HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Զելենսկին արտաքին հետախուզությանը կոչ է արել հարձակման անցնել

Ուկրաինայի արտաքին հետախուզությունը միշտ արդյունավետորեն հակազդել է արտաքին ագրեսիային, և արդեն եկել է ժամանակը, ի նպաստ երկրի ազգային շահերի, անցնել հարձակողական գործողությունների։ Այդ մասին Ուկրաինայի արտաքին հետախուզության օրվա կապակցությամբ հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Այսօր մեր պետությունը դիմակայում է ծայրահեղ վտանգավոր սպառնալիքների, մասնավորապես՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միասնականության սպառնալիքներին։ Այս որոշիչ ժամանակաշրջանում խիստ կարևոր դեր է խաղում արդյունավետ հետախուզությունը <...> Մենք սովորել ենք բավական արդյունավետ զսպել և հակազդել արտաքին ագրեսիային։ Վստահ եմ, որ ժամանակն է անցնել մեր ազգային շահերը պաշտպանող հարձակողական գործողությունների»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։ 

Զելենսկին հատուկ նշել է անվտանգության առանցքային ասպեկտներում ԱՀԾ-ի դերը՝ «նորմանդական ձևաչափով» բանակցությունների, ինչպես նաև գազային խնդրի ու «Հյուսիսային հոսք-2» գազատարի հետ կապված հարցերի շրջանակներում։ «Մեր քաղաքացիները միասնական են նրանում, որ վերադարձնեն մեր տարածքներն ու խաղաղություն մաղթեն մեր անկախ պետությանը։ Այդ իսկ պատճառով ձեզնից շատ բան է կախված»,- եզրափակել է Զելենսկին։ 

Ուկրաինայի արևելքում լարվածության հերթական փուլը սկսվել է նախորդ տարվա աշնանից, երբ արևմտյան մի քանի լրատվամիջոցներ հայտնեցին Ուկրաինա Ռուսաստանի հնարավոր ներխուժման մասին։ Ավելի ուշ, այդ պնդումները հաստատեցին ուկրաինական և արևմտյան քաղաքական գործիչները։ Մասնավորապես, Զելենսկին հայտարարել էր ուկրաինական սահմանին ռուսական շուրջ 100 000 զինծառայողների տեղակայման մասին, իսկ ԱՄՆ փոխպետքարտուղար Վիկտորիա Նուլանդը հայտարարել էր, որ Ռուսաստանը Ուկրաինա կներխուժի 2022 թվականի սկզբին։

Կրեմլը բազմիցս հերքել է նման մեղադրանքները և նշել, որ ռուսական զորքերը տեղաշարժվում են սեփական տարածքում և ունեն այդ իրավունքը։ Իր հերթին Պուտինը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք է անվտանգության երաշխիքներ տա Ռուսաստանին, ինչը ենթադրում է դեպի արևելք ընդլայնումից Հյուսիսատլանտյան դաշինքի հրաժարում և Դաշինքին Ուկրաինայի անդամակցության բացառում։ Այդ նպատակով Բայդենն ու Պուտինը տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպում էին ունեցել, իսկ մի քանի օր առաջ Ժնևում հանդիպել էին նաև ԱՄՆ պետքարտուղարն ու ՌԴ ԱԳ նախարարը։ 

Ուկրաինական հետախուզությունը մի քանի օր առաջ հայտարարել էր, որ Ռուսաստանի տարածքից Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների տարածք է տեղափոխվել մի քանի տանկ և ինքնագնաց հրետանային համակարգեր։ Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունում նշել էին, որ տեղափոխումն իրականացվել է երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտով։ Բացի տանկերից, ուղարկվել էր նաև վառելիք, զինամթերք, ինչպես նաև այլ սպառազինություն։ 

Այսօր ավելի վաղ նաև հայտնի դարձավ, որ ՆԱՏՕ-ն որոշել է ռազմանավեր և ավիացիա ուղարկել Արևելյան Եվրոպայի դաշինքին անդամ երկրներ, մասնավորապես՝ Բուլղարիա, Ռումինիա և Լիտվա, իսկ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտնել է, որ Ուկրաինային կտրամադրվի 1,2 միլիարդ եվրոյի վարկ և դրամաշնորհներ։

Լուսանկարը՝ Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter