն։
Մոսկվան հերքում է այդ մեղադրանքները, սակայն ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից պահանջում հարգել իր «կարմիր գծերը»։ Դեկտեմբերի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակապով բանակցություններ էր վարել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ և հեռախոսազրույց ունեցել Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ։
Կրեմլը ՆԱՏՕ-ից պահանջում է նաև երաշխիքներ, որ Ուկրաինան չի անդամակցի հյուսիսատլանտյան դաշինքին։
Լուսանկարը՝ AFP-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել