
Մևլյութ Չավուշօղլու. «Վիեննայում հանդիպման անցկացման գաղափարը հայկական կողմինն է»
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների երկրորդ հանդիպման վայրը Վիեննան ընտրելը հայկական կողմի նախաձեռնությունն է։ Այդ մասին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն։
Թուրքական դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ Հայաստանն առաջարկել է հանդիպումն անցկացնել կամ Ավստրիայում, կամ էլ Շվեյցարիայում։ «2009 թվականին արդեն իսկ եղել են անհաջող բանակցություններ Ժնևում, այդ իսկ պատճառով որոշում է ընդունվել հանդիպումն անցկացնել Վիեննայում»,- հայտարարել է Չավուշօղլուն։
Նա նշել է, որ Անկարան Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին և հայկական կողմի հատուկ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին պաշտոնապես հրավիրել է մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին, որը կկայանա մարտի 11-13-ը։
Հայկական կողմը հայտարարել է, որ դեռևս վերջնական որոշում չունի մասնակցության առումով։
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայացել էր հունվարի 14-ին՝ Մոսկվայում։ Երկու երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունները դրական էին գնահատել այդ հանդիպումը։ Հանդիպման փաստը ողջունել էին Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Եվրամիությունը, ՆԱՏՕ-ն։
Դեռ նախորդ տարվա դեկտեմբերին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման համար կողմերը նշանակելու են հատուկ ներկայացուցիչներ։ Բացի այդ, կվերականգնվեր նաև Երևանի և Ստամբուլի միջև ավիահաղորդակցությունը։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ հայկական կողմից թռիչքներ կիրականացնի Flyone Armenia-ն, իսկ թուրքական կողմից՝ Pegasus Airlines-ը։ Flyone Armenia-ն Ստամբուլ առաջին չվերթն իրականացրեց փետրվարի 2-ին։
Չնայած ընդհանուր սահմանին՝ Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ։ 1993 թվականից Թուրքիան փակել է Հայաստանի հետ սահմանը։ 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրի արտաքին գործերի նախարարները ստորագրել էին «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները, սակայն այդ փաստաթղթերը չէին վավերացվել երկու կողմի խորհրդարանների կողմից։ 2018 թվականի մարտի 1-ին Հայաստանը հայտարարել էր հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգի դադարեցման մասին։
Լուսանկարը՝ Anadolu գործակալության
Մեկնաբանել