HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

«Ես կենսաթոշակի եմ գնացել». Նազարբաևը բողոքի ցույցերից հետո առաջին անգամ տեսաուղերձ է տարածել

2019 թվականին Նուրսուլթան Նազարբաևը նախագահի լիազորությունները փոխանցել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին ու այդ պահից կենսաթոշակառու է և ներկայում գտնվում է Ղազախստանի մայրաքաղաքում։ Այդ մասին իր տեսաուղերձում հայտարարել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։ Երկրում մեկնարկած բողոքի ցույցերից հետո նա առաջին անգամ է դիմել հանրությանը։

«Հունվարյան իրադարձությունները ցնցեցին ողջ Ղազախստանը։ Կազմակերպված անկարգությունների և Ղազախստանի վրա հարձակումների նպատակը երկրի ամբողջականության ու պետության կառուցվածքի կործանումն էր։ Այդ իրադարձությունները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ անկախությունը պետք է փայփայել ինչպես աչքի լույս, ինչպես փխրուն անոթ, որը պահանջում է հատուկ նուրբ վերաբերմունք։ Տեղի ունեցած ողբերգությունը մեզ համար դաս է դարձել։ Կարևոր է պարզել, թե ով է կազմակերպել այս բոլոր ջարդերն ու սպանությունները։ Քննությունն այս հարցի պատասխանը կտա։ Անկեղծ ցավակցություններս եմ հայտնում զոհվածների հարազատներին ու բարեկամներին, իսկ տուժածներին մաղթում շուտափույթ ապաքինում»,- նշել է Նազարբաևը։

Խոսելով իր հասցեին բազմաթիվ դիմումների և ԶԼՄ-ներում առկա հրապարակումների մասին՝ Ղազախստանի առաջին նախագահը հայտնել է, որ 2019 թվականին իր լիազորությունները փոխանցել է նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին և այդ պահից սկսած՝ կենսաթոշակառու է։ «Ներկայում գտնվում եմ վաստակած հանգստի մեջ Ղազախստանի մայրաքաղաքում և որևէ տեղ չեմ մեկնել»,- նշել է նա։

Նազարբաևն ընդգծել է, որ նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ունի ամբողջ իշխանությունը։ Նա անվտանգության խորհրդի նախագահն է և շուտով կընտրվի իշխող Նուր Օթան կուսակցության նախագահ։ «Էլիտայի շրջանում որևէ հակամարտություն կամ էլ դիմակայություն չկա։ Այդ թեմայով լուրերը բացարձակապես անհիմն են»,- հայտարարել է Նազարբաևը։

Նրա պնդմամբ՝ բոլորին հայտնի է, որ ինքը 30 տարի զբաղվել է պետակաշինությամբ։ «Մենք ամրացրել ենք մեր սահմանները, մենք անցկացրել ենք առաջադիմական բարեփոխումները։ Միասին կառուցել ենք անկախ Ղազախստան, մեծ արդյունքների ենք հասել սոցիալ-տնտեսական զարգացման մեջ, դարձել ոչ միայն Կենտրոնական Ասիայում, այլև ԱՊՀ-ում բազմաթիվ ցուցանիշներով առաջատար»,- նշել է նա՝ հավելելով, որ Ղազախստանը միջազգային հանրության շրջանում դարձել է ճանաչելի և հեղինակավոր պետություն։

Նազարբաևի խոսքով՝ երկրում կայունությունն ու հանգստությունը եղել են նրա նպատակը։ «Բոլորը պետք է փայփայեն այդ մնայուն արժեքները։ Մենք անպայման կանցնենք ճգնաժամի միջով և ավելի ուժեղ կդառնանք։ Նախագահը առաջ է քաշել բարեփոխումների նոր ծրագիր, որն ուղղված է ժողովրդի բարեկեցության բարձրացմանը։ Այդ ծրագրին պետք է աջակցել»,- եզրափակել է Ղազախստանի առաջին նախագահը։

1990-1991 թվականներին Նուրսուլթան Նազարբաևը եղել է Ղազախական ԽՍՀ նախագահ, իսկ այնուհետ դարձել անկախ Ղազախստաի առաջին նախագահը։ 2019 թվականին երկրի ղեկավարի պաշտոնից հեռանալուց հետո նա պահպանել էր անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը, որը նրան լայն իրավասություններ էր տալիս։ 

Այս տարվա հունվարի 2-ին մեկնարկած բողոքի ցույցերից ի վեր Նազարբաևը չէր հայտնվել հանրության առաջ և հայտարարություն չէր արել։ Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել էր, որ անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնից ազատել է Նազարբաևին։ Լուրեր տարածվեցին, որ նախկին նախագահն ու նրա ընտանիքի անդամները կարողացել էին լքել երկիրը։ Նազարբաևի ներկայացուցիչը հայտնել էր, որ նա Ղազախստանում է և ինքնակամ է հրաժարվել Անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնից։ 

Բողոքի ցույցերից հետո Նազարբաևի ընտանիքի անդամներն ազատվել են ղազախական խոշոր ընկերություններում, պետական մարմիններում և կառավարության հետ կապ ունեցող կազմակերպություններում իրենց զբաղեցրած պաշտոններից, ինչպես նաև կորցրել տասնյակ միլիոնավոր դոլարներ։ Ղազախստանի առաջին նախագահի ավագ դուստրը՝ Դարիգա Նազարբաեւան, մինչև հունվարի վերջ հրաժարվել է մասնակցել խորհրդարանի ստորին պալատի նիստերին, որի անդամ է։ Նրա մամուլի քարտուղարը դա բացատրել է կորոնավիրուսից հետո վերականգնման գործընթացով։ 

Լուսանկարը՝ Ղազախստանի առաջին նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter