HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Դեպի Հայաստանի մարզե՞ր, թե՞ Թուրքիայի նահանգներ. РИА Новости-ի շփոթեցնող վերնագիրը

Հունվարի 25-ի առավոտյան ռուսական պետական РИА Новости լրատվական գործակալությունը, հղում անելով թուրքական Hüriyyet պարբերականին, գրել էր, որ Անկարան նախատեսում է ավիաչվերթեր կազմակերպել դեպի Հայաստանի տարբեր շրջաններ (ըստ РИА Новости-ի թարգմանության) ու ընդլայնել առևտրային կապերը Երևանի հետ։

Վերնագիրն ինքնին հետաքրքիր էր, որովհետև այս պահին Հայաստանում քաղաքացիական միայն երկու գործող օդանավակայան կա, իսկ Հայաստանի մարզեր ավիաթռիչքների կազմակերպումը, բացի Գյումրիից, այս պահին անիրատեսական է, եթե առաջիկայում Կապանի օդանավակայանը չգործարկվի։

Այդուհանդերձ, ուսումնասիրելով Hüriyyet պարբերականի հրապարակումը, պարզ է դառնում, որ իրականում խոսքը ոչ թե Հայաստանի, այլ Թուրքիայի նահանգների մասին է, մասնավորապես՝ Վանի։

Հոդվածի հեղինակ Նուրայ Բաբաջանը, հղում անելով Թուրքիայի նախագահի աշխատակազմում արտաքին քաղաքականության շուրջ իրականացված փակ քննարկմանը, գրում է, որ որպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված առաջին քայլ, որոշվել է բացել ավիահաղորդակցությունը Հայաստանի հետ, իսկ այնուհետ օրակարգում կարող է դրվել այլ նահանգներ թռիչքների հարցը։

«Մասնավորապես, Վանը հայերի համար կարող է դառնալ զբոսաշրջային կենտրոն։ Միևնույն ժամանակ նախատեսվում է վերականգնել մի քանի պատմական կառույց, ինչպես օրինակ, Կարսի մոտ գտնվող կամուրջը և շենքեր, որոնց հայերը մեծ նշանակություն են տալիս»,- գրում է Նուրայ Բաբաջանը։ Հոդվածի հեղինակը հավելում է, որ հայկական սփյուռքի ճնշման նվազեցման նպատակով թուրքական կողմը որոշել է ընդլայնել Հայաստանի հետ առևտրային կապերը։

Ստացվում է, որ իրականում խոսքը Հայաստանից թուրքական նահանգներ թռիչքների գործարկման մասին է, այլ ոչ՝ Հայաստանի։

Հայաստանն ու Թուրքիան սկսել են հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցություններ։ Դեռ այս ամսվա հունվարի 14-ին Մոսկվայում կայացել էր Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը։ Երկու երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունները դրական էին գնահատել այդ հանդիպումը։ Հանդիպման փաստը ողջունել էին Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Եվրամիությունը, ՆԱՏՕ-ն։

Դեռ նախորդ տարվա դեկտեմբերին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման համար կողմերը նշանակելու են հատուկ ներկայացուցիչներ։ Բացի այդ, վերականգնվելու է նաև Երևանի և Ստամբուլի միջև ավիահաղորդակցությունը։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ հայկական կողմից թռիչքներ կիրականացնի Flyone Armenia-ն, իսկ թուրքական կողմից՝ Pegasus Airlines-ը։

Չնայած ընդհանուր սահմանին՝ Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ։ 1993 թվականից Թուրքիան փակել է Հայաստանի հետ սահմանը։ 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրի արտաքին գործերի նախարարները ստորագրել էին «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները, սակայն այդ փաստաթղթերը չէին վավերացվել երկու կողմի խորհրդարանների կողմից։ 2018 թվականի մարտի 1-ին Հայաստանը հայտարարել էր հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգի դադարեցման մասին։

                                                              Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter