HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Նազարբաևը Նուր-Սուլթանում է և «կատաղի բանակցություններ» է վարում Տոկաևի հետ

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը գտնվում է երկրի մայրաքաղաք Նուր-Սուլթանում և «կատաղի բանակցություններ» է վարում նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ՝ ակտիվների, եկամուտների և բնական ռենտայի վերաբաշխման վերաբերյալ։ Այդ մասին հայտնում է The Guardian-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ 

«Ղազախստանի հետ հարաբերությունների» հարցերով արևմտյան նախկին պետական պաշտոնյայի խոսքով՝ երկրում իշխանության համար պայքարը շարունակվում է, և «չկա որևէ երաշխիք, որ ամեն ինչ անցավ կավարտվի»։ Պարբերականը գրում է, որ Տոկաևը կիրառել է ռեպրեսիվ միջոցներ, որոնք վերջնականապես իշխանությունից զրկել են իր նախորդին և նրա ընտանիքին։ 

Պարբերականի մեկ այլ զրուցակից, սակայն, պնդում է, որ Նազարբաևը Չինաստանում է։ Պեկինն այդ լուրերը հերքել էր։ Այս վարկածին համամիտ է Ղազախստանի առաջին նախագահի նախկին խորհրդական Երմուխամետ Երտիսբաևը։ «Բանակցությունները շարունակվում են, բայց պարզ է, որ Նազարբաևի դարաշրջանն ավարտվել է»,- հայտարարել է նա՝ բողոքի ցույցերի ժամանակ այդ երկրում բռնության պատասխանատվությունը դնելով «Նազարբաևի կլանի պահպանողական ուժերի վրա»։

The Guardian-ի գործարար շրջանի աղբյուրներից մեկն էլ հայտնել է, որ ղազախական էլիտայի բազմաթիվ ներկայացուցիչներ հասցրել են իրենց հավատարմությունը հայտնել Տոկաևին՝ հուսալով, որ քաղաքական զտումները կսահմանափակվեն Նազարբաևի ընտանիքով և նրանց մերձավորներով։ 

«Տոկաևը խելացի տղա է և գիտի, թե ինչքան կարևոր է երկրի իմիջը։ Նա կգործի հանդարտ և զգույշ։ Նա չի կրակի գնդացրի պես, այլ դիպուկ և զգույշ, ինչպես դիպուկահար հրացանը»,- հավելել է պարբերականի զրուցակիցը։ 

1990-1991 թվականներին Նուրսուլթան Նազարբաևը եղել է Ղազախական ԽՍՀ նախագահ, իսկ այնուհետ դարձել անկախ Ղազախստաի առաջին նախագահը։ 2019 թվականին երկրի ղեկավարի պաշտոնից հեռանալուց հետո նա պահպանել էր անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը, որը նրան լայն իրավասություններ էր տալիս։ 

Այս տարվա հունվարի 2-ին մեկնարկած բողոքի ցույցերից ի վեր Նազարբաևը չի հայտնվել հանրության առաջ և հայտարարություն չի արել։ Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել էր, որ անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնից ազատել է Նազարբաևին։ Լուրեր տարածվեցին, որ նախկին նախագահն ու նրա ընտանիքի անդամները կարողացել էին լքել երկիրը։ Նազարբաևի ներկայացուցիչը հայտնել էր, որ նա Ղազախստանում է և ինքնակամ է հրաժարվել Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնից։ 

Բողոքի ցույցերից հետո Նազարբաևի ընտանիքի անդամներն ազատվել են ղազախական խոշոր ընկերություններում, պետական մարմիններում և կառավարության հետ կապ ունեցող կազմակերպություններում իրենց զբաղեցրած պաշտոններից, ինչպես նաև կորցրել տասնյակ միլիոնավոր դոլարներ։ Ղազախստանի առաջին նախագահի ավագ դուստրը՝ Դարիգա Նազարբաեւան, մինչև հունվարի վերջ հրաժարվել է մասնակցել խորհրդարանի ստորին պալատի նիստերին, որի անդամ է։ Նրա մամուլի քարտուղարը դա բացատրել է կորոնավիրուսից հետո վերականգնման գործընթացով։ 

Լուսանկարը՝ Reuters-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter